Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Գորիսում կայացավ թթի փառատոնը, որի խորհրդանիշը չոր թութն էր (ֆոտոշարք)

Օգոստոս 23,2014 19:18

12347Գորիսում թթի փառատոն էր: Քաղաքի մանկական զբոսայգում Սյունիքի մարզի համայնքները ի ցույց էին դրել իրենց համայնքներին բնորոշ ավանդական ճաշատեսակները, միրգն ու բանջարեղենը: Կապանը հանրահայտ իր կուրկուտ ճաշատեսակն էր նաև բերել, Մեղրին արևահամ իր բերքն ու բարիքը: Ակներ գյուղը իր թանն ու գոմեշի մածունն էր բերել և նույնիսկ սմբուլ: Տաղավարներում օրվա խորհրդանիշն էր`թութը, բայց չոր, քանի որ թթի ժամանակն արդեն անցել է: Եվ իհարկե նաև՝ թթի օղին ու դոշաբը:
Փառատոնին մարդիկ ներկայացրել էին նաև իրենց ձեռքի աշխատանքները: Գորիսի կանանց զարգացման «Ռեսուրս» կենտրոնի կանայք թել էին մանում, գորգ գործում, ցուցադրում իրենց պատրաստած հուշանվերները: Հարթաշենցի Կարինեն երկանք էր աղում`խառնելով ժամանակների հերթականությունը: Գորիսի արվեստի դպրոցը այցելուների ուշադրությունը գրավել էր յուրօրինակ կտավով, ուր հին Գորիսն էր` իր մարդկանցով, նիստ ու կացով, մատուռներով, քարանձավներով:
Գորիսը ներկայացրել էր իր ավանդական ճաշատեսակները, որով նա հյուրասիրում է իր հյուրերին: Իսկ դա տոլման էր, լոբին, խաշլաման և այլն:
Փառատոնը, որի նպատակը մարզում զբոսաշրջության խթանումն էր, աշխուժություն էր բերել քաղաքին: Այստեղ էին աշխարհի տարբեր ծայրերից ժամանած զբոսաշրջիկներ, որոնք ոչ միայն համտեսում էին մարզի ուտեստներից, բերք ու բարիքից, այլև գնումներ  կատարում:
Նման փառատոների կազմակերպումը նշանակում է, որ երկրի զարկերակը խփում է համաչափ:Ու քանի որ փառատոն է, այն էլ թթի, մարդիկ բաժակ են բարձրացնում, կենաց ասում, խմում սահմանում կանգնած մեր տղաների կենացը, նրանց մաղթում նոր ուժ ու կորով:
Թթի փառատոնին շուք հաղորդեցին նկարչական ցուցահանդեսները, սպորտային մրցումները, և, իհարկե նաև լարախաղացը:
Գորիսում ժամանակների խրախճանք էր: Հորդում էին գինին և ուրախությունը, պարը ,երգն ու երաժշտությունը:
Ալվարդ ՄԵՍՐՈՊՅԱՆ
Գորիս

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031