Հատկապես այս տարի մենք շատ ենք խոսում պատերազմի հնարավորության մասին: Բայց, ուզենք թե չուզենք, պիտի խոստովանենք, որ Պուտինի նախաձեռնած օգոստոսյան եռակողմ հանդիպումը զգալիորեն նվազեցրեց պատերազմի հետ կապված մեր անհանգստությունները:
Մինչ այդ մեր անհանգստությունները միանգամայն տեղին էին, որովհետև կտրուկ ավելացել էին սահմանային բախումները, և զոհերի թիվն էլ էր աննախադեպ շատ, ընդ որում` ադրբեջանական կողմի զոհերն անհամեմատ շատ էին, քան` մերը, և այս փաստը զգալիորեն սասանեց ադրբեջանցիների և անձամբ Ալիևի ինքնավստահությունը:
Այսուհանդերձ, Պուտինի նախաձեռնած օգոստոսյան եռակողմ հանդիպումը չափազանց կարևոր ու էական էր պատերազմի վտանգի սառեցման իմաստով:
Տարիներ շարունակ Մինսկի խումբն էր հանդիսանում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շեփորահարը, բայց մանավանդ վերջին ամիսներին Մինսկի խմբի ակտիվությունը զգալիորեն պակասել էր, մինչդեռ խաղաղության պահանջը կտրուկ ավելացել էր` մանավանդ ադրբեջանական կողմի և անձամբ Ալիևի ագրեսիվ հայտարարությունների հետ կապված: Սահմանամերձ կոնֆլիկտների արդյունքում կրած զոհերից հետո ադրբեջանցիներն ու Ալիևը մի պահ խելոքացան ու սսկվեցին, և պահն օգտագործելով ու պահից օգտվելով` Ռուսաստանն ու անձամբ Պուտինը հաճույքով ստանձնեցին խաղաղության աղավնու դերը:
Կարդացեք նաև
Եթե համաձայնվենք, որ Սոչիի օգոստոսյան եռակողմ հանդիպումը որոշ արդյունք տվեց, պիտի համաձայնվենք նաև, որ, այնուամենայնիվ, եթե երեքի հանդիպումը չզրոյացրեց պատերազմի վտանգը, ապա առնվազն նվազեցրեց պատերազմի հետ կապված մեր անհանգստությունները:
Եթե խաղաղություն ես ուզում, պիտի զինվես: Ադրբեջանը լրջորեն է զինվում, բայց առանձնապես խաղաղություն չի ուզում: Մենք առանձնապես չենք զինվում, բայց խաղաղություն ուզում ենք: Խաղաղություն ենք ուզում, բայց պատրաստ ենք պատերազմի: Համենայն դեպս, պաշտպանության նախարարության մեր պատասխանատուները ժամանակ առ ժամանակ այդ մասին միանգամայն ինքնավստահորեն հայտարարում են:
Բոլորս գիտենք, թե ղարաբաղյան պատերազմում ինչքան մեծ է եղել հայ կամավորականների դերը: Ինչքան էլ մեր պաշտպանության նախարարն ու մյուս իրավասուները հայտարարեն, որ մենք ունենք լուրջ ու կանոնավոր բանակ, իրենք էլ են հասկանում, որ անցանկալի պատերազմի դեպքում ևս կամավորականների դերը չափազանց մեծ է լինելու: Օգոստոսյան հանդիպման ֆոնին ակնհայտ դարձավ, որ հայ կամավորականներ միշտ էլ կլինեն, և մեր իշխանությունների ու պաշտպանության նախարարի ինքնավստահությունը նաև այդ վստահությունից է բխում:
Նախկինում մտավախություն ունեինք, որ Հայաստանում տիրող սոցիալական դժվարություններն ու անհավասար վիճակը կարող են բացասաբար անդրադառնալ պոտենցիալ կամավորականների ոգու վրա, բայց օգոստոսյան իրադարձությունները հակառակը ցույց տվին. հաճելիորեն զգացինք, որ շատերն են անձնազոհության պատրաստ. ընդ որում` նաև ընդդիմության շարքերում, և ինչքան էլ Սերժ Սարգսյանը դժգոհի ընդդիմությունից, ինքն էլ է հոգու խորքում զգում ու հասկանում, որ անցանկալի պատերազմի դեպքում ընդդիմությունն իշխանությանը մենակ չի թողնելու, և այդ գիտակցությունն ու վստահությունն է առաջին հերթին Սերժ Սարգսյանին ինքնավստահություն ներշնչողը:
Այս ասածներս դեռևս մեզ չեն ապահովագրում պատերազմի վտանգից: Ադրբեջանը շարունակելու է մինչև ատամները զինվել և պատրաստվել պատերազմի, կարևոր չէ` Ալիևը կլինի, թե` ուրիշ մեկը:
Ամենամարտունակ բանակի տեր մեր իշխանություններն էլ պիտի ամեն ինչ անեն, որպեսզի վարձահատույց լինեն պատերազմի առաջին փուլը հաղթած մեր ժողովրդին: Կապ չունի` իշխանության ղեկին Սերժ Սարգսյանը կլինի, թե` ուրիշ մեկը:
Որպեսզի երկրորդ փուլ չլինի:
ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ