Մոտ երկուսուկես ամիս առաջ խորհրդարանական ոչ իշխանական խմբակցությունները՝ ԲՀԿ, ՀՅԴ, «Ժառանգություն» եւ ՀԱԿ, հրապարակեցին իշխանություններին ուղղված իրենց 12 կետից բաղկացած պահանջագիրը: Համատեղ մամուլի ասուլիսում, հրապարակայնորեն ստորագրելով պահանջագրի տակ, ոչ իշխանական ուժերը նաեւ հայտարարեցին, որ իրենց պահանջների կյանքի կոչման համար իշխանությանը մինչեւ սեպտեմբերի վերջը ժամանակ են տալիս: Սեպտեմբերի վերջին ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, «Ժառանգությունը» եւ ՀԱԿ-ը նախատեսում են անցկացնել համապետական հանրահավաք: Հանրահավաքում կամփոփվեն իրենց պահանջների կատարողականը եւ կորոշվեն հետագա անելիքները: Հիշեցնենք, որ 12 կետերի հիմնական մասը վերաբերում է ներքաղաքական հարցերին:
Մինչ խորհրդարանական ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչները, ԱԺ նախագահը, վարչապետը դրական գնահատականներ էին հնչեցնում քառյակի` կառուցողական դաշտ անցնելու վերաբերյալ, 12 կետերին ավելի անդրադարձավ նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը՝ հայտարարելով, որ եթե ընդդիմության նպատակը համագործակցությունն է, ապա պետք է բացառվեն «պահանջում ենք» եւ համանման այլ բառերը: Նախագահի այս դիտարկումներով 12 պահանջների թեման իշխանության համար կարծես փակվեց:
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ այն պատգամավորներից էր, ովքեր դրական արձագանքեցին ընդդիմության 12 կետերին: Երեկ «Առավոտի» հետ զրույցում պատասխանելով հարցին` ինչո՞ւ իշխանությունը որոշեց անտեսել ընդդիմության մեկնած ձեռքը, մեր զրուցակիցն ասաց, որ այդ կետերից ինչը որ հնարավոր էր կատարել արդեն իսկ կատարվում են, քանզի դրանց ՀՀԿ-ի ծրագրային դրույթներում տեղ են գտել: «Ի՞նչ է, դուք կարծում եք, թե իրենք ինչ կետ բերել էին, մենք դրանց նույնությամբ պետք է ընդառա՞ջ գնայինք: Այդ կետերի մեծ մասը եղել է կառավարության ծրագրում, բոլորին էլ անրադարձ կատարվել է, հնարավորության սահմաններում լուծումներ տրվել են, մի մասն էլ դեռ ընթացքի մեջ են: Եթե ընդդիմությունն անում է առաջարկություններ եւ դրականը չի տեսնում, ես դրանում միտում եմ տեսնում` արել են, հետագայում պատճառաբանություններ բերելու համար»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը:
«Առավոտի» տարակուսանքին եւ դիտարկմանը, որ օրինակ, ամենավիճահարույց հարցերից մեկի` պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին վերաբերվող հարցը կառավարությունը ոչ թե հանեց, ինչպես ընդդիմությունն ու հասարակությունն էր պահանջում, այլ հարկատեսակի միջոցով կիրառեց, ՀՀԿ խմբակցության ղեկավարն արձագանքեց. «Մասնակիորեն այդ հարցին անդրադարձ է եղել եւ հնարավորության սահմաններում լուծում է տրվել»: Ընդդիմությանը վերահսկողական լծակներ տալու մասին դիտարկմանն էլ ասաց. «Արդեն ասել ենք` վերահսկողությունը շատ հեշտ բան է եւ առանց պատասխանատվության վերահսկողությունը մենք բացառում ենք»:
Ինչ վերաբերվում է աշնանը հանրահավաք անցկացնելու ընդդիմության սպառնալիքին էլ, մեր զրուցակիցն ասաց, որ դա իրեն միայն ուրախացնում է. «Ընդդիմությունը եթե լինի միասնական, եթե առողջ քննադատություններ, առաջարկություններ անի, իսկ ես հուսով եմ, որ կանի, մենք միայն կուրախանանք: Նաեւ` զգաստ կլինենք: Ինչեւէ` կապրենք` կտեսնենք: Սպասենք հանրահավաքին»:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
22.08.2014