Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Արծրունին` Մովսես Գորգիսյանի աճյունի տեղափոխման հարցի առիթով. «Ընտանիքի անդամների կարծիքը պիտի հաշվի առնել»

Օգոստոս 25,2014 16:19

Պարույր Հայրիկյանի առաջարկը`  ազգային հերոս Մովսես Գորգիսյանի աճյունը Ծիծեռնակաբերդից Կոմիտասի անվան Պանթեոն տեղափոխելու վերաբերյալ վերջին օրերին թեժ քննարկումների պատճառ դարձավ:

Aravot.am-ի հետ զրույցում Մովսես Գորգիսյանի այրին` Ռուզան Գորգիսյանն իր վրդովմունքն էր հայտնել  այդ նախաձեռնության մասին. «Երկար տարիներ որոնումների մեջ եմ եղել, թե որտեղ պիտի տեղափոխեն Մովսեսին, պարզապես տեղափոխման այդ գաղափարն արդեն ամենածանր հոգեվիճակներն է ստեղծում: Այնպես որ, դա Հայրիկյանի նախաձեռնությունը չէ, ինչպես միշտ ինքն է ասում՝ առաջինը ես ասացի, առաջինն ինքը չի ասել: Ես այդ ուղղությամբ քայլեր արել եմ, բայց ոչ նրա համար, որ Հայրիկյանն է այդպես կամենում: Ինձ համար Հայրիկյանը որպես արժեք գոյություն չունի վաղուց ի վեր և նրա բոլոր առաջարկներին ես նայում եմ որպես հրեշի առաջարկներ և բնականաբար իր հրեշագործությունները պիտի շարունակեր Մովսեսի նկատմամբ ունեցած հալածանքով: Այն օրերին, երբ ՀՀ անկախությունը վտանգված է, թիվ մեկ խնդիրը Հայրիկյանը համարում է անկախության ջահակրի շիրիմի տեղափոխությունը»: Այնուհետև Ռուզան Գորգիսյանը իր վիրավորվածությունը չթաքցնելով նշել էր. ««Գուցե դստեր աչքերի՞ն նայեր, հետո՞ նման առաջարկություն աներ»:

Պարույր Հայրիկյանը Aravot.am-ի հետ զրույցում նշել էր, որ դա ընտանիքի խնդիրը չէ:
Երգիչ, երգահան Վահան Արծրունին Aravot.am-ի հետ զրույցում հակառակը պնդեց. իհարկե, ընտանիքի կարծիքը պետք է հաշվի առնել: Մեր հարցին` նպատակահարմար համարո՞ւմ է ազգային հերոսի աճյունը Ծիծեռնակաբերդից Պանթեոն տեղափոխելը, Վահան Արծրունին պատասխանեց. «Ազգային հերոսի ապրածը պարզապես կյանք չէ, դա դառնում է նշանային համակարգի մի հանգրվան, որը պիտի ապագայում երկրի քաղաքացի ձևավորի»:

Երգահանը կարծում է, որ ընդհանրապես, ազգային հերոսի աճյունը պետք է հանգրվանի այդ երկրում, իսկ թե որ գերեզմանատանը, դա «տեխնիկական հարց է, այնքան էլ էական չէ»:

Վահան Արծրունին չբացառեց Ռուզան Գորգիսյանի այն կարծիքը, թե քաղաքական դրդապատճառներով է Պարույր Հայրիկյանը նման հայտարարություն արել ու շեշտեց. «Բայց այստեղ կան անձնական գործոններ. ընտանիքի վերաբերմունքն ու կարծիքը պետք է հաշվի անել: Եթե ընտանիքը դեմ է, ինչպե՞ս կարելի է դա անել»: Շարունակելով՝ Վահան Արծրունին ասաց. «Դա մեր ողբերգություններից մեկն է. ունենալով այդ հարստությունը, նշանային բովանդակությունը, այդպիսի անհատականությունները, երբ մտնում են պատմության մեջ, որոշակի պատմական թելադրանքներով փորձում ենք քաղաքականացնել: Նույնը Կոմիտասի աճյունը: Կոմիտասի կիսանդրին, որը տեղադրված է Պանթեոնում, աշխարհիկ կերպով է քանդակված, որն իր էությանը չի համապատասխանում: Հասկանում ենք, որ ժամանակին` երեսունհինգ թվականին տիրող քաղաքական իրադրության հետևանքն էր, ժամանակ է անցել է, բայց նաև այսօր դառնությամբ ենք դրա մասին խոսում: Այս պարագայում, քանի դեռ կան ընտանիքի անդամներն ու ազգականները, իհարկե, իրենց կարծիքն է պետք հաշվի առնել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031