«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների գործով դատական նիստի վերջում այսօր ամբաստանյալները հայտարարություններ արեցին:
Ավետիս Ավետիսյանը անդրադարձավ ամիսներ առաջ դատարանի դիմաց ոստիկանների ուղղությամբ կրակած Հայկ Կյուրեղյանին, մտահոգություն հայտնեց, որ նրա նկատմամբ նոր հոդված են առաջադրել, արգելանք կա նրա հետ տեսակցությունների ու հեռախոսազանգերի վրա. «Հոգեբանական ճնշում են գործադրում, խորհուրդ եմ տալիս Հայկին չկոտրվել, էդ էլ կանցնի»:
Հետո ասաց, որ իրենք՝ հեղափոխականներով, դուրս էին եկել փողոց հեղափոխություն անելու. «Որովհետեւ չենք կարող հանդուրժել, որ սրանք կործանեն մեր երկիրը, չենք կարող հանդուժել, թե ինչպես են այս իշխանությունները սպասարկում Ռուսաստանի շահերը»:
Հետո ասաց, որ մեծ ճնշումներ են սկսել իրենց ընտանիքների վրա. «Ամեն ինչ անում են, որ գան մեզ ասեն, թե հետ կանգնենք մեր պայքարից: Չգիտենք թե մեզնից ով ինչքան կնստի, բայց ով էլ շուտ դուրս գա, լծվելու է ազգի փրկության գործին»:
Կարդացեք նաև
Ալեք Պողոսյանն էլ հայտնեց, որ հետեւում է Շանթ Հարությունյանի օրինակին. «Որպես հեղափոխության համահեղինակ՝ գտնում եմ, որ խուլիգանություն չեմ արել, եւ ես նույնպես պահանջում եմ՝ վերաորակել իմ դեմ առաջադրված մեղադրանքը՝ փոխելով իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություններ կատարելու մեղադրանքով»:
Մեղադրանքի վերաորակում պահանջեց նաեւ Վարդան Վարդանյանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ