Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Եվրոպան եւ մենք. «Ես տղա եմ, ինձ պալոժ չի»

Օգոստոս 25,2014 15:30

Սելեկտիվ աբորտների մշակութային հիմքերը

Հայաստանի տղամարդ վարորդների մեծ մասը վստահ է, որ իրենք ավելի լավ են մեքենա վարում, քան կանայք: Երբ մարդիկ չեն կարողանում ինքնահաստատվել այլ ոլորտներում, նրանք իրենց թվացյալ առավելությունները ցանկանում են տեսնել «սեքսիզմի» ոլորտում եւ տվյալ պարագայում արհամարհական-հայհոյական ազդանշաններ են տալիս, թե իբր քո ինչ գործն է մեքենային ղեկին նստելը: «Մեզ, տղերքիս, պալոժ չի շարքը փոխելիս մարգատել միացնելը, բայց հլը տես, էն ավտոն միացնում ա: Հաստատ աղջիկ ա ռուլին նստած, հա էլի, դե, կին արմատ ա, դրանց ո՞վ ա պրավա տալի»:

Այդպիսով տղամարդ վարորդները վիճակագրորեն դառնում են ավելի վտանգավոր, քան կանայք՝ նաեւ այն պատճառով, որ արական սեռի ներկայացուցիչների մի մասը մեքենա վարելուն զուգահեռ փորձում է ապացուցել, որ կանայք քշել չգիտեն, այսպես ասած՝ «դաս տալ» իգական սեռին, ապացուցել, որ վերջինս այս «տղամարդկային» գործով չպիտի զբաղվի:

Վերցնենք մեկ այլ ոլորտ՝ լրագրությունը, որտեղ, ինչպես հայտնի է, կանայք ճնշող մեծամասնություն են կազմում: Ոմանք դա բացատրում են ցածր աշխատավարձով: Բայց լրագրողները Հայաստանի մասշտաբով այնքան էլ վատ չեն վարձատրվում. միջին աշխատավարձը 150-200 հազար դրամ է: Իհարկե, այդ գումարով «Ռոլս-Ռոյս» չես առնի եւ Կանարյան կղզիներ չես գնա հանգստանալու: Բայց մեր երկրում քանի՞ հազար գործազուրկ տղամարդիկ կան, որոնք նման աշխատավարձ ստանալու դեպքում չեն գնա «խոպան»:

Մեր մասնագիտության մեջ աղջիկների գերակայության պատճառն, իմ դիտարկումներով, այլ տեղ է պետք փնտրել: Գործատուներին ավելի ձեռնտու է աշխատանքի վերցնել աղջիկներին ոչ թե ցածր աշխատավարձի պատճառով, այլ՝ որովհետեւ աղջիկներն ավելի բարեխիղճ են, ավելի կարգապահ, ավելի կազմակերպված: Լրագրողի աշխատանքը, ինչպես հայտնի է, կապված է ամեն օր վազվզելու, խմբագրության առաջադրանքները կատարելու հետ: Տղաները, մանավանդ, երբ դուրս են գալիս ուսանողական տարիքից, իրենց համար «պալոժ չեն համարում» այդ վազվզոցը, դրա մեջ իրենց տղամարդկային արժանապատվությունը ստորացնող բան են տեսնում:

Ինչպես եւ վարորդների դեպքում, ամեն ինչ պայմանավորված է դաստիարակությամբ, մեծ հաշվով՝ մշակույթով: Այստեղ չկա որեւէ ֆիզիոլոգիական խնդիր, որովհետեւ, վերջին հետազոտությունների համաձայն, մարդու ուղեղի կառուցվածքը եւ գործառույթները պայմանավորված չեն սեռով: Չկա նաեւ ազգային առանձնահատկության խնդիր, որովհետեւ Եվրոպայում ապրող եւ աշխատող հայ տղամարդկանց մեծ մասը չունի այդ նախապաշարումները: Սելեկտիվ աբորտների զազրելի երույթը, երբ տղա երեխաներն ավելի գերադասելի են համարվում, քան աղջիկները, անշուշտ, նման նախապաշարումների հետեւանք է: Այդ երեւույթի միակ «հակաթույնը» լուսավորչական աշխատանքն է, կարծրատիպերը հաղթահարելը, որովհետեւ բժիշկներին պարտադրել, որ նրանք չասեն ապագա երեխայի սեռը՝ Հայաստանի պայմաններում միամտություն է:

«Տղան թիկունք կլինի իմ կյանքում»՝ չեմ հասկանում դա ի՞նչ է նշանակում: Կօգնի գյուղատնտեսական աշխատանքներո՞ւմ: Իսկ աղջիկը չի՞ օգնի: Վերջերս հեռավոր գյուղում շփվում էի հինգ տարեկան մի աղջկա հետ, որը մեր խոսակցությունն ընդհատում էր կենդանիների հետ կապված մեծերի բոլոր առաջադրանքները կատարելով: Եվ հետո՝ մի՞թե դուք մարդ եք լույս աշխարհ բերում՝ «ձեզ թիկունք կանգնելու» եւ «ծերության օրոք մի բաժակ ջուր տալու» համար: Սա, ինձ թվում է, ծայրահեղ էգոիզմի դրսեւորում է:
Սելեկտիվ աբորտները կվերանան այն ժամանակ, երբ հայ մայրերը կդադարեն դողալ իրենց որդիների համար ավելի շատ, քան աղջիկների, կդադարեն իրենց տղաներին աստվածացնել եւ երես տալ՝ պատճառաբանելով «դե, տղա երեխա է»: Այդ «տղա երեխաներից» մեծանում են տղամարդիկ, որոնք իրենց բարձր են դասում իգական սեռից եւ որոնք դրդում են իրենց կանանց լույս աշխարհ բերել միայն տղաներին:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.08.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աբո says:

    Սելեկտիվ աբորտները՝կատարում են անվողնաշար տղամարդիկ:Նրանք վախենում են,որ աղջիկը կմեծանա և հանկարծ շրջապատից ինչ որ մի անդաստիրակ, աղջկա հասցեին մի սուտ անբարոյական պատմություն կտարածի և դրանով կգցի հոր պատիվը:Նորմալ հայրը պարզապես կգնա և նմամ անբարոյական պատմություններ տարածողի հարցերը կլուծի:
    Եվրոպայում կանայք իրենց ավտոմեքենայի ետնամասու,նշան են կպցնում,որ ղեկին կին է. ճիշտն ասաց ես այտ մեքենաներից պարզապես անցնում եմ 🙂
    Շենքիս տակի կարի արտելում 5-ը կին են աշխատում, մի օր տեսնեմ երկու տղամարթ արտելի պատուհաններն են լվանում (հատուկ ծառայությունա),հարցրի՝ 5-ը կին աշխատում եք ձեր երկու լուսամուտը չե՞ք կարում լվանալ,ասեցին մենք մեր գործնենք անում,իրանքել իրենց 🙂

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031