«Լրատվամիջոցները համակարգող խորհուրդն իր հերթական նիստը գումարեց անցած ուրբաթ օրը, եւ հիմնական օրակարգը Հայկական լրատվամիջոցների համահայկական յոթերորդ համաժողովի հայկական օրակարգի ճշտումն էր»,- այսօր՝ օգոստոսի 25-ին, «Նոյյան տապան» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Ազդակ» օրաթերթի խմբագիր Շահան Գանտահարյանը:
Նա նշեց, որ համաժողովին մասնակցել է նաեւ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, վերջինս համաժողովի ընթացքում շեշտել է, որ դա այն ոլորտն է, որ բավական հետեւողական ձեւով համաժողովների միջեւ ընկած ժամանակահատվածում համակարգող խորհրդի հետեւողական նիստերով կփորձի կապ պահել եւ օրակարգ ձեւավորել:
Նա ներկաներին տեղեկացրեց, որ համաժողովի բացման արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին, իսկ սեպտեմբերի 19-ին տեղի կունենա սփյուռքի կազմակերպությունների ներկայացուցիչների ընդհանուր համաժողովը, որի ընթացքում մասնագիտական խմբերը քննարկումներ կծավալեն.
«Առ այսօր սփյուռքից կմասնակցեն 82 զանգվածային լրատվական միջոց: Չորս նիստ տեղի կունենա յոթերորդ համաժողովի ընթացքում, ընդհանուր չորս թեմայով՝ «Հայոց ցեղասպանության ճանաչման լուսաբանումը մամուլում»,«Հայոց լեզվի պաշտպանության հիմնախնդիրներն եւ հեռանկարները», «Քարոզչություն, հակաքարոզչություն: Տեղեկատվական անվտանգության հիմնախնդիրներ» եւ «Սփյուռք-հայրենիք գործակցության զարգացման միտումները եւ այդ մասին հայկական զանգվածային լրատվամիջոցների լուսաբանման հարցը»»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ