Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի «ջրերը» սկսում են նույն «առվով չհոսե՞լ» 

Օգոստոս 23,2014 12:18

Խնդիրը վարչապետն է 

«Հովիկ Աբրահամյանի կառավարությունը ավարտված էր նշանակման օրվանից: Մենք ի սկզբանե գիտեինք, որ փուչ են այս հույսերը: Որոշ մարդիկ դեռ կասկածում էին, դեռ հույսեր կապում, դեռ մտածում էին, որ անձի փոփոխությամբ ինչ-որ բան կարող է լուծվել»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում օրերս ասել էր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը` հիշեցնելով, որ քառյակում իրենց որոշ գործընկերներ առաջարկում էին նոր կառավարությանն աշխատելու ժամանակ տալ:

ՀԱԿ խմբակցության ղեկավարի այս դիտարկումները հնչեցին ի պատասխան վարչապետ Հովիկ Աբրահամյանի այն հայտարարության, որ իրեն ժամանակ է պետք ստվերի դեմ պայքարի համար: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն այդ հայտարարությունը որակել էր «ձախողման խոստովանություն»: 

Հիշեցնենք, վարչապետը մասնավորաբար ասել էր. «Դուք մտածում եք, որ ես ասել եմ ստվերի դեմ պայքարում ենք, ես կախարդական փայտիկով խփելու եմ, ու բոլորը գալու են հարկային դա՞շտ: Ոչ: Դա ֆինանսական կորուստ է մարդկանց համար, նրանք ֆինանսներից դժվար են բաժանվում: Հիմա այդ դժվարության համար, հաղթահարելու համար ժամանակ է մեզ պետք: Բայց որ գնալու ենք դրան, կամաց-կամաց վերացնելու ենք և կամաց-կամաց արձանագրելու ենք հաջողություն, ես դրանում ուղղակի համոզված եմ»: 

Հովիկ Աբրահամյանի կառավարությանն աշխատելու եւ դրսեւորվելու ժամանակ տալու առաջարկով հանդես էր եկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Aravot.am-ի հարցին` ԲՀԿ-ում ինչպե՞ս են վերաբերվում քառյակի գործընկերոջ դիտարկումներին, ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը պատասխանեց. «ԲՀԿ-ն անշուշտ ունի իր շատ հստակ ընկալումը եւ պատկերացումն առկա իրավիճակի, մասնավորապես, առանձին վերցրած հարցերի վերաբերյալ: Բայց պիտի խնդրեմ, որ հնարավորություն տաք` կուսակցության պաշտոնական տեսակետը ձեւավորվելուց հետո այն ձեզ ներկայացնեմ»:

Տիգրան Ուրիխանյանին խնդրեցինք ներկայացնել թեկուզ սեփական դիտարկումները` քառյակի 12 կետերի կատարողականի վերաբերյալ. արդյոք կառավարությունն ընդառաջ քայլեր արե՞լ է: «Քայլեր արվել են, իսկ թե ինչպիսին են արդյունքները, բնականաբար, բոլորի համար տեսանելի է»,- ասաց Տիգրան Ուրիխանյանը` հավելելով, որ ԲՀԿ-ականներն էլ ապրում են այն իրականության մեջ, որում ապրում է ՀՀ ժողովուրդը. «Մենք ունենք մեր պաշտոնական տեսակետը, պարբերաբար հայտարարում ենք այն, ունենք մեր անելիքների վերաբերյալ մեր տեսլականը: Մեր գործողությունները շատ պարզ են լինելու»: 

Հիշեցնենք, որ վերջերս, «Գալա» հեռուստաընկերության հետ զրույցում, ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն այս առիթով ասել էր, որ կառավարությունը որոշակի քայլեր արել է, բայց քառյակում դրանք դեռ պետք է ամփոփվեն: «Իհարկե խնդիրներ կան, որոնց դեպքում որոշակի դրական տեղաշարժ եղավ, եւ դրա մասին չխոսելը, իհարկե, ազնիվ չի լինի, բայց խնդիրներ կան, որոնք ընդհանրապես չեն լուծվել»,- ասել էր տիկին Զոհրաբյանը: 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031