Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփանակերտի ռազմամարզական վարժարանում կրթվում են ապագա սպաները. (Տեսանյութ, ֆոտոշարք)

Օգոստոս 22,2014 22:25

Ստեփանակերտի Քրիստափոր Իվանյանի անվան ռազմական ուսումնարանի տեղում պատերազմի ժամանակ ռազմական շտաբն էր: Ներկայումս այնտեղ 9-րդ դասարանն ավարտած տղաները եռամյա դասընթացներ են անցնում՝ հանրակրթական դպրոցի ծրագրով՝ գումարած ռազմական ուսուցում, վարժանքներ: Այն մեր «Մոնթե Մելքոնյան» ուսումնարանի համարժեքն է Արցախում: Սովորում են հիմնականում արցախցի երեխաները:

Արցախում դպրոցահասակ, անգամ նախադպրոցական տարիքի տղաներին, երբ հարցնում ես՝ մեծանաս, ի՞նչ ես դառնալու, ի տարբերություն Հայաստանի, գերակշիռ մեծամասնությունը պատասխանում է՝ զինվոր, կամ «վայեննի»: Իվանյանի վարժարանում այդ երազանքների իրականության սկիզբն է դրվում: Ուսումնարանն ավարտելուց հետո տղաների մեծ մասը արդեն բարձրագույն ռազմական ուսումնական հաստատություն է գնում սովորելու, հիմնականում՝ Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիա:

PrevPhoto
NextPhoto

Ուսումնարանի բակում փակցված են Արցախի եւ Հայաստանի հերոսների նկարները, հայրենասիրական զգացումներ արթնացնող մտքերով պաստառներ:

Հայաստանից Արցախ մեկնած լրագրողների խումբը մեկ գիշեր անցկացրեց ուսումնարանում: Սաները արձակուրդում էին, սակայն նոր ընդունվողները արդեն սկսել էին նախապատրաստական դասերը: Այստեղ ուսումը գիշերօթիկ է, երեխաները երկուշաբթի առավոտյան գալիս են դասի, մնում են մինչեւ ուրբաթ երեկո: Այստեղ սնվում են, սովորում, քնում: Պայմանները զորանոցային են, սովորում են: Զուր չէ, որ պատերին փակցված էր Սուվորովի խոսքերը՝ «դժվար՝ ուսման մեջ, հեշտ՝ մարտի դաշտում»: Ուսումնարանում դասավանդող սպաներից մեկն ասաց, որ երեխաների վարքի հետ կապված խնդիրներ գրեթե չեն ունենում, սակայն մեծ խնդիր է նրանց կրթական որակը. «Պատկերացրեք, 9-րդ դասարանի երեխային հարցնում եմ՝ 7 անգամ 8 ինչ է անում, ասում է՝ պարոն մայոր, ավելի հեշտ հարց տվեք էլի: Դպրոցից գալիս են լրիվ բոբիկ, անգամ սեփական անուն-ազգանունն են դժվարանում գրել: Այստեղ շատ ենք աշխատում, հանրակրթական գիտելիքներից բացի ընդհանուր դաստիարակություն ենք տալիս: Քիչ թե շատ աչքաբաց, գիտելիք ունեցող երեխաները միանգամից աչքի են ընկնում»:

Ուսումնարանը վերանորոգվում էր, պատերն էին ներկում, դահլիճ կառուցում: Լրագրողներս ընթրեցինք եւ նախաճաշեցինք ուսումնարանի սաների համար նախատեսված ճաշարանում: Ամեն ինչ պատշաճ էր, նույնը՝ ինչ զինվորների համար: Ընթրիքին՝ վերմիշելով եւ բրնձով փլավներ, խաշած տավարի միս, պանիր, կարագ, թթվասեր, կանաչեղեն, ամառային սալաթ, հատուկ զինվորների համար արտադրված կետչուպ, թեյ, հաց, լիմոնադ եւ հանքային ջուր: Նախաճաշին՝ ձու, կարագ, պանիր, կաթնաշոռ-թթվասեր, հնդաձավարով եւ բրնձով փլավներ: Թերեւս միայն պլաստմասսայե բաժակներով թեյը՝ եռման ջրի եւ պլաստմասայի շփման արդյունքում առաջացած տհաճ համի պատճառով, չհավանեցինք: Ավելի ուշ՝ Արցախի բանակի թիկունքի պետն ասաց, որ ալյումինե բաժակները փչանում էին, այլ տեսակի բաժակներ հնարավոր չէ լինեն՝ կոտրվում են, միակ դիմացկուն եւ լավ տարբերակը այդ պլաստմասսան է:

 

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Dr. H. says:

    տհաճ համից բացի, քիմիական նյութեր էլ կարող են անցնել ջրին պլաստմասայե բաժակից

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031