Լրահոս
Օրվա լրահոսը

Շանթ Հարությունյանը պահանջեց վերաորակել իր դեմ առաջադրված մեղադրանքը

Օգոստոս 23,2014 15:31

«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների գործով դատական նիստին այսօր երեք վկա հարցաքննվեց:

Վկաներից ոստիկան Վիգեն Հարությունյանի դատաքննական ու նախաքննական ցուցմունքները տարբերվում էին: Նախաքննական ցուցմունքում նա պատմել էր, որ նոյեմբերի 5-ին Շանթ Հարությունյանի ընկերներից Տերտերյանը հարվածում էր քաղաքացիական հագուստով ոստիկանին, իսկ այսօր ասաց՝ չի հարվածել, քաշքշել է:

Փաստաբան Արա Զաքարյանը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է նախաքննական ցուցմունքում հարվածելու մասին գրել, ինչ-որ մեկի թելադրանքո՞վ էր, ոստիկանը միայն ասաց՝ ոչ:

Այսօր կային նաեւ դատարան չներկայացած վկաներ, որոնց նախաքննական ցուցմունքները դատախազ Գեւորգ Գեւորգյանի  միջնորդությամբ հրապարակվեցին դատարանում:

Շանթ Հարությունյանը ցուցմունքների հրապարակումից հետո միջնորդեց իրեղեն ապացույց ճանաչել իր որդու զրահաբաճկոնը՝ պնդելով, որ այն հագցրել է որդուն, որովհետեւ նախապես իմացել է, թե հանձնարարել էին իրեն ու Շահենին սպանել: Միջնորդությանը միացավ նաեւ նրա պաշտպան Ինեսա Պետրոսյանը, բայց առարկեց դատախազ Գեւորգյանը: Դատարանը որոշեց մերժել միջնորդությունը:

Շանթ Հարությունյանն էլ անվստահություն հայտնեց դատախազի նկատմամբ՝ պնդելով, որ նա չարաշահում է պաշտոնական դիրքը:

Դատավորը պահանջեց գրավոր ներկայացնել այդ միջնորդությունը:

Պարոն Հարությունյանը նաեւ հավելեց, որ պահանջում է վերաորակել իր մեղադրանքը՝ ոչ թե խուլիգանության, այլ իշխանության ներկայացուցչի  նկատմամբ բռնություններ կատարելու մեղադրանք:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031