Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկովյան 8 եւ Մաշտոցի 48 շենքերի բնակիչները դեմ են, որ իրենց համատիրությունը «խոշորացվի»

Օգոստոս 25,2014 14:00

Այս հասցեների բնակիչները դիմում են հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին՝  «Մոսկովյան 8» համատիրության օտարված գրասենյակը հետ ստանալու պահանջով։

«Մոսկովյան 8» համատիրության նախագահ Ալեքսան Գալստյանից օրերս տեղեկացանք, որ համատիրության գրասենյակը (Մաշտոցի պող. 78 տարածք, 7,5քմ՝ ըստ վկայականի) քաղաքապետարանի թեթեւ ձեռքով դրվել է աճուրդի, որը 2012թ. հուլիսին գնել, ապա սեփականաշնորհել է նրա կինը՝ Նելլի Սարգսի Հարությունյանը: Փաստացի, արդեն երկու տարի է, ինչ համատիրությունը՝ ի դեմս քաղաքային իշխանությունների, վարձակալության պայմանագիր է կնքում համատիրության նախագահ Ալեքսան Գալստյանի տիկնոջ հետ: Տեղեկացնում ենք, որ նշյալ տարածքը կառուցվել է 90-ականների վերջին, առանց օրինական թույլտվության, բայց քանի որ այն դառնալու էր սեփականատերերի միության գրասենյակ, բոլորս սատարեցինք եւ ոգեւորեցինք համատիրության 1-ին նախագահ Լեւոն Շալջյանի նախաձեռնությունը, ինչպես նաեւ շինարարությունից հասկացող մեր եւ հարեւան բակերի տղամարդիկ մասնակցություն ցուցաբերեցին կառուցմանը: Կառուցված տարածքում հազիվ տեղավորվում էր երկու գրասեղան, որոնցից մեկը զբաղեցնում էր համատիրության հաշվապահը, ում մինչեւ այսօր բնակիչները կանոնավոր վճարում են սպասարկման եւ կոմունալ վարձերը:

2003թ. փետրվարին, համատիրության ընդհանուր ժողովում (ի դեպ, դա եղավ մեր 1-ին եւ վերջին ընդհանուր ժողովը), սեփականատերերս Ալեքսան Գալստյանին ընտրեցինք նոր նախագահ, եւ, բնակֆոնդի պահպանմանն ուղղված, բազմաթիվ նպատակային ծրագրեր կազմեցինք նրա հետ: Ավաղ, 11 տարվա ընթացքում, շրջանցելով օրենքը, իր ընտրած լիազոր-ներկայացուցիչների օգնությամբ «ժողովներ» գումարեց եւ որոշեց սպասարկման վարձի սակագներ: Նրա գործունեության նշված դրվագներն այսբերգի միայն երեւացող հատվածներն են:

Ընդհանուր ժողով հրավիրելու մեր բոլոր փորձերը, ցավոք, դատապարտված էին: Բակը կորած է կեղտի մեջ, մենք մեր նախաձեռնությամբ, հատվածաբար մաքրում ենք այն: Այդ օրը միայն համատիրության գրասենյակը բռնազավթելու մասին չէ, որ Ալեքսան Գալստյանը հանդես եկավ հայտարարությամբ, այլ մեզ տեղեկացրեց. «Երկու ամսից մեր համատիրությունը պետք է մաս կազմի «Կենտրոն» համատիրությունների միությանը, քանի որ այդպես հեշտ կլինի գործ անել»:

Ի սկզբանե, սեփականատերերից գաղտնի, պայմանավորվելով միայն իրեն ձեռնտու գործարքների շուրջ, մեր տարածքը զավթելուց հետո, հիմա էլ մեր փոխարեն ուզում է «խոշորացնել» համատիրությունը: Մենք այդ երկու առիթով էլ ասում ենք՝ ո՛չ: Մոսկովյան 8, Մաշտոցի 48 շենքերի սեփականատերերս մտադիր չենք միանալ որեւէ այլ կառույցի, ուզում ենք ընտրել «Մոսկովյան 8» համատիրության նոր նախագահ եւ իրականացնել մեր ծրագրերը: Իսկ համատիրության կազմում ընդգրկված մյուս 3 շենքերի սեփականատերերը թող իրենք ընտրեն իրենց ճանապարհը:

Մեծարգո նախագահ, «Մոսկովյան 8» համատիրության խարդախությամբ օտարված գրասենյակը սեփականատերերիս վերադարձնելու, առանձին համատիրության մեր կարգավիճակը պահպանելու արդար պայքարում՝ ակնկալում ենք Ձեր՝ հանրապետության ղեկավարի, գործուն աջակցությունը»:

Դիմումի տակ ստորագրել են նշյալ հասցեների մի քանի տասնյակ բնակիչներ, որոնց ստորագրությունները խմբագրությունում են:

Ա. Պատրաստ ենք լսել նաեւ համատիրության նախագահի պարզաբանումը

«Առավոտ» օրաթերթ
23.08.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031