Լրահոս
Օրվա լրահոսը

Աբխազական երկաթուղու վերագործարկման հնարավորություննե՞ր են երեւում

Օգոստոս 25,2014 15:00

Հայաստանի եւ Վրաստանի միջեւ վիզային ռեժիմ չի գործի

Երեկ ավարտվեց Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակության երկօրյա այցը Հայաստան: Վրացական լրատվամիջոցների հրապարակումների համաձայն, հայ-վրացական բանակցությունների գլխավոր թեմաներից մեկը պետք է դառնար երկու երկրների միջեւ վիզային ռեժիմի հարցը: Սեպտեմբերի 1-ից 90 օրից ավելի Վրաստանում մնալ ցանկացող բոլոր օտարերկրացիները, անկախ այցի բնույթից, պետք է համապատասխան վիզա ստանան իրենց երկրում գործող Վրաստանի դիվանագիտական ներկայացուցչությունից կամ հյուպատոսական ծառայությունից։ Մինչդեռ, կառավարական պատվիրակությունների հանդիպումից հետո երկու երկրների կառավարությունների ղեկավարները լրագրողների համար արված հայտարարության ժամանակ չանդրադարձան վիզային ռեժիմի հարցին: «Առավոտի» հետ զրույցում ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանն ասաց, որ իրականության մեջ մենք ավելի շատ փորձում ենք բարձրացնել խնդիրը, քան այն գոյություն ունի. «Վստահ եմ, որ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ վիզային ռեժիմն այն գաղափարով, որով մենք պատկերացնում ենք, երբեւէ չկա: Խնդիրն ուռճացված է, քանի որ երկու երկրներում էլ գիտակցում են, որ աննորմալ է Հայաստանի եւ Վրաստանի միջեւ վիզաների սահմանումն այն կարգով, ինչպես օրինակ Հայաստան-ԵՄ կամ Հայաստան-ԱՄՆ: Խնդիրը կարող է լինել աշխատանքային թույլտվությունների կամ վիզաների գաղափարով: Եթե որեւէ մի քաղաքացի երկարաժամկետ աշխատանք է վաստակել Վրաստանում, ինքը պետք է դիմի եւ ստանա այդ աշխատանքն անելու թույլտվություն: Ինչը շատ նորմալ է»: Մեր զրուցակիցը գտնում է, որ լավ կլիներ, որ Հայաստանն էլ նման թույլտվություններ սահմաներ՝ մեր երկրում աշխատող օտարերկրացիների համար:

MHM89743

Պատգամավորի կարծիքով, եթե անգամ մեկ օրվա ընթացքում Վրաստանը դառնա ԵՄ անդամ, պետք չէ մոռանալ, որ Հայաստանն այժմ մի գործընթացում է, որ Հայաստան մուտք գործող ԵՄ քաղաքացիներն արդեն վիզա չեն ստանում ու մի քանի տարիների ընթացքում արդեն կհասնենք ընդհանրապես առանց վիզային ռեժիմի փոխայցելությունների: «Դրանք գործընթացներ են, որոնցում երկու երկրների կառավարությունները, ովքեր էլ լինեն այդ պաշտոններին, գիտակցելով իրավիճակը, հարեւան լինելը, նախկին կապերը, համատեղ բիզնեսները, այն, որ Հայաստանից այսօր զբոսաշրջիկների մեծաթիվ քանակ է այցելում Վրաստան եւ այլն, անելու են ամեն ինչ, որ հայ-վրացական սահմանը հատող հայերն ու վրացիները երբեւէ որեւէ բարդություն չունենան: Հնարավորությունները ոչ թե պետք է սահմանափակել, այլ՝ ընդլայնել»,- ասաց մեր զրուցակիցը:

Ընդհանուր առմամբ, այցը, մեր զրուցակիցը դրական է բնութագրում, քանզի քննարկվել են հետագա համագործակցություններին, ապրանքաշրջանառությանը եւ տնտեսական հարաբերություններին առնչվող հարցեր, փորձ է արվել կապող օղակներ գտնել երկու շուկաների սինխրոնիզացման համար, ինչը էական է՝ երկու երկրների ընտրած տարբեր քաղաքական ուղղությունների պարագայում: Խորհրդարանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ քննարկվել է տարբեր միջազգային պառլամենտական ֆորումներում երկու երկրների խորհրդարանականների ակտիվ համագործակցության մասին: Մեր զրուցակիցը չի բացառում, որ առաջիկայում նաեւ հնարավորություններ կլինեն աբխազական երկաթգծի վերագործարկման հնարավորությունների շուրջ գործնական քննարկումներ տանել, քանզի, ըստ մամուլի հրապարակումների, Աբխազիայում եւս կա գիտակցում, որ երկաթգիծը պետք է գործի:

Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.08.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031