Ցմահ ազատազրկման դատապարտված Սողոմոն Քոչարյանի ներկայացուցիչ Ռոբերտ Այվազյանը բողոք էր բերել ՀՀ գլխավոր դատախազության մայիսի 31-ի որոշման դեմ: Այդ որոշումը պայմանավորված էր «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության նախագահի հաղորդմամբ, որում վկայակոչված է Սողոմոն Քոչարյանի վերաբերյալ քրեական գործով ՀՀ գերագույն դատարանում մեղադրանքը պաշտպանած դատախազ Ժիրայր Խառատյանի հայտարարությունը: Ըստ այդ հայտարարության («Դատախազը» վավերագրությամբ) ինքը մեղադրանքը պաշտպանելիս համաձայն չի եղել նախկին գլխավոր դատախազ Արտավազդ Գեւորգյանի դիրքորոշման հետ, որը իրեն համոզել էր, որ խստագույն պատիժը պայմանավորված է եղել Հայաստանում Իրանի դեսպանի պահանջով:
«Հետաքննող լրագրողները» պահանջել էին Սողոմոն Քոչարյանի դատավճռի վերանայման վարույթ, ինչը մերժվել էր:
Այսօր ոչ գլխավոր դատախազության ներկայացուցիչը, ոչ էլ Ռոբերտ Այվազյանը որեւէ միջնորդությամբ հանդես չեկան եւ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը մտել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ