Երևանի քաղաքապետարանի «Ջրային կառույցներ» ընկերության կողմից մայրաքաղաքում շահագործվում և սպասարկվում է 30 ջրային կառույց, այդ թվում՝ 14 շատրվան, 8 ջրավազան, Երևանյան ջրամբարն ու «Կարապի լճի» սահադաշտը, որը շահագործվել է մինչև փետրվարի 27-ը: Ամառային տարեշրջանի ավարտով պայմանավորված`հետագա անխափան աշխատանքի համար բոլոր ջրային կառույցներում ընթացել են մաքրման ու հնարավոր թերությունների վերացման, այնուհետ նաև ջրամղիչ համակարգերի ապակոնսերվացման աշխատանքները: Զուգահեռաբար թարմացվել ու նորոգվել են «Երևանյան լճի» ենթակառուցվածքները, պարբերաբար մաքրվել է աղբահավաք կայանում և ջրամբարի պատվարի վրա կուտակված աղբը:
Մայրաքաղաքի մյուս ջրային կառույցներում վերացվել են նաև դրանց գեղագիտական տեսքն ապահովող թերությունները, անհրաժեշտության դեպքում ներկվել են խողովակները, վերատեղադրվել, կամ նորերով են փոխարինվել բացակա սալիկները, վերականգնվել են պատերի, իսկ Կարապի լճում նաև հատակի քայքայված հատվածները: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ վերջին 2 տարիներին մայրաքաղաքի ջրային կառույցները գործարկվել են մայրության և գեղեցկության օրը` ապրիլի 7-ին: Հաշվի առնելով Հանրապետության հրապարակի գունաերաժշտական շատրվանների նշանակությունը` ընթացիկ սպասարկմանը զուգահեռ, չորեքշաբթի օրերին շատրվանը չի գործում`սանիտարական ընդհանուր մաքրման նպատակով: Բոլոր շատրվաններն ու ջրավազանները տարեշրջանի ընթացքում հաստատված ժամանակացույցով ամիսը 4 անգամ լվացվում և մաքրվում են: Քլորացումն արվում է ամեն օր: Ելնելով եղանակային պայմաններից՝ օգոստոս ամսին իրականացվել են նաև լվացման և քլորացման արտահերթ աշխատանքներ: Բոլոր ջրային կառույցներում տեղադրվել են լողալն արգելող նոր ցուցանակներ: Բացի այդ, ստեղծվել է շրջիկ հերթապահ խումբ` երեխաների լողը ջրավազաններում կանխելու կամ արդեն լողացող երեխաներին ջրից դուրս բերելու և հնարավոր հետևանքների մասին բացատրական աշխատանք տանելու նպատակով:
Երևանի քաղաքապետարան