Այս նշանաբանով «Հայ առաջադեմ երիտասարդություն» հասարակական կազմակերպությունը եւ Պոնտի հունական համայնքն այսօր Երեւանի Խուլ-համերի մշակույթի պալատի մարզադահլիճում կազմակերպել էին մինի ֆուտբոլի հանդիպում:
«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ նախագահ Էրիկ Ղազարյանն Aravot.am-ին ասաց. «Ցանկացած դեպքոում, երբ տեղի է ունենում համագործակցություն` սպորտի, կամ այլ ոլորտում, բոլորը միշտ հաղթում են: Իսկ կոնֆլիկտները, հակառակը, դրան չեն բերում: Եվ այդ դեպքում ավելի շատ պարտվող է լինում, քան հաղթող: Հենց այս ձեւաչափով էլ կազմակերպվել է մինի ֆուտբոլի այս հանդիպումը, ինչը հայ-հունական բարեկամությունն ամրապնդելու հիանալի հնարավորություն է ստեղծում: Հրավիրված տարբեր կազմակերպություններն առայժմ դիտորդի կարգավիճակում են: Սիրիահայ երիտասարդների մի խումբ եւս այս ֆուտբոլային մրցմանը մասնակցելու ցանկություն էր հայտնել, սակայն ժամանակը չբավարարեց նրանց էլ ընդգրկելու համար: Սա մեր կազմակերպած առաջին միջոցառումն է եւ հետաքրքրություն կա: Հույս ունենք, որ այն հետագայում կընդլայնի ընդգրկման ոլորտը եւ կդառնա ավանդական»:
Էրիկ Ղազարյանը տեղեկացրեց նաեւ, որ նախաձեռնությունն ու այս ֆուտբոլային հանդիպումն անցկացնելու գործում ոչ մի հովանավորություն չի եղել. «Ամեն ինչ մենք ենք արել: Դահլիճի վարձավճարի գումարն էլ մի մեծ թիվ չէ. ժամը 18 հազար դրամ, որը մենք ենք հայթայթել: Բայց միջոցառումից հետո հավաքվելու ենք՝ քննարկելու հետագա անելիքները: Կարծում եմ՝ նոր ու հետաքրքիր առաջարկներ կլինեն», ասաց ՀԿ նախագահը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև