Հայաստանցի ծանրորդը սահմանեց պատանիների աշխարհի եւ օլիմպիական խաղերի նոր ռեկորդ:
Այսօր Չինաստանի Նանկին քաղաքում ընթացող 2-րդ պատանեկան օլիմպիական խաղերում ամենաերջանիկը Հայաստանի պատվիրակությունն է:
Ծանրորդների պայքարում հայաստանցի +85 կգ քաշային ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը փառահեղ հաղթանակ տարավ՝ մեր երկրի մեդալների հավաքածուն համալրելով երկրորդ բարձրագույն պարգեւով: Նրա մրցելույթները պարզապես զարդարեցին ծանրորդների մրցաշարը: Սիմոնը թե’ պոկում, թե’ հրում վարժություններում, ինչպես եղել էր պատանիների աշխարհի առաջնությունում, իր առաջին մոտեցումները կատարեց այն ժամանակ, երբ բոլոր մրցակիցներն ավարտել էին մոտեցումները եւ ցուցադրել իրենց առավելագույն կարողությունները:
Կարդացեք նաև
Երբ մյուս յոթ մասնակիցներից վերջինը՝ սերբ Տամաշ Կայդոշին, պոկում վարժությունն ավարտեց 150 կիլոգրամով, Սիմոնն առաջին մոտեցման համար պատվիրեց 170 կգ ու շատ թեթեւ պահելով գլխավերեւում՝ դարձավ հաղթող: Այնուհետեւ, նա գնաց 183 կգ-ի, որը մեկ կիլոգրամով գերազանցում էր Լեհաստանում իր իսկ սահմանած աշխարհի պատանիների ռեկորդը: Մի փոքր դժվարությամբ, հայ մարզիկն, այնուամենայնիվ, այդ քաշն էլ բարձրացրեց, սակայն մրցավարներն այն չհաշվեցին: Պատանի ծանրորդը գնաց 183 կգ-ի, սակայն այդ ծանրությունը այս անգամ չենթարկվեց նրա կամքին:
Հրում վարժությունում պատկերը կրկնվեց, բայց ավելի տպավորիչ ու համոզիչ: Կրկին մնալով միայնակ՝ Սիմոնը նախ բարձրացրեց 192 կգ-ն ու ապահովեց պատանեկան օլիմպիական չեմպիոնի կոչումը, ապա սանձեց 205 կգ-ն, իսկ վերջին մոտեցումով իր տարիքային խմբի աշխարհի նոր ռեկորդ գրանցեց՝ 221 կիլոգրամ:
Երկամարտում վաստակելով 391 կգ՝ Սիմոն Մարտիրոսյանը ոչ միայն 55 կիլոգրամով ետ թողեց երկրորդ տեղն զբաղեցրած սերբ ծանրորդին, այլեւ սահմանեց պատանեկան օլիմպիական խաղերի նոր ռեկորդ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ