Լրահոս
Օրվա լրահոսը

Ամառային դպրոցը միավորել էր բազմազգ ուսանողներին

Օգոստոս 23,2014 13:45

Օգոստոսի 11-19-ը Մանկավարժական համալսարանի նախաձեռնությամբ Հայաստանում անցկացվեց միջազգային ամառային դպրոց: Հայկական պետական մանկավարժականի, Ֆինլանդիայի Օուլուի, Լիտվայի Կրթական գիտությունների համալսարանների համագործակցության շրջանակներում եւ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ թվով 40 ուսանող, այդ թվում՝ 7-ը Ֆինլանդիայից, 10-ը` Լիտվայից, 5 ուսանող՝ Արցախի պետական համալսարանից եւ 18-ը՝ Մանկավարժական համալսարանից, ՀՊՄՀ Աղավնաձորի ուսումնական բազայում անցկացրին իրենց ամառային հանգիստը՝ հագեցած հետաքրքիր, ճանաչողական ծրագրով: Այս ծրագրի շրջանակում Մանկավարժական համալսարանի լավագույն ուսանողներից տասն իրենց ամառային հանգիստն անցկացրին Ֆինլանդիայում, տասը՝ Լիտվայում:

Հայաստանյան «Ամառային դպրոցի» շրջանակներում հայ, ֆինն եւ լիտվացի ուսանողները եղան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Տաթեւի միջնադարյան վանական համալիրում, Ամբերդում, Գառնու հեթանոսական տաճարում, Գեղարդի վանքային համալիրում: Օտարերկրյա ուսանողները հայ ընկերների հետ լողացին Սեւանա լճում, բարձրացան Արագած լեռը, այցելեցին Մատենադարան եւ Գաֆեսճյան թանգարան: Մասնակիցները եղան ՀՊՄՀ-ում՝ ծանոթացան նաեւ Հայկական պետական մանկավարժական համալսարանի ստեղծմանն ու ժամանակագրությանը: Վերջին վայրը, ուր այցելեցին ուսանողները, Ծիծեռնակաբերդն էր` Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրը: «Դպրոցում սովորելու տարիներին պատմական գրքեր շատ եմ կարդացել: Լսել էի հայերի ցեղասպանության մասին, եւ ինձ համար շատ կարեւոր էր ավելի շատ տեղեկատվություն իմանալ դրա մասին: Երբ մենք գնացինք Ծիծեռնակաբերդ, ես չեմ կարող նկարագրել, թե ինչ զգացողություններ ունեցա: Այդ վայրը յուրահատուկ ազդեցություն ունեցավ ինձ վրա. հուշաքարերը, անմար կրակը. դրանք ինձ ստիպեցին արտասվել»,- ասում է Ռուա Միլալոնիտեն՝ Լիտվայից: Պատմաճանաչողական այցերի արանքում, երեկոյան` Մանկավարժական համալսարանի Աղավնաձորի ուսումնական բազայում հայ, լիտվացի եւ ֆինն ուսանողները ներկայացնում էին իրենց երկրներն ու ավանդույթները, միմյանց սովորեցնում իրենց ազգային պարերը, ապա հյուրասիրում ավանդական ուտեստներով եւ խմիչքով: Փակման արարողությունը եւս տպավորիչ էր: ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի հայերենով, ապա անգլերենով ողջույնից հետո՝ ժամանցային եւ մշակութային գերհագեցած առօրյան մեկ տեսաֆիլմով, ապա հայկական ազգային պար` ֆինն եւ լիտվացի ուսանողների կատարմամբ: Հայկական մշակույթը երեկոյի ընթացքում ներկայացրին նաեւ Մանկավարժականի եւ Արցախի պետական համալսարանների ուսանողները, որին հաջորդեցին լիտվական ուրախ պարեր՝ հայ եւ ֆինն երիտասարդների կատարմամբ:

Լիտվայից ժամանած ուսանողուհի Նիկալոնիտե Ռուտան տպավորված է Հայաստանով. նմանատիպ ծրագրերում բազմիցս մասնակցած ուսանողուհին նկատում է` Հայաստան այցն ու Ամառային դպրոցն աննախադեպ էր: Սիրահարված է հայկական լեռներին, պատմական հուշարձաններին, մարդկանց ընկերասիրությանն ու հոգատարությանը: Հյուսիսային Եվրոպայից ժամանած ֆինն ուսանողուհի Դիանա Ջյուսոլան, ով երեկոյի ընթացքում ներկայացրեց ֆիննական մշակույթը, մարդկանց առօրյան ու ավանդույթները, չթաքցրեց` Հայաստանից մի կտոր իր հետ տանելու է Ֆինլանդիա, չէ՞ որ Ֆինլանդիայից մի կտոր էլ Հայաստան էր բերել: Նույն համալսարանի Միջմշակութային սկզբնական կրթության ֆակուլտետի ուսանողուհի Ստինա Պակոնեն նկատում է, որ մեկ ամիս առաջ չգիտեր էլ Հայաստան պետության գոյության մասին, իսկ այսօր առիթը բաց չի թողնում հայերենով բարեւելու:

Սեփ. լր.

«Առավոտ» օրաթերթ
22.08.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031