Ասում է Մարտակերտի դիրքերը պահող սերժանտ Էդուարդ Հարությունյանը
Ազատաշենցի Էդուարդ Հարությունյանը Մարտակերտի զորամասում է ծառայում, սերժանտ է: Օգոստոսի 19-ին նրան հանդիպեցինք դիրքերում: «Մեր գյուղում բոլորը վարդ են մշակում, անասնապահություն բան չկա, սաղ վարդ են մշակում, մեր գյուղը բարգավաճող գյուղ ա»,- ասում է Էդուարդը եւ ի պատասխան լսում «Հետքի» խմբագիր Էդիկ Բաղդասարյանի կատակ-հարցը՝ «կարո՞ղ է ձեր գյուղում ծառուկյանականներ կան»: «Հա, բա, մեր գյուղը սաղ բարգավաճ ա, էլի, մեր գյուղից պատգամավոր կա ԲՀԿ համամասնական ցուցակով, մենք էլ բոլորս բարգավաճ ենք»,- ի պատասխան կատակի՝ լուրջ-լուրջ, բայց մշտաժպիտ դեմքով պատասխանում է ազատաշենցի Էդուարդը: «Փաստորեն, սիրո՞ւմ ես Ծառուկյանին, հա՞»,- շարունակում է «փորփրել» Էդիկ Բաղդասարյանը, «հա, բա ոնց»՝ ասում է սերժանտը, ու մենք ափսոսում ենք, որ «Կենտրոն» հեռուստատընկերության նկարահանող խումբը այլ դիրքում է հիմա:
Ազատաշենցի Էդուարդը՝ Էդոն, կուսակցական չէ՝ «բայց դե համակրում եմ, էլի, իրենց»՝ ասում է ու հարցին՝ բա Հանրապետականները չե՞ն նեղում քեզ, ի պատասխան ծիծաղում է. «Չէ, ձեն հանող չի հանդիպել, մեզ մոտ տենց բաներ չկան, որ ջոգեմ՝ ձեն կհանեն, չեմ ասի, էլի»: Նրա ամեն խոսքը ինչպես ծառայակիցների, այնպես էլ հրամանատարների կողմից ծիծաղով է ընդունվում, ընկերներն էլ հաստատում են, որ Էդոն շատ հումորով է, իրենց ուրախացնում է, դեռ մի բան էլ՝ լավ երգում:
Երբ երեք ամսից զորացրվի, վերադառնա տուն, վարդերի բիզնեսով չի զբաղվելու, ասում է, որ որոշել է պայմանագրային զինծառայող դառնա. «Արարատի կողմերը պոստ կպահեմ, երեք տարով պայմանագիր կկնքեմ, նաղդ աշխատանք ա, էլի, հետո էլ կմտածեմ»: «Հետքի» խմբագիրը, թե՝ բա ընկերուհիդ կթողնի՞, «չի կարա չթողնի»,- հպարտ-հպարտ ասում է մեր սերժանտը, բայց ավելացնում, որ շուտ ամուսնանալու նպատակ չունի. «Ախպերս ինձնից փոքր ա, արդեն ամուսնացել ա, երեխա ունի… չէ, ես շուտ չեմ ամուսնանա»:
Հարցին՝ ի՞նչ ուրախ դեպք կհիշի ծառայությունից, պատասխանում է՝ «որ գնացի տուն՝ օտպուսկ», «բա ուրի՞շ»՝ հարցնում ենք, «մյուսն էլ՝ մյուս օտպուսկս»՝ պատասխանում է Էդոն՝ ժպիտով: Հրամանատարը կատակով, թե՝ «նայի, դու գերի չընկնես, հա՛», Էդոն էլ՝ հոնքերը բարձրացրած նետում է՝ էդ ես եմ իրանց գերի վերցնելու…
Հետո մեզ սուրճ է առաջարկում: Սուրճը համեմում է իր խաղաղություն բերող ժպիտով ու մատուցում: Շնորհակալություն, սերժանտ ջան:
Իսկ մինչ ազատաշենցի Հարությունյան Էդուարդը դիրքեր ժամանած հյուրերի համար ամենահյուրընկալ տանտիրոջ պես սուրճ է պատրաստում, խոսակցության թեման փոխվում է:
Մարտակերտի զորամասի հետախուզության պետ Յուրի Հովասափյանն ու դիրքապահները (ցավով նկատեցի, որ նրանց մի մասի անունները չկան ձայնագրությանս մեջ) քննարկում են վերջին դեպքերը, զինատեսակները, որ հակառակորդը թողել է՝ իր վիրավորներին եւ զոհերին փախցնելու համար: Կոնկրետ մի դիրքի վրա կատարված դիվերսիոն հարձակման մասին Յուրի Հովասափյանը ասում է. «Մինչեւ ատամները զինված են եղել, սկզբում քիչ են երեւացել, բայց մեր երեխեքը շատ ճիշտ են գործել, մարտը սկսել է, մեր երեխեքը մեծ վնաս են պատճառել: Ութ զոհ են թողել, ինը վիրավոր: Г- աձեւ են մոտեցել, որ շրջափակեն, բայց մեր տղերքը շատ ճիշտ են կողմնորոշվել»:
Հետո խոսում ենք հողից ու ջրից, ինչո՞ւ լավ չեն մշակվում Մարտակերտի հողերը, ի՞նչ մշակաբույսեր կան, ի՞նչ ծառեր ունեն: Կամաց-կամաց խոսակցությունը հասնում է ադրբեջանական գյուղերին: «Դիրքեր կան, որ մոտիկ են իրենց գյուղերը, բայց մեր դիրքերից հեռու են: Ջաբրայիլի կողմը դիրքեր ունենք, որ իրենց գյուղը պարզ երեւում ա, մարդկանց տեսնում ենք»,- ասում է Յուրին: «Բայց գյուղերի վրա չե՞ք կրակում, չէ՞»,- այս հարցս խորապես վիրավորում է մեր մարտիկներին՝ «հո մենք վանդա՞լ չենք, խաղաղ բնակչության վրա ինչի՞ պիտի կրակենք»՝ սառը հայացքով պատասխանում է հետախույզը: Հպարտությունից սիրտս ուռչում է: Հետո հիշում ենք մեր սպանված գերուն՝ Կարեն Պետրոսյանին, որին ադրբեջանական գյուղի պարզ մշակները փորձում էին պաշտպանել իրենց իսկ զինվորների ձեռքից, երեւի գիտեին, թե ինչ է գալու մոլորված տղայի գլխին: Եթե ադրբեջանցի գյուղացիների մասին խոսակցության ժամանակ խոսակցության տոնը չեզոք է, ինչ-որ տեղ՝ բարիդրացիական, ապա նրանց բանակի մասին խոսելիս բոլորը «փշոտվում» են. «Քարվաճառի դեպքերից հետո իրենք շատ վառված են մեզնից: Էդ դիվերսանտներին, որ բռնեցինք, իրենց տեղը չեն գտնում: Մերոնք Քարվաճառում էլ են շատ լավ կռիվ տվել, ահագին զենք ենք վերցրել: Չէ, իրենք ոչ մի պարագայում հաջողություն չունեն, չեն կարող: Մենակ դիվերսիաների քանակն են շատացնում, բայց որակ չունեն: Ոչխար են էլի…»,- պատմում են մեր տղաները:
«Ինձ հետ Չինաստանում սովորող ադրբեջանցիներ կային,-պատմում է Յուրին,- շատ հակահայկական էին տրամադրված, ամեն ինչ անում էին, որ մեր մասին մյուսները վատ պատկերացում ունենան, ինչ ասես՝ չէին անում, բայց լրիվ հակառակն էր դուրս գալիս»: «Դե, բնական է,-խոսում են մյուսները,- իրենց դպրոցներից, մանկապարտեզներից մեր դեմ են լարում, ատելություն են սերմանում…»:
Այս զրույցներն ավարտվում են, երբ հայտնվում է մեզ հյուրընկալած ազատանցի սերժանտը: «Առաջին ծեծդ հիշո՞ւմ ես բանակում»,- հրամանատարներին աչքով անելով՝ սերժանտ Էդոյին հարցնում է «Հետքի» խմբագիրը: «Հա, ոնց չեմ հիշում, առաջին ծեծը՝ ոնց-որ առաջին սերը, չի մոռացվում»,- ոտքի վրա թեւավոր խոսք է հորինում մեր կատակասեր սերժանտը, ու կատակով էլ մերժում է էժան վարդ գնելու կատակով արված մեր առաջարկները: Կատակը՝ կատակ, բիզնեսը՝ բիզնես:
Ոգեւորված ու մեր դիրքապահներով հիացած հեռանում ենք: Բարի ծառայություն ձեզ, մեր լավ տղաներ:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
22.08.2014