Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետարանում տեղի ունեցած գործակարգավարական խորհրդակցության վերաբերյալ

Օգոստոս 25,2014 15:50

Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներում ուժեղացված հսկողություն է իրականացվում սննդի որակի ապահովման և պահպանման ուղղությամբ: Այս մասին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Զեկուցվել է նաև, որ Երևանի քաղաքապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովի կողմից, որում ներգրավված են նաև ՀՀ գյուղատնտեսության և առողջապահության նախարարությունների համապատասխան ծառայությունները, ստուգայցեր են կազմակերպվել նախադպրոցական ուսումնական հաստատություններ: Լաբորատոր փորձաքննության ուղարկված բոլոր մթերքները եղել են օգտագործման համար պիտանի: Նշվել է նաև, որ մանկապարտեզներում սննդի ընդունման համար պատասխանատու անձանց համար (բուժքույր, տնտեսվար, տնօրեն) կազմակերպվելու են հատուկ վերապատրաստումներ:

«Երեք տարի շարունակ Երևանի քաղաքապետարանը հետևողական աշխատանք է տանում մանկապարտեզներում սննդի որակի ապահովման ուղղությամբ: Եվ այսօր իսկապես անընդունելի է, որ այսքան ջանքերից հետո անբարեխիղճ մի մատակարարի պատճառով ստվեր ընկավ մեր աշխատանքի վրա: Ըստ այդմ՝ եղեք ավելի խիստ, ու եթե որևէ մանկապարտեզում հայտնաբերվի սննդի պահպանման պայմանների կամ ժամկետների խախտման դեպք, ապա, վստահեցնում եմ, որ պատասխանատուները խստորեն կպատժվեն: Երեխաների սննդի հետ կապված որևէ մեկը իրավունք չունի անգամ չնչին թերացում թույլ տալու: Խորհրդակցություն հրավիրեք և բոլոր պատասխանատուներին մեկ անգամ ևս խստորեն զգուշացրեք լինել ավելի ուշադրիր ու հետևողական»,-ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու հավելել, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հետ ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ այսուհետ հաղթող ճանաչված ընկերությունների կողմից մատակարարվելիք սննդամթերքի նմուշները պարտադիր կուղարկվեն փորձաքննության:

Ուսումնական տարվան ընդառաջ տարվող նախապատրաստական աշխատանքների հետ կապված զեկուցվել է, որ գույքագրվել են ուսումնական բոլոր հաստատությունների, այդ թվում մանկապարտեզների, դպրոցների, բուհերի հարակից տարածքներն ու 239 հատվածներում արդեն իսկ համապատասխան գծանշումներ են կատարվել: Դպրոցների և մանկապարտեզների բուժկետերն էլ ապահովվել են առաջին բուժօգնության անհրաժեշտ դեղորայքով և պարագաներով:

Քաղաքապետը հանձնարարել է հատուկ հսկողության տակ պահել տարրական դասարանների աշակերտներին անվճար դասագրքերի բաշխման գործընթացը:
Նոր ուսումնական տարին բարձր մակարդակով դիմավորելու և երեխաների անվտանգությունն ապահովելու նպատակով սեպտեմբերի 1-ից 30-ը կհայտարարվի անվտանգ երթևեկության միամսյակ և կրթօջախների հարակից տարածքներում ճանապարհային ոստիկանության հետ ուժեղացված հսկողություն կսահմանվի:
Հաշվի առնելով սեպտեմբերի հատկապես առաջին օրերին տրանսպորտի գերծանրաբեռնված աշխատանքը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է համապատասխան քայլեր ձեռնարկել հասարակական տրանսպորտի կանոնավոր աշխատանքի ապահովման ու քաղաքացիների պատշաճ ուղևորափոխադրում իրականացնելու ուղղությամբ:

Ավարտական փուլում են գրադարանների, երաժշտական ու արվեստի դպրոցների, ինչպես նաև մանկապարտեզների հիմնանորոգման և վերանորոգման աշխատանքները: Զեկուցվել է, որ կրթամշակութային 57 հաստատությունների մեծ մասում աշխատանքներն արդեն ավարտվել են: Քաղաքապետը հանձնարարել է մինչ ավարտական ակտերի ստորագրումը մեկ անգամ ևս մանրակրկիտ ուսումնասիրել կատարված աշխատանքի որակը:
Մայրաքաղաքում ընթացող կանաչապատման աշխատանքների մասով զեկուցվել է, որ բոլոր վարչական շրջաններում շարունակվում են սիզամարգերի խնամքի աշխատանքները: Հատուկ ուշադրություն է դարձվում կրթամշակութային և առողջապահական հաստատությունների կողմից իրենց հարակից տարածքների բարեկարգմանն ու կանաչապատմանը: Նշվել է նաև, որ աշխատանքներ են տարվում 2015 թվականին կանաչ տարածքների ընդլայնման հնարավոր վայրերի գույքագրման, ինչպես նաև անտառային շերտի վերականգնման ծրագրերի մշակման ուղղությամբ:

Կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցել է, որ ամենօրյա հսկողություն է իրականացվում մայրաքաղաքի փողոցների, մայթերի, բակերի, զբոսայգիների և մարդաշատ այլ վայրերի մաքրման և մշտական պատշաճ վիճակի ապահովման ուղղությամբ: Զեկուցվել է նաև, որ սանմաքրման և ախտահանման համալիր աշխատանքներ են տարվում բամաբնակարան բնակելի շենքերում: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, տարվող աշխատանքները բավարար և գոհացուցիչ չհամարելով, վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է աշխատանքները պահել խիստ հսկողության տակ:

«Մեր համաքաղաքացիների արդարացի պահանջն է մաքուր քաղաք ունենալը, որին հասնելու համար անհրաժեշտ է, որ սանմաքրման ձեռնարկություններն առավել ակտիվ և արդյունավետ աշխատեն: Այստեղ մեծ անելիք ունեն վարչական շրջանների ղեկավարները: Անձամբ այցելեք սանմաքրման ձեռնարկություններ և տեղում պարզեք թերացումների պատճառներն ու քայլեր ձեռնարկեք դրանք շտկելու ուղղությամբ: Հատկապես ուշադրություն դարձրեք աղբահանությունն իրականացնող մեքենաների տեխնիկական վիճակին»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Հաշմանդամություն ունեցող անձանց ազատ տեղաշարժի ապահովման նպատակով համայնքային բյուջեի միջոցներով թեքահարթակներ կառուցելու աշխատանքների մասով զեկուցվել է, որ ծրագրով նախատեսված շուրջ 200 թեքահարթակներից արդեն իսկ կառուցվել և շահառուների օգտագործմանն է հանձնվել 100 թեքահարթակ: Բացի այդ, նախկինում կառուցված օբյեկտների 215 մուտքեր սեփականատերերի կողմից հարմարեցվել են հաշմանդամների համար և ապահովվել թեքահարթակներով: Զեկուցվել է նաև, որ փողոցների հիմնանորոգման շրջանակում ևս կապալառու կազմակերպությունների կողմից իրականացվում են թեքահարթակների կառուցման աշխատանքներ:

Քաղաքապետը հանձնարարել է գույքագրել նաև փողոցների հիմնանորոգման շրջանակում կառուցվող թեքահարթակներն ու շահառու կազմակերպությունների ներկայացուցիչների հետ գնահատել դրանց համապատասխանությունը սահմանված չափորոշիչներին:

Երևանի քաղաքապետարան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031