Լրահոս
Օրվա լրահոսը

Ավազակային հարձակում կատարելու համար դատվում է …դեպքից 11 տարի անց

Օգոստոս 25,2014 15:22

Լոռու մարզի Օձուն գյուղի բնակիչ, 1979թ. ծնված Հայկ Մադոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի բնակիչ Մերուժան Նալբանդյանի գույքը հափշտակելու նպատակով նախապես հանցավոր համաձայնության է եկել Ալավերդի քաղաքի բնակիչ Սուրեն Մնացականյանի հետ, 2003թ. հոկտեմբերի 11-ին, ժամը 22.30-ի սահմաններում նրանք մուտք են գործել Մ. Նալբանդյանի հայրական տուն, ատրճանակով եւ դանակով զինված հարձակվել են նրա վրա եւ նրա կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով, դանակի եւ ատրճանակի բռնակներով հարվածներ են հասցրել գլխի տարբեր մասերին, ձեռքերը եւ ոտքերը կապելով հափշտակել են նրա 505 հազար 303 դրամ 92 լումա փոխարժեքով 891 ԱՄՆ դոլարը, 54 հազար 12 դրամ փոխարժեքով Վրաստանի հանրապետության 200 լարին, 16 հազար 884 դրամ փոխարժեքով ՌԴ 900 ռուբլին, 133 հազար 600 եւ 50 հազար դրամ արժողությամբ «Սիմենս» տեսակի հեռախոսները:

Ինչպես տեղեկացնում է «Դատալեքս» կայքը, Մ. Նալբանդյանին ընդհանուր առմամբ պատճառվել է մոտ 759 հազար 800 դրամ նյութական վնաս: Հ. Մադոյանը Ս. Մնացականյանի հետ ավազակային հարձակման ժամանակ դիտավորյալ ոչնչացրել է Մ. Նալբանդյանի 15 հազար դրամ արժողությամբ գույքը` մրգեղենի սկահակը, բաժակների հավաքածուն եւ հեռախոսի լսափողը: Բացի այդ, Հայկ Մադոյանը ապօրինի կերպով ձեռք է բերել հրազեն հանդիսացող ինքնաշեն ատրճանակ եւ ռազմամթերք հանդիսացող 5,6 մմ տրամաչափի փամփուշտներ:

Հայկ Մադոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով, 185 հոդվածի 1-ին մասով, 235 հոդվածի 1-ին մասով: Մադոյանը նախկինում դատապարտվել է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 100-րդ եւ 15-99 հոդվածի 4-րդ մասով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Իրավապահ աղբյուրներից տեղեկացանք, որ Բագրատաշենում ավազակային հարձակում կատարելուց հետո Հ. Մադոյանը գտնվել է հետախուզման մեջ, իսկ նրա հանցակից Ս. Մնացականյանը մոտ 4 տարի առաջ դատապարտվել է ավազակային հարձակման համար:

Հ. Մադոյանի դատավարությունը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում կմեկնարկի օգոստոսի 28-ին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031