Լրահոս
Օրվա լրահոսը

Մինչև ու՞ր կգնա Ծառուկյանը. «Ա1+»

Օգոստոս 25,2014 11:58

Կարևոր է, որ իշխանությունն ու ընդդիմությունն իրար չդնեն պատային վիճակներում

Հարցազրույց ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանի հետ

Շատերը քաղաքական զարգացումների հնարավոր սցենարները կապում են ԲՀԿ-ի և անձամբ Գ. Ծառուկյանի դիրքորոշման հետ: Եվ հարցը շատ հստակ է` մինչև ուր կգնա Ծառուկյանը:

– Ես Ձեր հստակ հարցին կտամ նույնքան հստակ պատասխան: Ծառուկյանը կգնա մինչև մեր պետության և մեր ժողովրդի առաջ կանգնած խնդիրների լուծումը, մինչև Հայաստանի քաղաքացու կենսամակարդակի փոփոխությունը, մինչև տնտեսության մեջ առողջ մրցակցային հարաբերությունների հաստատումը, մինչև այն պահը, երբ մարդիկ չխուսափեն ներդրումներ կատարել Հայաստանում, մինչև այնտեղ, երբ այլևս բիրտ ուժով փայ չեն մտնի ուրիշի գործում, մինչև գյուղացին իրեն մենակ ու լքված չի զգա, մինչև խելոքին ու կրթվածին չի հաղթի բութն ու զոռբան և այլն: Կարծում եմ` միտքը պարզ է: Նա քաղաքականության մեջ չի լուծում որևէ մասնավոր խնդիր: Եվ քաղաքական ուժերի հետ իր բոլոր հանդիպումների ժամանակ նա այս հարցը բարձրացնում է` բոլորից ակնկալելով նույնը: Վերջին տարիներին Ծառուկյանին մի քանի անգամ առաջարկվել է մաս կազմել կառավարությանը և իշխանական համակարգին: Խոսք է եղել մինչև 6-7 նախարարական պաշտոնի մասին և այլ բազմաթիվ պաշտոնների` իշխանական համակարգում: Եթե նրա խնդիրը պաշտոնները լինեին, հարցը վաղուց լուծված էր:Եթե նրա խնդիրը ժողովրդի վստահությունը չարաշահելով իշխանական համակարգի մաս կազմելը լիներ, ապա խնդիրը վաղուց արդեն լուծված կլիներ: Պարզ է, որ նաև նրա խնդիրը իշխանության մեջ փող աշխատելը չէ` սա արդեն ծիծաղելի կլիներ:

Այս պարագայում ես կարծում եմ, որ Ծառուկյանը պետք է շարունակի իր կոնսոլիդացնող դերակատարումը քաղաքական դաշտում և հասարակության մեջ, միասնական օրակարգ ձևավորելու, օրակարգային խնդիրների լուծման ճանապարհային քարտեզի ստեղծման և իրականացման գործը:

Կան կանխատեսումներ, որ աշնանը լինելու են խոշոր հանրահավաքներ, բողոքի ակցիաներ և այլն:

– Ընդհանրապես կա երկու մոտեցում` համակերպվել, պահպանել կայունություն, քանի որ մենք ունենք արտաքին թշնամի և երկրորդը, որ միակ ճիշտ տարբերակը Մայդանն է ու սուր առճակատումը: Երկու տարբերակն էլ ինձ համար անընդունելի են: Համակերպվել իրականությանը` նշանակում է համակերպվել երկրի թուլացմանը, աղքատությանը, արտագաղթին, և այս ամենի արդյունքում ունենալ անվտանգության լուրջ խնդիրներ` հենց նույն արտաքին թշնամու առաջ: Սա 100 տոկոսով մերժելի տարբերակ է: Մյուս կողմից խնդիր դնել “մայդանի սկզբունքով” ջարդել, կոտրել, փոխել` սա չի ապահովելու առաջընթաց, և ստեղծելու է որակապես նոր պրոբլեմներ: Տեսեք, Ուկրաինայում ամեն ինչի հիմքում կոռումպացված իշխանության փոփոխությունն էր: Եվրաասոցիացման և այլ գաղափարները ֆոնային բնույթ ունեին և կրում էին բացառապես կատալիզատորի ազդեցություն: Յանուկովիչի իշխանությունը հոգնեցրել էր ժողովրդին, այն երկրի զարգացմանը արդեն խոչընդոտ էր հանդիսանում: Եթե գտնվեին իշխանության փոփոխության, ռեֆորմացիայի այլ տարբերակներ, անշուշտ Ուկրաինան դրանից միայն կշահեր, և չէր հայտնվի հետմայդանային քաոսի և դժվար կանխատեսելի հեռանկարի առաջ:

Շատ կարևոր է, որ Հայաստանյան քաղաքական ուժերը, ոչ իշխանական ճամբարն ու իշխանությունները միմյանց համար չստեղծեն փակուղային իրավիճակներ: Չդնեն իրար պատային վիճակներում: Դրանից որևէ մեկը չի շահելու: Բանակցությունների և գրագետ քաղաքական աշխատանքի շնորհիվ միշտ կարելի է գտնել լուծումներ: Նպատակը բացականչություններով պայքարը չէ, նպատակը Հայաստանի պետությունն ու հայ ժողովուրդն է: Ինչ վերաբերում է հանրահավաքներին և բողոքի ակցիաներին, ապա դա ցանկացած հասարակության իրավունքն է, և հայ հասարակությունը բացառություն չէ: Հենց նման հանրահավաքներում է պետք է քննարկել 12 կետերի կատարման ընթացքը և նոր օրակարգային խնդիրներ ձևակերպել ու հասնել դրանց լուծմանը:

Իսկ ինչ մոտեցումներ կան նոր կառավարության գործունեության հանդեպ:

– Ես չեմ կարծում, որ կարող է լինել բանական մարդ, ով շահագրգռված կլինի նոր կառավարության տապալման մեջ: Հերթական կառավարության տապալումը հերթական հարվածն է լինելու մեր տնտեսությանը և ժողովրդի սոցիալական վիճակին: Մյուս կողմից, շատ կարևոր է հասկանալ, թե ի՞նչ առաքելություն է զգում իր մեջ այս կառավարությունը: Ներքին առաքելությունը շատ կոնկրետ գաղափար է. դա կամ լինում է կամ չի լինում: Դա կամ պետության ու ժողովրդի համար պատմական գործ անելն է, կամ` նեղ խմբակային շահերի հետապնդումը: Սա երկար ժամանակ թաքցնել հնարավոր չէ: Մի որոշ ժամանակում ամեն ինչ պարզ է դառնում:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031