Չնայած հայկական արտադրողները ոգեւորվել են, որ շուտով «նվաճելու» են ռուսական շուկան, որ հիմա մեծ «շանս» ունեն այդ մեծ շուկայում ավելի մեծ տեղ գրավելու, այնուամենայնիվ, ռուսական շուկա մտնելն այնքան էլ դյուրին բան չէ, եւ այնպես չէ, որ ռուսական շուկա ինչ ուզես՝ հեշտությամբ կներմուծես, հատկապես, երբ գործը հասնում է սննդամթերքին: Մեր գործարարներին ռուսական շուկան գրավելու հույս է տվել Ռուսաստանի պատասխան պատժամիջոցները ԱՄՆ-ի, Եվրոպական երկրների, Ավստրալիայի, Կանադայի եւ Նորվեգիայի նկատմամբ, ըստ որի ՌԴ արգելվեցին նշված երկրներից գյուղմթերքներ, մսամթերքներ, կաթնամթերքներ:
«Առավոտի» հետ զրույցում Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի հանրապետության առեւտրական ներկայացուցիչ Կարեն Ասոյանը կարծիք հայտնեց, որ Ռուսաստանի շուկա մտնելը դժվար է, դուրս գալը՝ հեշտ: Այո, ռուսական շուկայից դուրս գալն այնքան հեշտ է, որ անկախ արտադրողի բարի համբավից, բրենդից կամ ապրանքի որակից, պաշտոնական Մոսկվան, հաշվի չառնելով իր քաղաքացիների ընտրության իրավունքը, կամ տնտեսության իրավիճակը, քաղաքական մի որոշումով կարող է ցանկացած արտադրողի իր շուկայից դուրս վռնդել:
Հիմա, երբ մեր արտադրողներն այսքան ոգեւորված են, եւ լրացուցիչ ռեսուրսներ են փնտրում, կառավարության աջակցությունն են ակնկալում, արդյոք ռուսական շուկայից մի օր էլ դուրս շպրտվելու վտանգ չի՞ սպառնում հայկական արտադրողին: ՌԴ–ում մեր առեւտրային ներկայացուցիչը՝ Կարեն Ասոյանը վստահ է, որ հայերին նման վտանգ չի սպառնում. «Գիտեք, Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության քաղաքական հարաբերություններն իդեալականին մոտ են: Մենք հիմա պատրաստվում ենք դառնալ Եվրասիական տնտեսական միության անդամ, դա շուկայում աշխատելը կհեշտացնի, եւ սա այն հարցն է, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ ասաց, որ ոչ մի պրոբլեմ չի սպասվում»:
Նշենք, որ օրերս Հովիկ Աբրահամյանի հետ մի խումբ գործարարներ հանդիպել են եւ քննարկել հայկական արտադրողների ու ռուսական շուկա արտահանողների հնարավորությունները, խնդիրները եւ որոշել, թե ինչպես կարող է օգնել կառավարությունն արտադրողներին: Քննարկման ժամանակ հարց է բարձրացվել ցածր տոկոսադրույքներով վարկեր ձեռք բերելու մասին, վարչապետը խոստացել է լուծել խնդիրը: Այսինքն՝ ռուսական շուկայում արեւմտյան ապրանքների դատարկ տաղավարները հայկական ապրանքներով զբաղեցնելու համար, նախ՝ արտադրության ծավալներ է պետք ավելացնել, սրա համար էլ ավելի շատ ֆինանսներ է պետք ներգրավել, ուստի էժան վարկեր են պետք: Բայց ռուսական էմբարգոն 1 տարով է, եւ հնարավոր է 1 տարուց այս էմբարգոն Մոսկվան էլի մի որոշ ժամկետով երկարացնի, հնարավոր է՝ 1 տարուց շուտ էմբարգոն վերացնի: Եւ եթե պատկերացնենք, որ հայկական արտադրողները վարկեր են վերցրել, արտադրությունն ավելացրել են ավել արտահանման համար, մեկ էլ էմբարգոն հանվում է, Արեւմուտքի ապրանքները հետ են գալիս ռուսական շուկա: Արդյոք հայկական ապրանքները կարող են մրցել եվրոպական, ամերիկյան, ավստրալիական, նորվեգական ապրանքների հետ, մեր այս հարցին Կարեն Ասոյանը հուսադրող պատասխան տվեց. «Ռուսական շուկայում, երբ ձկան վրա հայկական դրոշ է լինում, ավելի շատ է վաճառվում, քան այլ երկրներից ներմուծվածները, օրինակ մեր իշխանն ավելի լավ է վաճառվում, քան նորվեգականը, որովհետեւ ռուսները, գիտեն որ նորվեգականն ավելի վատ պայմաններում են աճեցնում, քան հայկականը»:
Կարդացեք նաև
Բացի այս, ըստ Կարեն Ասոյանի, ռուս սպառողը հասկացել է, որ եվրոպական, ամերիկյան գեղեցիկ միրգ բանջարեղենն ու այլ մթերքներն այնքան էլ համով ու օգտակար չեն. «Եւ նրանք ձգտում են հին, նախկին Սովետական տարածքի արտադրության սնունդ օգտագործել»:
Պարոն Ասոյանի ներկայացմամբ՝ հայկական միրգը Ռուսաստանում բրենդ է եւ մեծ պահանջարկ ունի եւ այն Մոսկվայի էլիտար խանութներում բավականին պահանջարկ ունի, այն էլ՝ թանկ գներով:
Վերջերս ռուսական էմբարգոյից փորձեր են անում օգտվել ու ՌԴ-ի շուկա ներմուծումն ավելացնել Թուրքիան եւ Ադրբեջանը: Այս 2 երկրներն էլ ունեն ռեսուրսներ արտահանումն ավելացնելու համար, եւ իրենց գյուղմթերքներով Հայաստանից պակաս հայտնի չեն: Այս առումով պարոն Ասոյանը եւս հանգստացնում է. ՌԴ-ում առեւտրական մեր ներկայացուցիչն այս երկրներին էլ մեզ մրցակից չի համարում: Որքան էլ Ադրբեջանի մրգերն էլ արեւահամ համարեն, ըստ Ասոյանի, հայկականին չեն հասնի. «Իրենց միրգը երբեք չի կարող մրցել հայկականի հետ, որովհետեւ հայկական միրգը բրենդ է, իսկ ադրբեջանականը՝ ոչ: Բանջարեղենը, կարող է մրցել, բայց դա էլ կախված է ճիշտ մարկետինգային քաղաքականությունից՝ գին որակ եւ այլն: Բայց ասեմ՝ մեր բադրիջանի համից երեւի թե ոչ մի տեղ չկա»: Ինչ վերաբերում է Թուրքիային՝ որպես մեզ մրցակից, պարոն Ասոյանը հիշեցրեց, որ 2 տարի առաջ Ռուսաստանում արգելվել էր թուրքական պտուղ-բանջարեղենի ներմուծումը. «Քանի որ քիմիան թույլատրելիից շատ էր: Բայց թե հիմա ինչ կլինի, չեմ կարող ասել»:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
22.08.2014