Լրահոս
Օրվա լրահոսը

Կոմիտասի համար գումար չկա՞, «տիտուլայինների» համար կա՞

Օգոստոս 25,2014 12:23

Օգոստոսի 27-ին ժամը 19.00-ին Կամերային երաժշտության տանը կանցկացվի «Կոմիտաս. Վերապրում» համերգային միջոցառումը: Տարին հոբելյանական է, նշվելու է Կոմիտասի 145-ամյակը:

Համերգին կհնչեն Գրիգոր Առաքելյանի կոմիտասյան երաժշտության մշակումները և Վահան Արծրունու «Կոմիտաս. տասը հայտնություն» երգաշարը՝ գրված Կոմիտասի բանաստեղծությունների հիման վրա:

Համերգին հանդես կգա Գրիգոր Առաքելյանը՝ հայկական վիոլա, Հասմիկ Բաղդասարյան՝ մեներգ, Էմմանուել Հովհաննիսյան՝ դուդուկ, Նելլի Մանուկյան՝ ֆյետա, Վահան Արծրունի՝ մեներգ, կիթառ: Հանդես կգա նաև «Les Violons d’Armenie»
լարային քառյակը:

Երգիչ, երգահան Վահան Արծրունին նշեց, որ բացի «տիտուլային» միջոցառումներից, որոնց մասին ոչ ոք ոչինչ չի լսել, իրենք փորձել են նոր խոսք ասել՝ համախմբվելով «կոմիտասյան երևույթի շուրջ»: Պարոն Արծրունին նշեց. «Սա երաժշտական մեծ խաչմերուկ է, որտեղ ոչ թե ժանրային առանձնահատկություններն են, այլ այն վիճակը, որ ստեղծվում է բեմի վրա»:

Կոմպոզիտոր, դիրիժոր, հայկական վիոլայի կատարող Գրիգոր Առաքելյանը խոսեց համերգի առանձնահատկության մասին. «Մեր բոլոր դասական խմբերը սովորաբար կատարում են Կոմիտաս, նա ավելի շատ ներկայանում է որպես կոմպոզիտոր: Այս համերգին փորձելու ենք մատուցել կոմիտասյան մոտեցում ու մտածողություն: Նա մեզ համար ոչ թե զուտ կոմպոզիտոր է, այլ մտածելակերպ»:

Պարոն Արծրունին նշեց, որ իրենք ինքնուրույն են իրենց նախաձեռնությունը կյանքի կոչել, իրենց ոչ ոք չի օգնել: Aravot.am-ի հարցին՝ արդյոք նման միջոցառումները չպե՞տք է պետական ֆինանսավորում ստանան, մանավանդ, որ մեր պետությունը պատրաստ էր Նունե Եսայանի համերգի համար միլիոններ ծախսել, իսկ Կոմիտասի համար գումար չկա՞: Վահան Արծրունին նշեց, որ իրենց չեն էլ դիմել Մշակույթի նախարարությանը ու շարունակեց. «Չեմ կարծում, որ արվեստագետը պիտի դիմի մշակույթի նախարարությանը, մշակույթի նախարարության ֆունկցիաներից մեկը արվեստագետին գտնելն է և նրա համար պայմաններ ստեղծելը, քանի որ այդ երկու սկզբունքներից էլ մշակույթի նախարարությունը հեռու է: Մենք՝ որպես արվեստագետ, ոչ մի սպասում էլ չունենք, դրա համար էլ մենք ոչ դիմում ենք, ոչ էլ սպասում: Իհարկե, մենք ակնկալում ենք՝ սա պիտի այնպիսի մի տոն լինի, ամբողջ ազգը ապրի այդ հանգամանքով: Մենք երկար սպասում էին, հետևում էինք ընդհանուր դաշտին, կան հաստիքային արվեստագետներ, որոնք առարկում ու ասում են, թե մեծ միջոցառումներ են սպասվում, բայց ես ինչքանով հարցուփորձ եմ արել, կամ գաղտնի է պահվում այդ ծրագիրը, կամ հերթական գալոչկա դնելու հանգամանք է լինելու նրանց համար: Եթե նույն դրսևորումը, ինչ ունեցան Մեսրոպ Մաշտոցի հանդեպ, ունենանք, այս պարագայում շատ ցավալի կլինի: Մենք սպասել չենք կարող, սրա պատճառով էլ նախաձեռնել ենք այս համերգը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031