Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարդացի Սեւակ ու դադարեցի գրել»

Օգոստոս 25,2014 13:30

Զրույց նորահայտ գրող Վահե Բաղինյանի հետ

Գրական աշխարհն ունի անտեսանելի ձգող կողմ, որով շատերին ստիպում է մի օր գրիչը ձեռքը վերցնել ու սկսել ստեղծագործել: Երեսունչորսամյա Վահե Բաղինյանը (լուսանկարում) մասնագիտությամբ քաղաքագետ է, որը նույնպես չկարողացավ դիմադրել գրելու ցանկությանը: «Առավոտը» որոշեց նորահայտ գրողից ճշտել սպասվելիք գրքի մանրամասները՝ չմոռանալով ծանոթանալ քաղաքագետի «գրական» կողմի հետ:

-Վահե, գրելու ձիրքը Ձեզ մոտ նո՞ր եք հայտնաբերել, թե՞ վաղուց եք գրելու փորձեր արել:

-Ստեղծագործել սկսել եմ դեռեւս 15 տարեկանից: Այն ժամանակ գրում էի բանաստեղծություններ, դե այդ տարիքում՝ հիմնականում սիրային: Բայց օրերից մի օր պատահմամբ կարդացի Պ. Սեւակի ստեղծագործություններից եւ դադարեցի այլեւս գրել: Պատճառը ինքս իմ հանդեպ չափազանց քննադատաբար վերաբերմունքն էր. կամ պետք է գրել Սեւակից լավ, կամ ընդհանրապես լռել: Այնուհետեւ արդեն հասուն տարիքում սկսեցի համագործակցել հասարակական-քաղաքական մի ամսագրի հետ, որի հետ հիմա էլ աշխատում ենք: Վերլուծական հոդվածներ էի գրում, բայց ոչ թե քաղաքական դեպքերի, այլ քաղաքագիտության` գիտության հետ կապված թեմաների մասին` զերծ մնալով ՀՀ քաղաքական դաշտի մեկնաբանություններից: Անցյալ տարվա վերջերից աշխատում եմ մի ստեղծագործության վրա, որը, կարելի է ասել, արձակ է: Վերնագրել եմ, որքան էլ տարօրինակ լինի, օտարալեզու վերնագրով` The End:

-Օր օրի շատանում են ստեղծագործող մարդիկ՝ հաճախ համարելով, որ երկու բառ միասին կապելն արդեն իսկ ստեղծագործել է: Ըստ քեզ, ի՞նչն է տարբերում գրողին բառակապ անող մարդուց:

-Գիտեք, միայն այս ոլորտում չէ, բազմանում են, սա համատարած երեւույթ է ամեն բնագավառում: Կարծում եմ՝ ցանկացած մարդ արվեստին մոտենալիս պետք է մոտենա հոգեպես՝ առանց ինքն իրեն խաբելու: Դեռ չենք խոսում ուրիշներին խաբելու մասին: Ստեղծագործող մարդն առաջին հերթին անկեղծ պետք է լինի ինքն իր նկատմամբ: Հենց սա է տարբերում գրող, ստեղծագործող մարդուն պարզապես բառակապ անող մարդուց: Արվեստում կեղծավորությունը, սուտը շատ արագ է նկատվում, բացահայտվում: Սա, կարծում եմ, այն միակ վայրն է, որտեղ սուտը տեղ չունի, իսկ ես բառակապ անող մարդկանց, որոնք ներխուժում են արվեստ, ամենայն պատասխանատվությամբ անվանում եմ ստախոսներ: Բոլորն էլ իրավունք ունեն գրել, իրենց հոգու ապրումները թղթին հանձնել, բայց եթե պարզապես բառակապ անող մարդը իր, այսպես ասած, «ստեղծագործություններով» փորձում է ինձ, Ձեզ, մեր երեխաներին դաստիարակել, դա արդեն կարելի է համարել հոգեւոր հանցագործություն: Այստեղ կարելի է հիշել Նիցշեի հայտնի խոսքերը. «Ամոթ վատ բանաստեղծներին, ովքեր իրենց հոգու ապրումները ի ցույց են դնում բոլորին»:

-Ըստ Ձեզ, ի՞նչ է պետք այսօրվա ընթերցողին, ո՞ր գրականությունն է ընթերցվում:

-Այսօրվա ընթերցողը, իմ կարծիքով, բավականին զարգացած, համաշխարհային գրականությանը ծանոթ, քմահաճ ընթերցող է՝ բառի լավ իմաստով եմ ասում: Այսօրվա ընթերցողին, կարծում եմ, իր հայրենակից գրողներին սատար կանգնելու ունակություններ են պետք: Հասկանում եմ, որոշ բառակապների պատճառով նա հիասթափվել է, բայց հավատացեք, այսօր ունենք արժանի ստեղծագործողներ: Ընթերցողին այլեւս անհնար է զարմացնել, նրան ավելի շատ դեպի հոգեւոր աշխարհ է պետք բերել: Հոգեւոր ասելով՝ ես բոլորովին նկատի չունեմ հավատքը, կրոնը: Հոգեւորը, հատկապես արվեստի մեջ, անխուսափելի է, իսկ արվեստն առանց հոգեւոր աջակցության, արդեն դառնում է բիզնես, որն էլ իր հերթին բերում է սնկի նման բազմացման եւ գրավիչ դառնում բառակապների համար:

-Դուք՝ որպես նոր, երիտասարդ գրող, ի՞նչ նոր ասելիք եք ուզում բերել գրականություն, ի՞նչ խնդիրներ եք դրել Ձեր առջեւ:

-Ես դեռ ինձ չեմ համարում գրող, ես առաջին քայլերն եմ կատարում եւ առաջին փուլը համարում եմ անցել եմ` ինքս ինձ չեմ խաբում: Կարծում եմ, մեր ներկայիս գրականության վիճակից բողոքում ենք հենց այն պատճառով, որ բոլորս նոր գրողներից կամ ընդհանրապես գրողներից ակնկալում ենք միայն նոր ասելիք: Չեմ կարծում՝ Դյուման իր «Կոմս Մոնտե Քրիստո» գրքով նոր խոսք ասելու նպատակ ուներ եւ ընթերցողն էլ սպասում էր դրան: Այստեղ էլ կարելի է հիշել Նիցշեի մյուս հայտնի խոսքերը. «Արվեստը տրվել է մեզ, որպեսզի չմեռնենք ձանձրույթից»: Ասելիքը կարող է նաեւ հին լինել եւ ստեղծագործողին բառակապ անողներից տարբերում է այն, որ նա պետք է այնպես ներկայացնի, որպեսզի այն հասնի ընթերցողին, հասկացվի նրա կողմից:

-Նշեցիք, որ Ձեր գրքի վրա եք աշխատում: Մի փոքր բացեք փակագծերը:

-Ինչպես արդեն նշեցի, նոր գիրքը վերնագրվել է The End: Այն ներկայացնում է ներկայիս աշխարհը, մարդկանց, որոնք կորցնելով հոգեւոր ամեն ինչ՝ գնում են դեպի կործանում: Այդ ամենը ներկայացված է ինչպես փիլիսոփայական, հոգեբանական, կրոնական եւ գեղարվեստական գույների ներքո, այնպես էլ կոնկրետ հերոսի կյանքում կատարվող դեպքերի միջոցով: Մեկ անգամ արդեն մարդկությունը պատժվեց ջրհեղեղի միջոցով, բայց այս անգամ պատիժը որպես այդպիսին չի լինելու: Այն, ինչին մենք հասցրեցինք մեզ ու աշխարհին, արդեն երկրորդ պատիժն է մարդկության համար: Կարծում եմ՝ այս տարվա վերջին կամ մյուս տարվա սկզբին արդեն ավարտած կլինեմ: Իսկ կտպագրվի, եթե ես զգամ, որ անցում եմ կատարել ստեղծագործող դառնալու երկրորդ փուլին, այն է` իմ ոչ մի բառով չխաբել մյուսներին:

Զրուցեց ՍՅՈՒՆԵ ՍԵՎԱԴԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.08.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Մ. Լևոնյան says:

    Ազգիս կեսը բանաստեղծ ու գրող է դարձել: Օտարամոլությունն էլ վատ հատկանիշ է:

    • Աննա says:

      Հարգելի Մ.Լևոնյան, ազգի կեսը աղքատության մեջ տառապում է, դուք բողոքում եք, որ գրող բանաստեղծ են դարձել: Եթե կարդացիք ինքը մի միտք էր ասել` հայ ընթերցողը հայրենակից գրողներին սատար կանգնելու ունակություն պետք է ունենա: Իսկ դուք պարտադիր պետք է կոտրեիք նրան հենց սկզբից: Եթե նրա գիրքը լավը լինի կսիրվի, կկարդացվի բոլորիս կողմից, եթե վատը լինի առանց մեր օգնության էլ կմոռացվի նրա անունն էլ, գիրքն էլ: Եկեք փորձենք ընդունել ու հարգել միմյանց: Իսկ օտարամոլության հետ կապված ես ոչինչ չնկատեցի հարցազրույցում, եթե վերնագիրը նկատի ունեք, ապա կարծում եմ գրքի բովանակությունը դրա պատասխանը կտա: Երազում եմ ազգի ամբողջ հատվածը հարգի և ընդունի միմյանց որպես մարդ:

  2. Մ. Լևոնյան says:

    Հարգելի Աննա, ազգը թող հարգի միմյանց, բայց ամեն օր հանկարծ ինչ-որ մեկը որոշում է, որ բանաստեղծ է դարձել: Կոտրելու ոչ մի ցանկություն չկա, ուղղակի օտար լեզվով վերնագիրը արդեն օտարամոլության մասին է խոսում: Ազգն այսօր անգամ կայացած, մեծ դասականների գրքերը չի կարդում: իսկ հարգել միմյանց բոլորն էլ պարտավոր են:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031