Լրահոս
Օրվա լրահոսը

Մկրտիչ Մինասյան. Քաղաքական աշունն ակտիվ կլինի, «բայց չի շիկանա»

Օգոստոս 25,2014 13:12

«Դա իրենց խնդիրն է, ես չէի ցանկանա նման կանխատեսման պատասխանատվությունն ինձ վրա վերցնել: Բայց մենք հստակ գիտենք, որ այդ քաղաքական ուժերն ունեն բավական տարբեր մոտեցումներ եւ քաղաքական հարցերի… եւ ոչ միայն քաղաքական հարցերին: Բնական եմ համարում, որ պիտի գար մի պահ, որ այդ հարցերը պիտի բարձրանան եւ տարբեր մոտեցումներ ի հայտ գան»,- «Ազդակ» մամուլի ակումբում այսօր կարծիք հայտնեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ ՄԻնասյանը`պատասխանելով Aravot.am-ի հարցին`աշնանը նախատեսվում է խորհրդարանական քառյակի հանրահավաքը, բայց ԲՀԿ-ի ու ՀԱԿ-ի մոտեցումներում արդեն իսկ տարբերություններ են նկատվում. ի՞նչ զարգացումներ կապրի մինչ համատեղ հանրահավաքը միասնական ընդդիմությունը եւ արդյոք ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի ճանապարհները կբաժանվեն մինչ այդ հանրահավաքը:

Մկրտիչ Մինասյանը նաեւ բնական է համարում, որ կարող են լինել հարցեր, որոնց վերաբերյալ այդ ուժերը նույն մոտեցումը կունենան, բայց եթե կան տարաձայնություններ, որոնք խորացման հակում ունեն, ՀՀԿ-ական պատգամավորը խորհուրդ է տալիս դրանք ընդունել իբրեւ «իրենց գաղափարախոսությանը, գործելակերպին եւ կենսափիլիսոփայությանը հարիր մոտեցում»:

Aravot.am-ի մյուս հարցին`խոսակցություններ են շրջանառվում, որ ԲՀԿ-ն դեմ չէ վերադառնալ կոալիցիա`տեղյա՞կ է բանախոսը նմանատիպ գործընթացներից, հնչեց հետեւյալ պատասխանը. «Ես այդ իրողությունից կամ տեսակետից տեղյակ չեմ, բայց մենք միշտ ասել ենք`բոլոր այն ուժերը, որոնք կցանկանան համագործակցել մեզ հետ`երկրի առջեւ ծառացած խնդիրներն ավելի արդյունավետ լուծելու համար, մենք պատրաստակամ ենք»:

ՀՀԿ-ական պատգամավորը նորմալ է վերաբերվում նրան, որ ընդդիմությունն ուժեղ լինի, կարողանա հարցեր բարձրացնել, լուծումների հասնել, բայց «բնական չեմ համարում, որ ընդդիմությունը թշնամական կեցվածք է ընդունում, ծրագրերի փոխարեն»: Aravot.am-ի դիտարկմանը, որ ընդդիմությունը 12 կետանոց ծրագրով հանդես եկավ եւ կարծես իշխանությունը չցանկացավ դրան ընդառաջ գնալ, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Էնտեղ կետեր կան, որ դուք էլ գիտեք, որ ընդառաջ գնալու չի: Կան նաեւ հարցադրումներ, որոնք քննարկման անհրաժեշտություն ունեն»: Նա չցանկացավ մասնավորեցնել, թե իր կարծիքով ընդդիմության 12 պահանջներից ո՞ր կետերն են իր համար անընդունելի. «Երբ վերջնագրի լեզվով է խոսվում, դա արդեն մոտեցում չէ: Բանակցում են, երբ փոխզիջումային մոտեցումներ կան»:

Աշնանն, ըստ իշխանական պատգամավորի, քաղաքական դաշտն ավելի ակտիվանալու է, քանզի քաղաքական մարմինը`խորհրդարանը սկսելու է իր աշխատանքը: Բայց այդ ակտիվությունն, ըստ նրա, «չի շիկանա»:

Անկախ ամեն ինչից, նա վստահ է, որ խորհրդարանի աշխատանքները սկսելուն զուգահեռ ակտիվորեն կընթանա նաեւ ԵՏՄ-ին անդամակցության գործընթացում փաստաթղթերի հարմարեցումը: Մկրտիչ Մինասյանը գտնում է, որ Հայաստանն ունի կամուրջ լինելու հնարավորություն եվրոպական եւ եվրասիական հարաբերություններում եւ եթե կարողանա ճիշտ օգտագործել իր պոտենցիալը`կհաջողի:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031