Երեկոյան Ստեփանակերտի կենտրոնը շատ գեղեցիկ է՝ լույսերով, երաժշտությամբ: Ստեփանակերտի մաքրության մասին մշտապես հնչող գովասանքներն էլ տեղին են: Գիշերը 12-ի մոտ մի փոքր աղբաման տեսանք փողոցում ծայրեծայր լցված, առավոտ 9-ին արդեն դատարկված էր: Դատարկ պոլիէթիլենե տոպրակներ, ծխախոտի տուփեր էլ չես տեսնի փողոցներում թափված:
Ստեփանակերտի կենտրոնական զբոսայգում երեկոյան երգող շատրվանների մոտ զով է, մարդիկ հավաքվում են շուրջը, զրուցում, զբոսնում: Հայտնի «Պյատաչոկի» այգում տեղակայված կարուսելների եւ ատրակցիոնների մոտ երեխաների հերթ կա:
Որոշեցինք զրուցել ստեփանակերտցիների հետ: Մի նստարանին պապիկներ են նստած, ինչ-որ բան են քննարկում: Հարցնում ենք՝ հուլիսի վերջի լարվածությունը չվախեցրե՞ց ստեփանակերտցիներին: «Մենք վախկոտներ չենք, վախկոտներին մենք ենք վախեցնում»,-ասում են նրանք: Պատմեցին, որ իրենք նախկին ազատամարտիկներ են, կռվել են պատերազմի ժամանակ, եւ այս լարված պահերին իրենք նույնպես եղել են դիրքերում՝ «գնացել ենք զինվորների մոտ, դուխ տվել, որ չվախենան»: «Ո՞նց էին զինվորները, «դուխո՞վ» էին»՝ հարցնում եմ, նրանցից մեկն ասում է՝ «որ դուխ ենք տամ, դուխով են», մյուսն էլ, թե՝ «մեր զինվորները կարող են գնալ Օբամայի վզիցը բռնեն, կատվի պես խեղդեն»: Քանի որ հենց Օբամայի վզից էին ուզում բռնել՝ մոտս հարց ծագեց՝ ճի՞շտ է, որ արցախցիների մոտ Ռուսաստանին միանալու տրամադրություն կա, ինչի մասին Հայաստանում պարբերաբար խոսում են, «վերլուծում են»: «Չէ՜, չկա տենց բան, հորինած բաներ են»: Ասում եմ՝ բա Զորի Բալայանն էլ նամակ էր գրել Պուտինին էդ մասին, պապիկների դեմքի արտահայտությունը փոխվում է նրա անունը լսելիս: «Վոլսկին որ մեզ մոտ էր, ուղարկել էին մեզ մոտ, ուզեցել ա, որպեսզի Ղարաբաղը գցի Ռուսաստանի կազմի մեջ, բայց սաղ մեր ժողովուրդը դեմ եղավ»,-ասում է զրուցակիցս, մյուսն էլ, թե՝ «Մեր Մայր Հայաստանը թողնենք գնանք ռուսի՞ն միանանք, ո՞նց կլինի տենց բան»: Ապա բացատրում են. «Եթե հանկարծ, Աստված չանի, տենց բան լինի, սաղ Հայաստանը, սաղ երկրագնդի վրա ապրող հայերը կթքեն Արցախի ճակատին: Տենց բան չի լինի, խի՞ ենք գնում, մեր պապական հողերն են…»: Հետո ավելացնում է. «Թուրքը ուզո՞ւմ ա կռվի՝ թող գա, շան նման հաչում ա, հաչում ա… »: «Հաչում են, բայց չեն կարում կծեն»,-իր կողմից ավելացնում է մյուս ընկերը, եւ հետո ինձ գոտեպնդում են. «Արխային քուրիկ, արխային…»:
Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում էլ հանդիպում եմ մի քանի գեղեցկուհիների, ավագ դպրոցի աշակերտուհիներ են, նրանցից երկուսը՝ Էդիտան եւ Անկան, զրուցում են հետս: Հարցիս՝ սահմանային դեպքերի ժամանակ ժողովուրդը վախեցա՞վ, պատասխանում են՝ շատ չէ, մի քիչ: Հարցնում եմ՝ չէի՞ն անհանգստանում, ցանկանում հեռանալ, «չէ, չէ, մենք մեր Հայրենիքից ոչ մի տեղ չենք գնա»:
Կարդացեք նաև
Ավագ դպրոցն ավարտելուց հետո էլ հենց Ստեփանակերտի պետական համալսարանում են շարունակելու ուսումը՝ «թարգմանչուհի» ենք դառնալու:
Իսկ ինը տարեկան Դավիթին ու Արմանին, որ դեռ չեն որոշել, թե ինչ են դառնալու՝ երբ մեծանան, լարված իրավիճակի ու պատերազմի մասին չեմ կարողանում հարց տալ: Երեխաները, անկախ քաղաքական եւ ռազմական դրությունից, պետք է մանկություն ունենան, եւ այդ մանկության մեջ չպիտի լինի «պատերազմ» բառը:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ
Ստեփանակերտի բուլբառից ավելի լավ այգի աշխարհում չեմ տեսել:
…Հիանալի ժողովուրդ է, աննման.