Լուսանկարիչ Ավետիս Սարգսյանը եւ եւս 4 հայ լուսանկարիչ օգոստոսի 28-ից կմասնակցեն Մոլդովայում կայանալիք հնգօրյա մրցույթ-ֆոտոպլեների: Արեւելյան գործընկերության երկրներում իրականացվող «Ուշադրություն, ժպիտ» նախագծի շրջանակներում մեկնարկած «Արեւելյան գործընկերության իմ երկիրը» ազգային ֆոտոմրցույթին մասնակցում են 6 երկրների՝ Բելառուսի, Մոլդովայի, Ուկրաինայի, Վրաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի մրցույթը հաղթած լուսանկարիչներ: Մրցույթի նպատակն է Արեւելյան գործընկերության երկրների առանձնահատկություններն առավել բովանդակ ներկայացնել, ինչպես նաեւ նպաստել այս երկրների դրական կերպարի բացահայտմանը՝ դրանց սահմաններից դուրս: Մրցույթին ներկայացվող լուսանկարները կունենան ազգային կոլորիտ, ավանդույթներ, էթնիկ առանձնահատկություններ, պատմություն, տեսարժան վայրեր, մարդկանց, ճարտարապետական հուշարձաններ, մարզերի եւ քաղաքների կենցաղ եւ այլ ոլորտներ:
«Սա հրաշալի հնարավորություն է լուսանկարիչներիս համար՝ երկրից դուրս ներկայացնելու ե՛ւ մեր ազգային մշակույթը, ե՛ւ շփումն ու փորձի փոխանակումը տարբեր երկրների լուսանկարիչների հետ»,-«Առավոտի» հետ զրույցում ասաց լուսանկարիչ Ավետիս Սարգսյանը: Նա կողմ է ռեալիզմին եւ աշխատում է նվազագույնը քիչ օգտագործել նկարներում ֆոտոշոփը. «Սիրում եմ ամեն ինչ լույս ու ստվերի միջոցով ստանալ՝ հատկապես, երբ պետք է նկարեմ գեղեցիկ կնոջ, այդ գեղեցկությունը ես իր միմիկաների, լույս ու ստվերի եւ աչքերի խորությամբ եմ տեսնում: Նկարելուց չեմ մտածում արդյունքի մասին, վայրկյանների ընթացքում զգում եմ եւ նկարում»:
Սեփ. լր.
«Առավոտ» օրաթերթ
23.08.2014