Օրեր առաջ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում չշարունակվեց Ռաֆայել Հարոյանի, Տիգրան Հովհաննիսյանի եւ մնացյալ յոթի գործով դատական նիստը:
Պատճառն այն էր, որ ամբաստանյալ Տիգրան Հովհաննիսյանը հրաժարվեց իր պաշտպանից:
«Բանդա 2» անունով հայտնի այս գործով ամբաստանվող Տիգրան Հովհաննիսյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերության հետ երկարաժամկետ ավանդային պայմանագրեր կնքած ավանդատուների հաշվեհամարներից գումարներ հափշտակելու նպատակով նախնական համաձայնության է եկել կնոջ` Էդիտա Ալիխանյանի հետ: Կինն աշխատել է նույն բանկի գործառնական վարչության հաճախորդների սպասարկման բաժնի մասնագետ:
Կինն իր ծառայողական համակարգչով, տվել է «դադարեցում», «պարտքերի մարում» հրահանգ, որի արդյունքում քաղաքացիների ավանդային պայմանագրերում նշված գումարները փոխանցվել են ավանդատունեի ցպահանջ հաշիվներին:Կազմվել են վճարման կեղծ հանձնարարականներ, կատարվել փոխանցումներ, կանխիկացվել են գումարները, հանձնվել Տիգրան Հովհաննիսյանին:
Կարդացեք նաև
Մեկ այլ դրվագով, Տիգրան Հովհաննիսյանը Ռաֆայել Հարոյանի, Հայկ Կոջոյանի եւ Կարեն Վարդանյանի հետ մասնակցել է Բագրատունյաց փողոցի 18 շենքի առաջին հարկում գտնվող տարադրամի փոխանակման կետի աշխատակցի նկատմամբ ավազակային հարձակմանը:
Տիգրանի մեքենայով նրանք գնացել են նշյալ վայր, Հայկն ու Կարենը դիմակավորված եւ զինված, մտել են Անդրանիկ Մկրտչյանին պատկանող տարադրամի փոխանակման կետ:
Նրանք հարձակվել են որդու` Հակոբ Մկրտչյանի վրա, պահանջել բռնությամբ եւ սպառնալիքով գումար:
Կրակել են Հակոբի որովայնին, գումարը գողացված բաժանել Տիգրանի եւ Ռաֆայելի միջեւ:
Իսկ հրազենային վնասվածք ստացած Հակոբ Մկրտչյանը «Էրեբունի» բժշկական կենտրոնում մահացել է:
Նախաքննության ժամանակ այս ամբաստանյալը ցուցմունք էր տվել, թե զբաղվել է ավտոմեքենաների առքուվաճառքով:
Ժամանակ առ ժամանակ մեքենաները վաճառել է ինքնարժեքից ցածր գներով, ինչի պատճառով էլ գոյացել են պարտքեր:
Ինչ վերաբերում է տարադրամի փոխանակման կետի վրա հարձակմանը, հայտնել էր, թե «Վինչեստր» տեսակի հրացանը ձեռք է բերել երկու հարյուր հազար դրամով, համաձայնվել է խմբի պարագլուխ հանդիսացող Ռաֆայել Հարոյանի առաջարկին:
Մի անգամ էլ ձախողել է հարձակումը, քանի որ Քաջազնունի փողոցի վրա Ռաֆայելը շենքի մուտքի մոտ սպասել է «Դաշինք»ՍՊ ընկերության հիմնադիր Բաբկեն Հովհաննիսյանի շարժին: Ռաֆայելը հետեւելով նրան, կրակել է անհաջող զոհի ոտքին, ինքը շտապ վարել է մեքենան, դիմել են փախուստի:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ