Չինաստանում ընթացող պատանեկան օլիմպիական խաղերում հայաստանցի 51 կգ քաշային բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը երկրորդ մենամարտում պարտվեց չինուհի Չան Յուանին:
Ամբողջ մարտի ընթացքում Անուշն ավելի ակտիվ էր, սակայն դա բավական չէր ռինգի տիրոջ, որին որպես կանոն տան պատերն էլ են օգնում, նկատմամբ հաղթանակ տանելու համար:
Մարտից հետո Aravot.am-ը զրուցեց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանի հետ: «Շատ ափսոս: Իր հնարավորությունների սահմաններում չաշխատեց՝ ոչ մի մաքուր հարված չհասցրեց: Իներցիայով ակտիվ էր, բայց դրա համար հաղթանակ չեն տալիս: Այն Անուշը չէր, ինչ աշխարհի առաջնությունում էր: Խնդիրը, թերեւս, մարտավարության մեջ էր, իսկ հավաքներում մարզումների ժամանակ մոտեցումները փոխել պետք չէր: Թե մարզիկը եւ թե մենք՝ ֆեդերացիան, պետք է հետեւություններ անենք: Իսկ հիմա, Անուշը Թուրքիայի ներկայացուցիչ Ներիման Իստիկի հետ դեռ մեկ մենամարտ ունի երրորդ տեղի համար: Պետք է հավաքվի ու գոնե բրոնզե մեդալով վերադառնա», – ասաց Արթուր Գեւորգյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև