Անցած տարի նոյեմբերի 5-ին «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի կազմակերպած հեղափոխության մասնակից, մյուս ընկերների նման «խուլիգանության» մեջ մեղադրվող Արմեն Հովհաննիսյանը այսօր քննադատեց ՀՀ իշխանությունների վարած ներքին ու արտաքին քաղաքականությունը:
«Մինչ օրս գտնվում եմ իշխանական գերության մեջ: Իշխող էլիտան երկրի ներքին ու արտաքին քաղաքականությունը ձեւավորում է սեփական կարիքները սպասարկելու համար: Իսկ երկրում այնպիսի մթնոլորտ է ձեւավորվել , որ գործազրկությունը, ցածր աշխատավարձը ու մնացած սոցիալական խնդիրները ստիպում են քաղաքացիներին ոչ միայն հեռանալ հայրենիքից, այլեւ հրաժարվել Հայաստանի քաղաքացիությունից»,- Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ասաց Արմեն Հովհաննիսյանը:
Նա պատմեց, որ քսան տարի ծառայել է ՀՀ ուժային կառույցներում. «Ու քսան տարի սպասարկել եմ այս ռեժիմի կարիքները, բայց այդ ընթացքում չեմ տեսել գոնե մի որոշում, որը մեր կառավարությունն ընդունի հանուն ժողովրդի բարօրության կամ մեր պետության հզորացման: Երկրում շատ վաղուց արդեն ստեղծվել է հեղափոխական իրադրություն: Ի տարբերություն իշխող էլիտայի՝ ունեմ պետական մտածելակերպ, դրա համար դուրս եմ եկել հեղափոխության: Իրականացրել ենք արժեքների հեղափոխություն, ու մենք տանուլ չենք տվել, մեր հեղափոխությունը կայացել է: Որովհետեւ այն բռնությունը, որը իշխանությունը գործադրել է մեր նկատմամբ, հատուկ ցուցումով, միակողմանի կատարված նախաքննությունը, դատավարական ընթացքում տուժողների ու վկաների բացահայտ սուտ ցուցմունքները ցույց են տալիս, որ իշխող էլիտան այլեւս ի վիճակի չէ վերահսկելու այն իրավիճակը, որը ստեղծել է հանրապետությունում: Եթե պետք է դատվենք, ապա դատեք մեզ որպես հեղափոխականների»;
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև