Այսօր Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում մեկնարկ տրվեց «Անանուն թմրամոլներ» միջազգային կազմակերպության մշակած «12 քայլ» ծրագրին: Տեղեկացնենք, որ կազմակերպությունը գործում է 60 տարի` կամավորական սկզբունքով, գոյատևում է սեփական միջոցներով ֆինանսավորմամբ և հուշանվերների վաճառքից ստացվող հասույթով: «Ծրագրի հիմքը յուրաքանչյուր մարդու ճիշտ ապրելակերպի 12 քայլերն են», – ասաց նախկին թմրամոլ, հասարակության հետ կապերի բաժնի ռուսաստանյան ներկայացուցիչը: Վերջինս առավել կարևորեց հոգևոր գործոնը իրենց առօրյայում:
Ծրագրի շրջանակներում հատուկ ուշադրության են արժանանում կախվածություն ունեցողների հարազատները, որոնք, հոգևոր հովիվ Տեր Գրիգորի բնորոշմամբ, «ավելի հիվանդ են և բուժման կարիք ունեն»: Նրանց հնարավորություն է տրվում ընտրելու խորհրդատու, ով կօգնի իրենց դուրս գալ ճգնաժամից:
Խոսելով Հայաստանում նման կառույցների գործունեության հեռանկարների մասին` Զորավոր Սբ Աստվածածին եկեղեցու քահանա Տեր Գրիգոր Գրիգորյանը նշեց, որ 3 տարի առաջ հիմնադրված «Ցերեկային կենտրոն» են դիմում հարյուրավոր թմրամոլներ և ՁԻԱՀ-ով հիվանդներ: Նրա համոզմամբ` կախվածություն ունեցող անձը, դարձի գալով, ձեռք է բերում կայուն հոգևոր արժեքներ, որոնք հետագայում չեն փոխվում: «Մեր համայնք են դիմել տարբեր մարզերից մարդիկ` Կոտայքից, Գեղարքունիքից. Արարատից: Գյումրիում ու Վանաձորում այժմ վխտում են էժանագին թմրանյութերը»: Այն հարցին, թե ինչու՞ շրջաններում չեն հիմնադրվում նման կառույցներ, Տեր Հայրը հավելեց. «Այդ մասին թող մտածեն հոգևոր առաջնորդները»:
Կարդացեք նաև
Անի ԱՆՏՈՆՅԱՆ