Լրահոս
Օրվա լրահոսը

«Մտադիր ենք վերականգնել Շուշիի՝ որպես տարածաշրջանային մշակութային կենտրոնի համբավը»

Օգոստոս 25,2014 12:30

Ասում է Արցախի մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանը

Հոկտեմբերին կլրանա երկու տարին, ինչ Արցախի մշակույթի նախարարությունը Ստեփանակերտից տեղափոխվել է Շուշի: Նախարարությունը տեղավորվել է ժամանակին տարածաշրջանի լավագույններից մեկը համարվող՝ Շուշիի օրիորդաց գիմնազիայի շենքում:
Նախարար Նարինե Աղաբալյանը Հայաստանից Ստեփանակերտ մեկնած լրագրողներին ասում է, որ այդ տեղափոխությունն անշուշտ դրական է ազդել Շուշիի զարգացման վրա. «Այս երկու տարում Շուշիում երեք նոր թանգարան է բացվել՝ գորգերի, երկրաբանական եւ կերպարվեստի: Բացի այդ՝ նախարարության շենքում տեղակայվել է Արցախի բարբառի եւ ազգագրության ուսումնասիրության կենտրոնը, որը կրում է Ղուկասյան եղբայրների անունը, ում միջոցներով մոտ 100 տարի առաջ կառուցվել է Շուշիի օրիորդաց գիմնազիան, որտեղ հիմա նախարարությունն է: Այս ամենը հիմնովին փոխել է Շուշիի կյանքը եւ դիմագիծը: Պատկերացրեք, որ ամեն օր առնվազն 60-100 մարդ է մտնում այդ մշակութային օջախները, այսինքն՝ ամեն օր անցուդարձ կա Շուշիում: Կերպարվեստի թանգարանը նախկին իջեւանատան՝ քարվանսարայի շենքն է: Ձիանոցների ախոռները որպես ցուցադրախորշեր ենք օգտագործում եւ քանդակի միջազգային սիմպոզիումի արդյունքում ձեռք բերած քանդակներն ենք տեղադրել: Ի դեպ, քանդակի միջազգային սիմպոզիումին մասնակցեցին Իտալիայից, Հնդկաստանից, Բելառուսից, Շվեյցարիայից ժամանած քանդակագործներ: Շուշիում նաեւ քանդակների պուրակ ենք ստեղծելու: Երկրաբանական թանգարանը գտնվում է նախկին Կանաչ դեղատան շենքում, գորգերի թանգարանը՝ Շուշիի առաջին տպարանի շենքն է: Բոլորը վերականգնվել են՝ հնի ու նորի համադրությամբ: Մեր բոլոր թանգարանների շենքերը նաեւ որպես կրթական հարթակներ ենք օգտագործելու, դասեր կանցկացվեն, կերպարվեստի թանգարանում՝ համերգներ են լինում, քանդակի միջազգաին սիմպոզիումի բացման եւ փակման արարողությունները եղան, դասական համերգներ են կատարվում»:

arcax-mshak_2 arcax-mshak_4

qareri tangaran

Ըստ նախարարի, սեպտեմբերի սկզբին նախարարությունն ամփոփելու է երկու մրցույթ՝ գորգարվեստի եւ արցախյան տոհմածառի. «Արցախը գորգարվեստի կենտրոն է եղել, սակայն պատշաճ ուշադրություն չդարձնելով, ժամանակի ընթացքում կորցրել ենք ժառանգականությունը, շատ հաճախ մեր գորգերը ներկայացվում են որպես ադրբեջանական: Մեր գորգերի թանգարանում ներկայացված է գորգերի մասնավոր հավաքածու՝ պետական աջակցությամբ: Ինչ վերաբերում է տոհմածառերի մրցույթին, այն նպատակ ունի վերականգնել սերունդների միջեւ կտրված կապը: Պայման է դրվել ամենաքիչը 150 տարվա կտրվածքով ներկայացնել սեփական տոհմը կամ կարելի է մասնակցել մրցույթին «Ծագումնաբանությունն իմ նախասիրությունն է» անվանակարգով: Հուսով ենք այս երկու մրցույթները դարձնել ամենամյա»:

Նախարարությունն իրականացնում է նաեւ ազգային պարերի ուսուցման ծրագիր: «Մի քանի օր առաջ հենց այս հրապարակում (զրույցն ընթանում էր Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում-Մ.Բ.) Արցախի տարբեր անկյուններից ավելի քան 200 երիտասարդ մեր ազգագրական պարերն էին ներկայացնում: Եկել էին Արցախի բոլոր կողմերից՝ Ճարտարից մինչեւ Կովսական, Տող… Ցանկություն կա ազգային պարը մտցնել հանրակրթական դպրոցական ծրագիր: Որքան էլ ուժեղ բանակ ունենանք, գյուղում ապրող մարդու տրամադրությունն ամենակարեւորն է, պետք է նայենք, թե ինչով է ապրում գյուղը՝ նաեւ մշակութային առումով: Մի քանի գյուղերում արվեստի դպրոցներ բացեցինք, բայց շատ էր վարչարարական քաշքշուկը՝ ՊՈԱԿ պիտի հիմնադրեինք եւ այլն, փոխեցինք ռազմավարությունը՝ շրջկենտրոններում կային երաժշտական դպրոցներ, դրանք դարձնում ենք արվեստի դպրոցներ՝ եւ տարբեր գյուղերում տարբեր բաժիններ ենք բացում»,- ասում է մեր զրուցակիցը:

arcax-mshak_3 arcax-mshak_1 arcax-mshak_5

Արցախում արդեն երրորդ անգամ իրականացվում է «Տնջրե» դասական երաժշտության պատանի երաժիշտ կատարողների միջազգային փառատոն՝ պատմամշակութային արժեք ներկայացնող 2000-ամյա «Տնջրե» անունը կրող ծառի մոտ, եւ, ըստ նախարարի, դա խթանում է ոչ միայն դասական երաժշտության զարգացումը, այլեւ այդ հուշարձանի պահպանությունը, հանրաճանաչելիոյթյունը, բարեկարգման աշխատանքներ են տարվել շրջակայքում: Բացի այդ, սեպտեմբերին Գանձասարում կայանալու է «Գանձասար» սիմֆոնիայի պրեմիերան, որը կնկարահանվի, կտարածվի եւ Գանձասարի վրա հերթական անգամ ուշադրություն կհրավիրվի: Իսկ Գանձասարի նախկին ճեմարանի շենքը հիմա հիմնանորոգվում է եւ այդտեղ կկառուցվի Մատենադարան, որը կլինի Երեւանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի ստորաբաժանումը: Այն կսկսի գործել արդեն գարնանը եւ կցուցադրվեն լուրջ ձեռագրերի կրկնօրինակներ: «Ներկայումս Մատենադարանում որոշ ձեռագրերի կրկնօրինակներն են պատրաստվում, որոնք կտեղափոխվեն այստեղ: Մենք Արթուր Մեսչյանին (հիշեցնենք, որ հայտնի երաժիշտը նաեւ ճարտարապետ է՝ Երեւանի Մատենադարանի նոր շենքի հեղինակը-Մ.Բ.) հրավիրեցինք, ինքը նայեց ճեմարանի շինությունը եւ ասաց, որ այն իր ճարտարապետական տեսքով եւ հնարավորություններով համապատասխանում է այդ նպատակին: Չմոռանանք, որ ժամանակին՝ 13-14-րդ դարերում հենց Գանձասարում է եղել մեր ամենահայտնի ձեռագրատներից մեկը: Իհարկե, կունենանք նաեւ բնօրինակների ցուցադրություններ: Ընդհանրապես, հուշարձանները պահպանելու համար դրանք պիտի ոչ թե կոնսերվացնել եւ պահել, այլ այնպես անել, որ մարդիկ գան, տեսնեն, հաղորդակցվեն, ճանաչեն, գնահատեն եւ պահպանեն: Այդ պատճառով փորձում ենք մեր տարբեր մշակութային ծրագրերը համատեղել մեր հուշարձանների հետ»,-համոզված է Նարինե Աղաբալյանը:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Շուշիի կերպարվեստի, գորգերի եւ երկրաբանական թանգարանի նմուշների լուսանկարները՝ Արփի Բեքարյանի:

«Առավոտ» օրաթերթ
23.08.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031