Լրահոս
Օրվա լրահոսը

Մաքսային միության կազմի մեջ մտնելուց հետո թռչնամսի արտահանման ծավալները կմեծանան (Տեսանյութ) 

Օգոստոս 25,2014 13:07

Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանն այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում ներկայացրեց հուլիսի վերջին միության կողմից Սննդի անվտանգության պետական ծառայության հետ 8 թռչնաֆաբրիկաներում աղիքային հիվանդությունների հարուցիչների հայտնաբերման համար իրականացված ստուգումների արդյունքները: Միության նախագահը տեղեկացրեց,որ ուսումնասիրությունների արդյունքում թռչնամսի նմուշներում չեն հայտնաբերվել սարմոնելայի, աղիքային ցուպիկի սահմանայինից ավելի հարուցիչներ: Բանախոսը նշեց, որ ուսումնասիրություններն իրականացվել են հինգ խոշոր ձեռնարկություններում` «Արաքս» թռչնաֆաբրիկա, Արարատի թռչնաֆաբրիկա, Նուբարաշենի թռչնաֆաբրիկա, «Ագրո Թրեք» ՍՊԸ, «Լուսակերտ ԼՂՀ» թռչնաֆաբրիկա եւ 3 միջին թռչնաֆաբրիկաներում:

Ասուլիսի ընթացքում Aravot.am-ը միության նախագահից հետաքրքրվեց, թե ի՞նչ հետագա պլաններ կան Հայաստանից թռչնամսի արտահանման ծավալները մեծացնելու հարցում, ինչին ի պատասխան պրն Ստեփանյանը, նախ ներկայացրեց, որ վերջին երեք տարիներին Հայաստանում մսի արտադրության ոլորտում դինամիկ աճ է գրանցվել` տարեկան 2.5-ից 3 տոկոս. «Հույս ունենք, որ այս տարի 7-7.5 տոկոս աճ կգրանցվի նախորդ տարվա համեմատ: Եթե տարվա 4-րդ եռամսյակում Սպիտակի թռչնաֆաբրիկան էլ սկսի գործել` ապա արտադրության ծավալների աճը կհասնի 10 տոկոսի»:

Պրն Ստեփանյանը համոզմունք հայտնեց, որ 2015 թվականին` Մաքսային միության կազմի մեջ մտնելուց հետո, թռչնամսի արտահանման համար մեծ հնարավորություններ կբացվեն. «Ռեզերվում մոտ 140 հազար ք. մ. օգտագործելի տարածք կա, որը շատ կարճ ժամանակահատվածում կարելի է վերածել արտադրության եւ ստանալ թռչնամիս»: Պրն Ստեփանյանը արտահանման հիմանական շուկան, ենթադրում է, որ կլինի Ռուսաստանը. «Մենք կարող ենք սառեցված թռչնամիս արտահանել»: Նրա խոսքով` բանակցություններ կլինեն Ռուսական կողմի հետ:

Սերգեյ Ստեփանյանը արտահանման համար միակ խոչընդոտը ինքնարժեքն է համարում. «Պետք է այնպես անենք, որ Ռուսական շուկայում մեր ինքնարժեքը բարձր չհամարվի, որպեսզի հնարավոր լինի թռչնամիսը վաճառել»:

Մանրամասն` տեսանյութում

 

 

Սպառողների միության նախագահն էլ, ասուլիսի ընթացքում անդրադառնալով թռչնարդյունաբերության բիզնեսին, նշեց, որ մեր երկրում այն ամենաշահավետ եւ արդյունավետ բիզնեսի տեսակներից է. «Չեք կարող որեւէ բան արտադրել, որը կկարողանա այդքան շուտ վերադարձնել իր արժեքը: Պատիվ չի բերում այն, որ թռչնամսի մոտ 60 տոկոսը Հայաստան է ներկրվում արտասահմանից: Պետությունը թռչնաբույծների համար պետք է համապատասխան պայմաններ ստեղծի` ոչ միայն ֆինանսական օգնության տեսքով»:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031