Հարցազրույց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ
-Քառյակի երեք ուժերը` ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն «Ժառանգությունը», վարչապետի հետ միասին մեկնեցին Արցախ եւ Հայաստանի սահմանամերձ գյուղեր, որպես պատգամավորներ դա նաեւ ձեր առաքելությունն է: Բայց ինչո՞ւ այդ այցը ստացավ «սեփական PR-ն են անում» որակումը, անգամ նշվեց, թե քաղաքական ուժերը փորձեցին օգտվել բանակի հաջողություններից: Գուցե խո՞րթ է, որ մշտապես նեղ շահերով զբաղված կուսակցություններն այս անգամ առաջնորդվեցին զուտ պետական շահով:
-Մեր քաղաքական դաշտում կա ուժերի եւ գործիչների մի տեսակ, որոնք բացարձակապես ոչինչ չեն անում ու միայն փնովում են գործ անողներին: Երբ հասարակ ժողովուրդն է մեզ մեղադրում, ու եթե անգամ այդ մեղադրանքը արդարացված չէ, որովհետեւ առկա ծանր վիճակից նա ուզում է օր առաջ դուրս գալ, ես նրան հասկանում եմ:
Բայց երբ նման կերպ վարվում են ինչ-որ քաղաքական ուժեր, մանավանդ ընդդիմադիր դաշտից, որոնք իրականում ոչինչ չեն անում, փոխարենը զբաղված են հատկապես ընդդմադիր ուժերի քննադատությամբ, ես համարում եմ, որ նրանք ոչ թե քաղաքականությամբ են զբաղված, այլ պոլիտիկանությամբ:
Կարդացեք նաև
Նրանք, ովքեր մեր կատարած քայլը PR կհամարեն, պատրաստ չեն հասկանալու մի շատ կարեւոր բան. երբ դու դիրքերում կանգնում ես այն զինվորի կողքին, որի զինվոր ընկերոջը օրեր առաջ սպանել են բաշիբոզուկները, ինքն զգում է, որ արժեւորվում է իր կատարած գործը, ինքնագնահատականը մեծանում է: Հասկանում է, որ ինքն արել է մի բացառիկ կարեւոր բան, որի առաջ խոնարհվում են տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչները ու ասում` զինվոր, մենք քո կողքին ենք:
Կրկնում եմ, զինվորը կարողացավ առանց մեծ-մեծ խոսելու համախմբել մեզ բոլորիս ու իր օրինակով մեզ ցույց տվեց, որ ամեն մեկն իր տեղում պետք է լինի, քանի որ ինքն իր տեղում է, եկել է սահման պաշտպանելու, որը կատարում է սրբորեն:
Ու հիմա մենք` քաղաքական ուժերի ներկայացուցիչներս, պետք է մեզ հարց տանք. իսկ մենք մեր տեղո՞ւմ ենք: Սրանից մի կարեւոր հետեւության էլ պիտի հանգենք. այդ ինչպե՞ս եղավ, որ բոլորիս համախմբողը դարձավ մեր զինվորը… ու նաեւ ինչպե՞ս է լինում, որ կարողանում ենք կրիտիկական պահերին համախմբվել, հաղթել, բայց խաղաղությանը պարտվում ենք` մեր իսկ ներսում:
Ի դեպ, սահմաններ գնալը եղել է ընդդիմության առաջարկը: Երբ պաշտպանության նախարարը մեզ հրավիրեց հանդիպման, իսկ այս ամբողջ ընթացքում Սեյրան Օհանյանի կատարած բոլոր քայլերը շատ տեղին էին, մեզ հարցրեց` ի՞նչ կառաջարկեք: Եվ մենք առաջարկեցինք գնալ Արցախ ու Հայաստանի սահմանային գյուղեր, ինչին միացավ նաեւ ԱԺ քաղաքական մեծամասնությունը, ապաեւ կառավարությունը:
Ցավալի է, երբ ցանկանում ես լավ բան անել, բայց նկատում ես, որ կողքից ուզում են ոմանք իրենց «փայը փախցնել», քաղաքական դիվիդենտներ շահել: Ու հիմա եթե այս քայլերը ինչ-որ մեկը փորձում է այլ կերպ ներկայացնել, դա արդեն մարդկային, քաղաքական դաստիարակության խնդիր է:
Արմինե Սիմոնյան
Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում: