«Միջին Արեւելքը ապաքրիստոնեացման ընթացքի մեջ է, Արաբական գարունն արդեն դիմափոխված է այլ զարգացումների»,- այսօր` օգոստոսի 25-ին, «Նոյյան տապան» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Ազդակ» օրաթերթի խմբագիր Շահան Գանտահարյանը:
Նա կարծում է, որ ստեղծված իրավիճակում վտանգված է ոչ միայն ամբողջ տարածաշրջանը, այլ նաեւ ամբողջ աշխարհը: Եվ ըստ նրա` իսլամիստների գործողությունները սպառնում են ոչ միայն քրիստոնյաներին, այլ նաեւ այլ կրոնի ներկայացուցիչներին, որի ապացույցն է եզդիների հետ կատարվածը:
Պարոն Գանտահարյանը նշեց, որ Միջին Արեւելքում ստեղծված իրավիճակի արդյունքում տուժում է հայկական համայնքը եւ հայաթափություն է տեղի ունենում.
«Մեր ամենակազմակերպ գաղութները նոսրացման մեջ են, եւ պետք է նաեւ նկատել, որ Միջին Արեւելքից` Իրանից, Իրաքից, Սիրիայից, Եգիպտոսից գնացողները դեպի Արեւմուտք, կարելի է ասել, որ հայկական կյանքին նոր եռանդ են տալիս, բայց այսօր, որ Հայաստանի Հանրապետությունը կա, այդ տագնապն ավելի նվազել է, որովհետեւ այստեղ նաեւ սփյուռքի պահպանման խնդիրն է»:
Կարդացեք նաև
Շահան Գանտահարյանը նշեց, որ միակողմանի տեղեկատվական պատերազմ է տեղի ունենում, եւ ստեղծված իրավիճակում նա շատ է կարեւորում օբյեկտիվ լրագրությունը.
«Այդ պատճառով ճիշտ եմ համարում արագ լուր թողարկելը, բայց այս դեպքում, երբ հայ համայնքի հետ կապված խնդիրներ են հավաստիությունը շատ-շատ կարեւոր է` ընդհանուր մթնոլորտը հակախուճապային պահելու առումով»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ