«Հայոց Աշխարհ»-ի հարցերին պատասխանում է «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության անդամ ՍՏԵՓԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ
-Սեպտեմբերի վերջին նախատեսված «ամփոփիչ հանրահավաքը» թեժ աշնան նախակարապետ դարձնելու քառյակի հանձնառությունը մնո՞ւմ է ուժի մեջ։
-Ցանկացած որոշում ընդունելու է քառյակը. քառյակին վերաբերող բոլոր խնդիրները, այդ թվում՝ նաեւ հանրահավաքի անցկացման հետ կապված, լուծվում են կոնսենսուսով։
Բայց ենթադրում եմ, որ, այո, հանրահավաքը տեղի կունենա։ Համենայն դեպս չեմ տեսնում որեւէ պատճառ, որի համար քառյակը պետք է հրաժարվի իր առաջ քաշած ծրագրերից՝ բնականաբար ժողովրդի հետ միասին ամփոփելով 12 կետերի կատարման ընթացքը։
-Վերջին համատեղ հայտարարությունից հետո քառյակը նիստ չի՞ գումարել։
-Նիստ չի գումարվել, բայց մշտապես եղել են երկկողմ, նույնիսկ եռակողմ հանդիպումներ տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։
Կարդացեք նաև
-Դուք խոսել էիք կուսակցությունների առաջնորդների հնարավոր հանդիպման մասին. այդ հարցը քննարկվե՞լ է, թե՞ դա եւս ենթադրությունների ոլորտից է։
-Ո՛չ մեկը, ո՛չ մյուսը։ Ինձ հարցրել են՝ կարո՞ղ է լինել նման հանդիպում, ասել եմ՝ չի բացառվում։ Մենք ունենք պայմանավորվածություն, քառյակի որոշում՝ ցանկացած պահի, երբ անհրաժեշտություն առաջանա, ղեկավարները կարող են հանդիպել եւ տարբեր խնդիրներ քննարկել։ Նույն ձեւով հիմա, եթե անհրաժեշտություն զգացվի, այդ հանդիպումը կլինի։
Կարծում եմ, նման հանդիպումները միշտ օգտակար են՝ որեւէ մեկը չի խուսափում դրանից. գոնե ԲՀԿ-ն որեւէ խնդիր չի տեսնում՝ հարկ եղած դեպքում ղեկավարների հանդիպում կազմակերպելու։
-Կարծիք կա, թե սահմանային սրացումները շարունակվելու դեպքում քառյակի «պահանջատիրությունը»՝ 12 կետերի հետ կապված, կարող է մղվել երկրորդական պլան։ Ի՞նչ կասեք այդ մասին։
-Այդ մեկնաբանությունները ոչ միայն տեղին չեն՝ տրամաբանական էլ չեն։ Քառյակի պահանջներն ինքնանպատակ չեն՝ հենց այնպես պահանջներ չեն, այլ ծնվել են երկրի առջեւ ծառացած մարտահրավերներից։ Տվյալ բնագավառի հետ կապված այս կամ այն պահանջը չկատարելու պարագայում այդ բնագավառը պարզապես փլուզվում է, եւ եթե ուզում ենք երկիրը զերծ պահել ցնցումներից, այդ ուղղությամբ ինտենսիվ աշխատանք պիտի տանենք։
Լիլիթ Պողոսյան
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում: