Ըստ քաղաքագետ Արմեն Գրիգորյանի` պետք է հասկանալ, թե ինչո՞ւ այդքան թանկ գնով անկախություն նվաճած, պատերազմում հազարավոր զոհեր տված ժողովուրդն ըստ արժանվույն չգնահատեց նվաճած ազատությունը:
-Օգոստոսի 23-ը ՀՀ անկախության հռչակագրի ընդունման օրն է: 1990-ից հետո մեր նորանկախ պետությունը բազմաթիվ խնդիրների միջով է անցել եւ մեծ գին է վճարել անկախությանը հասնելու համար` այլ նախկին ԽՍՀՄ հանրապետությունների համեմատ: 24 տարի անց մենք մեր պետականությունն ամրապնդեցի՞նք, թե՞ ընդհակառակը:
– Իսկապես, Հայաստանի քաղաքացիները թանկ են վճարել անկախության եւ Արցախի ազատագրության համար պայքարի ընթացքում` այլոց համեմատ. որոշ նորանկախ երկրներ ստեղծվեցին խաղաղ պայմաններում: Օրինակ, վերջին ամիսներին շատերն իրավացիորեն նշում են, որ չեն ցանկանում, որ ուկրաինական տարբերակով իշխանափոխություն տեղի ունենա` զանգվածային արյունահեղությամբ: Այո, ուկրաինացիները թանկ վճարեցին նախկինում կատարած սխալների համար. արյունահեղության հիմնական պատճառը 1991թ. նվաճած ազատությունը պատշաճ ձեւով չգնահատելն էր, գումարած նաեւ 2004թ.` առաջին Մայդանի նվաճումների փոշիացումը, բարեփոխումների իրականացման հնարավորության բացթողումը` ինչը հանգեցրել էր պետական ինստիտուտների դեգրադացմանը եւ երկիրը հասցրել անկախության կորստի եզրին:
Արյունահեղությունից խուսափելու մղումը բնական, մարդկայնորեն ճիշտ մղում է, բայց չի կարելի մոռանալ, որ Հայաստանի անկախությունն ու ազատությունն արդեն իսկ զրկանքների եւ արյունահեղության գնով էին նվաճված: 1990թ. մայիսի 27-ի սպանդն էր տեղի ունեցել, «Կոլցո» գործողությունը, ինչպես նաեւ բազմաթիվ այլ դեպքեր, երբ Մոսկվայից եկած հրամանով խորհրդային (էությամբ` ռուսական) կայսերական բանակի կողմից բազմաթիվ հայեր են սպանվել: Եվ խնդիրը միայն նոր արյունահեղությունից խուսափելը չէ, այլեւ հասկանալը. ինչո՞ւ այդքան թանկ գնով անկախություն նվաճած, այնուհետեւ Արցախի ազատագրության համար պատերազմում հազարավոր զոհեր տված ժողովուրդն ըստ արժանվույն չգնահատեց նվաճած ազատությունը` արդյունքում հայտնվելով ներկայիս անմխիթար վիճակում: Դրա պատճառները պետք է հասկանալ` արդյունավետորեն առաջ շարժվելու եւ ազատությունը վերանվաճելու համար` ընթացքում կորուստները նվազագույնի հասցնելով:
Կարդացեք նաև
Իսկ պատճառները հասկանալն իրականում դժվար չէ. պետք է վերհիշել, ովքեր են նորանկախ պետության գոյության ամենաբարդ ժամանակահատվածը շարունակ անվանել «մութ ու ցուրտ տարիներ»` փորձելով այն ժամանակ կոտրել կռվող ժողովրդի կամքը, իսկ հետագայում, ու մինչ օրս էլ` վարկաբեկել անկախության գաղափարը: Ովքեր են թուլացրել պետական ինստիտուտները` կազմակերպված կրիմինալի եւ ռուսական գործակալական ցանցի շահերը միավորող ղարաբաղյան կլանին իշխանության բերելու համար: Ովքեր են 1999թ. հոկտեմբերի 27-ին եւ 2008թ. մարտի 1-ին լրացուցիչ ծանր հարվածներ հասցրել պետականությանը` հանցագործությունները կազմակերպելով, այնուհետեւ` պարտակելով, նաեւ` հանցագործներին գովաբանելով (ինչպես «մտավորականներից» շատերն են վարվել): Վերջապես` ովքեր են հիմա զբաղված պուտինիզմի եւ եվրասիականության քարոզով ու Մինսկի խումբը վարկաբեկելով` Ռուսաստանին Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ գործարքի հնարավորություն տալու համար:
Անկախությունն ամրապնդելու համար պետք է հստակ հասկանալ, որ անկախության գաղափարը վարկաբեկողը, պետականությունը թուլացնողը, ու առհասարակ ամենամեծ վտանգը ռուսական հինգերորդ շարասյունն է, որի ներկայացուցիչների բացահայտումը եւ մեկուսացումը կենսական անհրաժեշտություն է:
– Անցյալ շաբաթ ՌԴ վարչապետը ստորագրեց կառավարության որոշումը Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի նախագծին հավանության տալու մասին: Նույնիսկ այս որոշումից հետո էլ հնչում են կարծիքներ, որ Հայաստանի առջեւ մեծ հնարավորություններ են բացվել Արեւմուտքի հետ հարաբերությունները խորացնելու: Տեսնո՞ւմ եք նման նախադրյալներ:
– Նախադրյալներ առայժմ չկան. դրանք ստեղծելու համար պետք է նախ «եվրասիական» շղարշի տակ գաղութացման գործընթացը կասեցնել: Դա կարելի է անել թեկուզ օգտվելով Բելառուսի եւ Ղազախստանի ունեցած վերապահումներից: Ամեն դեպքում, մեկուսացող Ռուսաստանի հետ առավել սերտ հարաբերություններ հաստատելը հղի է լրացուցիչ վտանգներով:
– Սերժ Սարգսյանը «Արմնյուզ»-ին տված հարցազրույցում խոսելով ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների մասին նշեց, թե ռուսաստանյան շուկայում մեծ հնարավորություններ են բացվել մեր գյուղատնտեսական մթերքներ արտադրողների համար: Կարո՞ղ է Հայաստանը մտնել ռուսական շուկա:
– Հայաստանն արտահանման ծավալները քիչ թե շատ զգալիորեն մեծացնելու հնարավորություն հազիվ թե ստանա` չնայած «նմանատիպ բիզնես-մշակույթի» սիրահար գործարարների առկայությանը: Դրա պատճառները տարբեր են: Հաշվի առնելով Հայաստանի սահմանափակ արտադրական պոտենցիալը եւ ռուսական շուկայի մեծությունը` նախկինում էլ կարելի էր ավելացնել արտադրությունն ու արտահանումը, սակայն մենաշնորհային տնտեսության, շուկայական մեխանիզմների չգործելու, ոմանց «փայ մտնելու» սովորության պայմաններում ներդրումներ կատարելու նպատակահարմարությունը վաղուց արդեն կասկածելի էր: Փոքր եւ միջին բիզնեսի անմխիթար վիճակը, վարկավորման բարդությունը, գյուղացիական տնտեսությունների տեխնիկական թույլ հագեցվածությունը եւ ժամանակակից տեխնոլոգիաների պակասը, ոռոգման հետ կապված եւ այլ ենթակառուցվածքային խնդիրները եւս զգալիորեն սահմանափակում են արտադրության ծավալը մեծացնելու հնարավորությունը: Ներդրողների համար լրացուցիչ ռիսկ է նաեւ Ռուսաստանում ցանկացած բիզնեսով զբաղվելու համար հարմար քաղաքական կոնյունկտուրայի անհրաժեշտությունը, այսինքն, ներկրման թույլտվություն ստանալու համար պետք է, որ արտահանող երկիրը ռուսական որոշակի պահանջներ կատարի, եւ ոչ ոք չի կարող երաշխավորել, որ օրինակ ԼՂՀ-ում ռուս «խաղաղարարների» տեղաբաշխումը մերժելը չի դառնա ներկրման արգելքի պատրվակ: Ցանկացած գործարար կարող է նաեւ կամայականորեն քրեական հետապնդման ենթարկվել: Եվ ամեն դեպքում, անգամ եթե որոշակի ներդրողներ կամենան ռիսկի դիմել, դա այն ոլորտը չէ, որտեղ մի քանի շաբաթվա կամ ամսվա ընթացքում հնարավոր է արտադրանքի ծավալները զգալիորեն ավելացնել: Այլ պատճառներ էլ կան, կարելի է առայժմ այսքանով սահմանափակվել:
– Սոչիում անցկացված եռակողմ հանդիպումից հետո շփման գծում կրակոցները դադարեցին: ՌԴ նախագահի կողմից Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպում իր հովանու ներքո անցկացնելը իրական խաղաղության հաստատմանն ուղղված քա՞յլ էր ձեր կարծիքով:
– Նախեւառաջ, իրավիճակի սրացումը նպատակաուղղված էր երկու հայկական կողմերի նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելուն. ինչ-որ հարմար զուգադիպությամբ այն տեղի ունեցավ հանդիպումից անմիջապես առաջ: Հատկանշական էր նաեւ, ինչպես էին ռուսական եւ ազդեցության տակ գտնվող լրատվամիջոցներն ապատեղեկատվություն տարածում եւ հատկապես` օգոստոսի 1-2-ին տեղեկացնում լայնածավալ պատերազմի մոտալուտ վերսկսման մասին` խուճապային տրամադրություններ ստեղծելու միտումով:
Թե սրացումը, թե Սոչիի հանդիպումը նպատակաուղղված էին Ռուսաստանի գերիշխանությունը հաստատելուն. ինչպես հանդիպումից առաջ ասել էր ռուսական կայսերապաշտության նվիրյալներից մեկը, «Ռուսաստանը տարածաշրջանի նայողն է» (հենց այդպես, քրեական աշխարհին բնորոշ ձեւակերպմամբ): Ռուս մի շարք փորձագետների, իսկ Սոչիի հանդիպումից հետո` նաեւ Ս. Լավրովի կողմից արվել են հայտարարություններ, որոնք նսեմացնում են Մինսկի խմբի աշխատանքը եւ նպատակաուղղված են Ռուսաստանի միակողմանի միջամտության հնարավորություն ստանալուն (սա առաջացրել է անգամ խնդրի էությունից դեռեւս 90-ականներից լավատեղյակ Վ. Կազիմիրովի եւ որոշ այլ փոքրաթիվ ռուս փորձագետների դժգոհությունը):
Կարելի է նաեւ կրկնել վաղուց հայտնի դրույթները, որոնք վերջերս տեղ են գտել նաեւ ռուսաստանցի Ալեքսեյ Մալաշենկոյի վերլուծությունում. հակամարտությունը հիմնավորում է Հարավային Կովկասում ռուսական ներկայության անհրաժեշտությունը, իսկ կարգավորման դեպքում Ռուսաստանը կկորցնի ազդեցությունը թե Հայաստանի, թե Ադրբեջանի նկատմամբ: Ռուսաստանը հարաբերական խաղաղության հաստատմամբ շահագրգռված լինել կարող է միայն տարածաշրջանի երկրներին իր ազդեցության տակ պահելու պայմանով:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
22.08.2014