Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյան. «Հովիկ Աբրահամյանը շատ ճիշտ է ասում… դուք սուրճի բաժա՞կ եք նայում»

Օգոստոս 23,2014 22:11

«Ամեն ինչ նորմալ ընթացքի մեջ է: Բոլոր նրանք, ովքեր անմիջականորեն չեն աշխատել կառավարությունում, լավ պատկերացում չունեն ստվերի եւ մեր տնտեսության մասին»,-ԶԼՄ ներկայացուցիչներից մեկի հարցին՝ այն, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը լրացուցիչ ժամանակ խնդրեց ստվերի դեմ պայքարելու համար, նշանակում է, որ ՀՀ կառավարությունը ձախողե՞լ է, այսպես պատասխանեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք,  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձորում մասնակցել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կազմակերպած «Բազե-2014» հավաքի փակման արարողությանը: Երիտասարդներին ողջունելուց հետո նախագահը հանդիպեց Լրագրողների ջոկատի անդամ ԶԼՄ ներկայացուցիչների հետ և պատասխանեց նրանց հարցերին:

Շարունակելով Հովիկ Աբրահամյանի կառավարության՝ ստվերի դեմ պայքարում լրացուցիչ ժամանակ խնդրելու թեման, ՀՀ նախագահն ասաց. «Ասել, որ մինչեւ Հովիկ Աբրահամյանն ընդհանրապես ստվերն ահռելի էր մեր տնտեսության մեջ, չեմ կիսում այդ կարծիքը: Երբ ասում են, որ ստվեր կա,կամ ասում են 70 տոկոս է, որտեղի՞ց գիտեն: Այդ մարդիկ ի՞նչ է՝ ունեն սեփական վիճվարչությո՞ւն: Իրենք կարող են դատել միայն իրենց հարևանների ու բարեկամների գործունեությամբ, բիզնեսով, երբ գիտեն, որ նրանք ստվերում են աշխատում»:

Սերժ Սարգսյանը որպես հակափաստարկ բերեց այն, թե հարկերի հավաքելիությունը տանյոթից կազմում է քսանչորս տոկոս: Նա նշեց, թե հարևան երկրների հետ համեմատած շատ մեծ տարբերություն  չկա ստվերի առումով: Մյուս հարցին՝ մարդիկ լքում են երկիրը հատկապես անարդարության, օրենքի գերակայության բացակայության պատճառով, Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Իրոք, Հովիկ Աբրահամյանը շատ ճիշտ է ասում՝ չկա կախարդական փայտիկ, որ կարճ ժամանակում կարելի է հասնել դրան: Նայեք, տեսեք՝ մեր համախառն ներքին արդյունքը ինչքան է ավելացել, մեր բյուջեն էլ կրկնապատկվել է: Այդ ինչպե՞ս է լինում,  որտեղի՞ց, մենք չունենք բյուջեի համալրման այլ աղբյուր»:

Նախագահը հորդորեց ենթադրություններով չխոսել ու չասել, որ արտագաղթի տեմպերն ահագնացել են: Նա զարմացավ. «Դուք սուրճի բաժա՞կ եք նայում, մենք ունենք վիճվարչություն, որը հստակորեն բոլոր թվերը տալիս է: Ո՞վ է ասում, որ արտագաղթի տեմպերը ահագնանում են»: Նախագահը նկատեց, թե իննսունականներին ավելի մեծ էր արտագաղթը ու հորդորեց ծանոթներից ու բարեկամներից հետաքրքրվել: Սերժ Սարգսյանը համամիտ չէ, որ ՀՀ-ն լքում են անարդարության պատճառով, այլ համարում է, որ ՀՀ-ն լքողների մեծամասնությունը գնում են պայմանների ետևից: Որպես արտագաղթի պատճառ՝ ՀՀ նախագահը նշեց հայկական սփյուռքի առկայությունը ու չավարտված պատերազմը, և այն, որ ծնողներն անհանգստանում են իրենց զավակների անվտանգությամբ:

Նշենք, որ լրագրողների հետ հանդիպումից հետո ՀՀ նախագահը մասնակցեց «Բազե-2014» հավաքի գալա- համերգին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Անահիտ (ԵՊՀ) says:

    Բյուջեի կրկնապատկումը ով է զգում…???
    Անշուշտ, Գալուստը, Հովիկը և հարակից քաջնազարները…
    Իսկ այդ բոլորը օր օրի մոլեգնող անարդարության և մարտնչող կռապաշտության ուղղակի հետևանքն է…
    Պետք չէ ,,ամենայն հայոց իմաստուն,,-ի պատմուճան հագած` բարեկրթության դասեր տալ…
    (Տավուշեցի)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031