ՀՀ իշխանություններին թասիբի է գցել ադրբեջանցի գործարա՞րը
Երեկ ՀՀ կառավարությունը որոշեց Իրաքում տեղի ունեցած գործողությունների հետեւանքով տեղահանված ու տուժած եզդիներին 100 հազար դոլարին համարժեք դրամ աջակցություն տրամադրել:
Օգնությունը եզդիներին տրամադրեցին այն բանից հետո, երբ նախորդ հինգշաբթի կառավարության առաջ եզդիները մեծ բողոքի ալիք բարձրացրին՝ ՀՀ կառավարությանը մեղադրելով անտարբերության մեջ: Նրանք ՀՀ իշխանություններին կոչ էին անում միջազգային կառույցներում հայտարարություններով հանդես գալ Իրաքում եզդիների նկատմամբ կատարվող ջարդերի դեմ: Դրամական աջակցությունն, ըստ նախնական պայմանավորվածության, 50 հազար ԱՄՆ դոլար էր, սակայն երեկ կառավարությունը մտքափոխվել էր՝ գումարի չափը կրկնապատկելով: Գումարը պետք է տեղափոխվեր Իրաք «Սինջար» եզդիների ազգային միավորման միջոցով, սակայն ինչպես «Առավոտի» հետ զրույցում ասաց միավորման նախագահ Բորիս Մուրազին, անվտանգության նկատառումներից ելնելով, կառավարությանն առաջարկել են գումարը տեղ հասցնեն ՄԱԿ-ի փախստականների հարցերի բարձրագույն հանձնակատարի գրասենյակի միջոցով:
Թե ինչու 50 հազարը դարձավ 100 հազար դոլար, Բորիս Մուրազին մեկնաբանում է այսպես. «ՀՀ նախագահի եւ վարչապետի հանդիպումից ժամեր առաջ հայտնի է դարձել, որ ադրբեջանցի մի գործարար իր կողմից օգնություն է ուղարկել Իրաքցի եզդի փախստականներին: Նա ունի դաշտային խոհանոց, որը մեկ ժամում 4 հազար հոգու համար սնունդ է, պատրաստում է: Դրանից հետո Հայաստանը վատ դրության մեջ հայտնվեց եւ որոշեց օգնության չափը կրկնապատկել: Այսինքն՝ Ադրբեջանն այդ քայլով Հայաստանի իշխանություններին դիվանագիտական պարտության ենթարկեց: Ես վստահ եմ, որ ադրբեջանցի գործարարը առանց իրենց իշխանությունների թույլտվության չէր կարող նման քայլ անել, եւ քանի որ Ադրբեջանն էլ տեղյակ էր մեր կառավարության անտարբերությունից այս հարցի վերաբերյալ, դիվանագիտական քայլ արեց: Ես չեմ կարող ասել, որ ադրբեջանցիները մեր բարեկամներն են, որովհետեւ, ինչպես Իրաքի եզդիներից մեկն էր ասել, լավ կլինի ադրբեջանական հանրապետությունն իսլամիստական ահաբեկչական խմբավորումներից հետ կանչի իր տեռորիստ քաղաքացիներին եւ դրանով մեծ օգնություն ցուցաբերած կլինի»:
Բորիս Մուրազին, օրերս ՀՀ նախագահի գրասենյակի կողմից արված հայտարարության առնչությամբ, որտեղ նախագահականը մասնավորապես՝ մտահոգություն էր հայտնել է Իրաքի հյուսիսում եզդի բնակչության հանդեպ շարունակվող զանգվածային բռնությունների եւ դրա հետեւանքով բազմաթիվ մարդկային զոհերի փաստի առիթով, ասաց. «Մնում է, որ ՀՀ իշխանությունների հայտարարության ոգուն համապապատասխան գործողություններ արվեն եւ ուղղակի հայտարարություն չլինի: Իրականությանը համապատասխանեն եւ կատարվեն այդ գործողություները ե՛ւ ՄԱԿ-ում ե՛ւ ԵԽԽՎ-ում ե՛ւ միջազգային այլ կառույցներում հայ դիվանագետները աշխատեն այդ խնդրի ուղղությամբ»:
Կարդացեք նաև
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
22.08.2014