Լրահոս
Օրվա լրահոսը

Հոգեբան. «Պետք է ինտերնետի լայն, ճանաչողական հնարավորությունները կարեւորել»

Օգոստոս 23,2014 16:08

 Աննա Բադալյանը ծնողներին խորհուրդ է տալիս վաղ մանկական տարիքից խոսել երեխաների հետ, քննարկել երեւույթները:

«Սա կարելի է որակել դարի բարիք եւ դարի չարիք»,- այսօր՝ օգոստոստի 23-ին, «Երկու երես» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով համացանցի ազդեցություններին, հայտարարեց հոգեբան Աննա Բադալյանը:

Նրա խոսքերով՝ համացանցը թե՛ մեծերի եւ թե՛ փոքրերի համար ունի նույն ազդեցությունը ե՛ւ դրական, ե՛ւ բացասական: Նա համարում է, որ համացանցը ներանձնայնացման փակ օղակ է ստեղծում, եւ արդյունքում՝ անհատը կորցնում է շփման հմտությունները, շրջապատի հետ շփման ունակությունները, կենդանի խոսքը, հայացք, եւ այդ ամենը դառնում են երկրորդական. «Երեխաների հետ կապված տարիքային առանձնահատկությունները պետք է հաշվի առնենք, որովհետեւ յուրաքանչյուր տարիք պահանջում է հատուկ մոտեցում ու արդյունքում ստացվում է այնպես, որ հոգեբանական դրսեւորումները, որ երեխան պետք է զարգանա հոգեբանորեն, աճի, մեծանա հասունանա կենդանի շփման մեջ, արդյունքում ստացվում է, որ նա պարփակվում է էկրանով: Երեխայի մոտ կորում է համարձակությունը, կարող են առաջանալ որոշակի ֆոբիաներ, օրինակ՝ մարդկային շփումից, համարձակ լինելուց, նպատակասլաց լինելուց, որովհետեւ այն, ինչ պետք է իրեն դաստիարակեր կամք, արդյունքում ստացվում է, որ համակարգչի փոքրիկ մկնիկը կարող է ղեկավարել այդ ամենը՝ առանց հոգեբանական ճիգ օգտագործելու»:

Հոգեբանի կարծիքով՝ եթե ծնողներն առանց բացատրելու փորձեն իրենց երեխաներին հետ պահել, ապա հնարավոր է, որ առաջանա հակառակ ռեակցիան: Նա խորհուրդ է տալիս վաղ մանկական տարիքից խոսել երեխաների հետ, քննարկել երեւույթները. «Դա պետք է լինի օրվա մի մասը, սխալ կլինի երեխային ինտերնետից ընդհանրապես զրկել, եւ ինտերնետ ասածը չպետք է լինի միայն սոցիալական ցանց: Պետք է ինտերնետի լայն, ճանաչողական հնարավորությունները կարեւորել, եւ պետք է, որ երեխան դրանից օգտվի, որովհետեւ դրանով աշխարհն իր համար ավելի փոքր է դառնում, եւ ինքը կարողանում է հնարավորություն գտնել աշխարհը ճանաչելու, ընկալելու, գեղեցիկի հետ շփվելու: Ինտերնետը կարող է երեխայի մեջ ճաշակ ձեւավորել, ուղղակի այդ ամենը պետք է ռեժիմի մեջ լինի, պետք է չհասնի պատժի սահմանին, որովհետեւ պատիժը կարող է հակառակ հոգեբանական ռեակցիան բերել»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031