Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հալիձորում քիչ թվով զբոսաշրջիկներ են կանգ առնում

Օգոստոս 25,2014 15:15

Սյունիքի մարզ այցելող զբոսաշրջիկների թիվը թեեւ տարեցտարի ավելանում է եւ Տաթեւը Հալիձորին կապող ճոպանուղի նստողների թվի աճ է գրանցվում ամեն տարի, բայց գյուղացիների պատմելով` Հալիձոր գյուղում շատ քիչ թվով զբոսաշրջիկներ են կանգ առնում:

Հալիձորի գյուղապետ Մարատ Գերասիմյանի փախանցմամբ` 120 տնտեսություն ունեցող գյուղում ընդամենը 2 հյուրատուն է գործում եւ եւս 4 տուն էլ հնարավորություն ունի հյուրեր ընդունելու, իսկ մյուս բնակիչները հետաքրքրված չեն զբոսաշրջիկներ հյուրընկալելով:

«Գյուղապետարանը, «Տաթեւի վերածնունդ» հիմնադրամը պատրաստ են նման հարցերով միշտ սատար կանգնել, ուղղակի մեր բնակիչների կողմից նախաձեռնությունները քիչ են: Չեն մտածում, որ կարող են զբոսաշրջիկներին հյուրընկալելով, մշակութային վայրեր ցույց տալով, կավ թրծելով, լավաշ թխելով կամ ավանդական ուտեստներ հյուրասիրելով եւ տարբեր ցուցահանդես կազմակերպելով եկամուտ ստանալ: Մարդկանց մտածելակերպը պետք է փոխել: Դեռ նոր է տեղից շարժվում այդ հետաքրքրությունը: Իհարկե, ֆինանսի բացակայությունն էլ է խանգարում, որ մարդիկ կարողանան իրենց տները կարգի բերել, բայց դա երկրորդական է, հիմնականում իրենց մտածելակերպի հարցն է…», – հավաստիացրեց Հալիձորի գյուղապետը եւ հավելեց, որ Հալիձորը հարուստ պատմամշակութային ժառանգություն ունի եւ զբոսաշրջիկներին կարող է գրավել իր տեսարժան վայրերով:

Գյուղից 2 կմ դեպի հարավ-արևմուտք նշանավոր Հարանց Անապատն է գտնվում, իսկ շրջակայքում «Խաչին խութ» կոչվող եկեղեցին, «Հին Հալիձոր» գյուղատեղին, «Պողոց-Պետրոս» մատուռը, ինչպես նաև բազմաթիվ խաչքարերով գերեզմանոցը։

Որոտանի ձախ ափին, այգիների մեջ պահպանված է ժայռաբեկորի վրա կանգնեցված 1265թ. կալվածագիր արձանագրությունը։

««Տաթեւի վերածնունդ» հիմնադրամը եւս հետաքրքրված է զարգացնելու Հալիձորի հին գյուղատեղին, գյուղացիների հետ տարբեր քննարկումներ ենք անում, որպեսզի մեր տարածքում խթանենք զբոսաշրջության զարգացմանը: Մտադիր ենք գյուղում շուկա ունենալ, որտեղ վաճառքի կհանվի տեղական արտադրանքը:

Անցած տարի մեր այս ընդհանուր տարածաշրջան 250 հազար զբոսաշրջիկ է այցելել, որից կեսը մեր տարածքով է անցել, բայց այս պահին այդ կեսի 10 տոկոսն էլ չենք կարողանում մեր գյուղ բերել», -ավելացրեց Մարատ Գերասիմյանը եւ հույս հայտնեց, որ որոշ ժամանակ անց Հալիձորը եւս զբոսաշրջային կենտրոն կդառնա, քանի որ բազմաթիվ ծրագրեր են մշակում այդ ուղղությամբ:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031