Լրահոս
Օրվա լրահոսը

Պարույր Հայրիկյան. «Ես ուզում էի դրական գնահատական տալ Ռուզանին» 

Օգոստոս 23,2014 17:42

Վարչապետը դրական է արձագանքել Հայրիկյանի առաջարկին 

«Ինքն ընկալեց, թե ինչի մասին է խոսքը եւ ասաց, որ այդ հարցը կքննարկի համապատասխան ծառայությունների հետ: Ես էլ ասացի` իմ անելիքն արել եմ` օգնել եմ, որ մարդիկ հիշեն, որ օդում կախված այդպիսի հարց կար, եթե հիմնավորման համար պետք լինեմ` կանչեք, որպեսզի իմ մոտեցումը ներկայացնեմ: Եղեռնը շատ մեծ, ազգային, բայց բացասական երեւույթ է, ու այն որեւէ բանի հետ համատեղելու չի: Դա մեր ճակատագրի, լինել-չլինելու հարց է: Ինքը համաձայնեց: Այսինքն, դրական արձագանք ստացա, թե շարունակությունն ինչ կլինի` կյանքը ցույց կտա»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԻմ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

Հիշեցնենք, Պարույր Հայրիկյանն օրերս, մամուլի ասուլիսում հայտարարեց, որ հանդիպելու է վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ` քննարկելու Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքից արցախյան պատերազմում զոհվածների շիրիմները Կոմիտասի եւ Եռաբլուր պանթեոն տեղափոխելու հարցերը: 

Արցախյան ազատամարտում զոհվածների աճյունները Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքից տեղափոխելու մասին Պարույր Հայրիկյանի առաջարկը դուր չէր եկել Մովսես Գորգիսյանի կնոջը: «Երբ բարի կամքի դրսևորում են ուզում ցուցաբերել, առաջարկն անում են այլ կերպ: Քանի որ ընտանիքի անդամներն են ամենացավոտը դա տանում, որպես երբեմնի բարեկամ՝  նա պարտավոր էր իր հավակնությունները, անձնական վիրավորանքները, որի պատճառն էլ չուներ, մի կողմ թողնել և գուցե իմ աղջկա աչքերին նայեր, հետո՞ նման առաջարկ աներ»,-Aravot.am-ի հետ զրույցում վրդովվել էր Մովսես Գորգիսյանի այրին: 

168.am-ին տված հարցազրույցում Պարույր Հայրիկյանը, անդրադառնալով Aravot.am-ում Ռուզան Գորգիսյանի հարցազրույցին, մասնավորապես ասել է. «Իմ կարծիքով՝ դա խեղաթյուրված հոդված է: Ինքն ընդամենը ասել է, որ առաջինն ինքն է դրա մասին մտածել: Լավ է արել, ո՞վ է դեմ: Ես կասկածում եմ, դրանք երևի լրագրողական բաներ են»: Aravot.am-ը հրապարակեց խոսակցության ձայնագրությունը:

Պարույր Հայրիկյանից հետաքրքրվեցինք` չի՞ պատրաստվում որեւէ քայլ անել: «Ես ուզում էի դրական գնահատական տալ Ռուզանին… ինքն էնտեղ շատ է իրեն հակասում` եւ կողմ է, եւ դեմ է, եւ առաջինն է, եւ տասներորդն է, ինչ-որ բաներ, որ վայել չէր իրեն: Ես սկզբից խիստ արտահայտվեցի, հետո, փորձեցի մեղմել, որ կարող է ինչ-որ բան շփոթել է լրագրողը»,- ասաց Պարույր Հայրիկյանը` հիշեցնելով, որ այդ թեման ԱԻՄ-ն արդեն տարիներ շարունակ բարձրաձայնում է, բացի այդ, մինչեւ վարչապետի հետ իր հանդիպումը, հունիսի 29-ին ԱԻՄ-ը գրավոր ուղերձով դիմել է կառավարությանը: Իր` Հայրիկյանի անհատական ուղերձը եղել է դրանից հետո:

Հետաքրքրվեցինք` ինչո՞ւ Հայրիկյանը չի փորձել նախապես հարցը քննարկել Գորգիսյանի ընտանքիքի անդամների հետ` հրապարակային առճակատումներից խուսափելու համար: «Ախր դա ընտանիքին վերաբերվող հարց չի: Ես խոսում եմ Ցեղասպանության հուշարձանի մասին: Ընտանիքի հետ պայմանավորվել` համաձայն ե՞ք, թե` ոչ, նման հարց գոյություն չունի: Ընտանիքի հետ պետք է համաձայնեցվի` ո՞ւր կուզեիք որ տարվի: Ես գտել եմ, որ Մովսեսը պետք է տարվի ամենալավ տեղը: Ու քանի որ նախկինում դրա մասին խոսվել է, ես զարմանում եմ, թե ինչի՞ հանկարծ… դրա մասին հաճախ ենք մենք խոսել: Ինչի՞ հանկարծ էսպես արձագանքեցին: Աստված իրենց հետ: Ես իմ պարտքն եմ կատարել ամբողջ կյանքում, եւ ով ուզում է լինի, չի կարող ինձ իմ դիրքորոշումից շեղել: Կարող է ասել, որ ինչ-որ բան այլ կերպ կարելի է անել, բայց իմ դիրքորոշումից շեղել` չի կարող»: 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Չեմ հասկանում Պ.Հայրիկյանին ուղղված այս բոլոր հարձակումները. հատկապես երբ դա անում են ռուսավասալները: Բացարձակ չեմ հասկանում նաև թե ինչու՞ են Եղեռնի հուշահամալիրը ազգային սինվոլ դարձրել. էդ ինչ մի հպարտանալու բան կա,որ քեզ …-ի պես կոտորել են:

  2. Արմեն says:

    Հայրիկյանի հետ համաձայվելը իմ համար միշտ անընդունելիի շարքից է եղել, սակայն այս դեպում երկու ձեռքով եմ համաձայն

  3. Գաբրիել says:

    Նման առաջարկ կարող էր անել ՀՀ ցանկացած քաղաքացի եւ ընդհանրապես ցանկացած հայ եւ բոլորովին պարտադիր չէր, որ դրա դիմաց արժանանար մոլագար դիվահարների հարձակման: Իսկ ճիշտ լուծումներ գտնելը, հարազատների հետ համաձայնեցնելը եւ պատշաճ ձեւով իրականացնելը արդեն համապատասխան կառավարական մարմինների գործն է եւ պարտականությունը:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031