Այսօր՝ օգոստոսի 22-ին, Արարատյան Հայրապետականթեմի առաջնորդարանում տեղի ունեցավ «Թմրամոլության վնասներն ու դրանցից ձերբազատվելու ուղիները» թեմայով քննարկում: Այն կազմակերպել էին Արարատյան Հայրապետակայն թեմի «Ցերակային կենտրոնը» և մամլո դիվանը:
Քննարկմանը մասնակցում էին «Անանուն թմրամոլներ» միջազգային կազմակերպության ռուսաստանյան ներկայացուցիչները, ՀՀ առողջապահության նախարարության, ԵՀԽ հայաստանյան Կլոր Սեղան հիմնադրամի, Հայկական Կարմիր խաչ ընկերության, Նարկոլոգիական կլինիկայի, ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի, «Դրական մարդկանց հայկական ցանց» ՀԿ ներկայացուցիչներ:
ԱՀԹ «Ցերեկային կենտրոնի» տնօրեն Տ. Գրիգոր քահանա Գրիգորյանը Տերունական աղոթքով սկսեց հանդիպումը, ապա ներկաներին փոխանցեց Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությունը: Տեր հայրը ներկայացրեց ԱՀԹ «Ցերեկային կենտրոնը», որ 2011թ հիմնադրվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ, Տ. Նավասարդ Սրբազանի ու ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ: Կենտրոնը զբաղվում է թմրամոլների և ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց ու նրանց հարազատների հետ հոգևոր և հոգեբանական աշխատանքների կազմակերպմամբ:
«Անանուն թմրամոլներ» միության ներկայացուցիչները խոսեցին իրենց կազմակերպության մասին, որ մասնաճյուղեր ունի աշխարհի 135 երկրներում: Դրանց շահառուների թիվը հասնում է շուրջ 65 000: Անդրադառնալով «12 քայլ» միջազգային ծրագրին՝ նրանք պատմեցին, որ դրա միակ նպատակն է թմրամոլի մոտ բուժվելու և թմրադեղերից հրաժարվելու ցանկություն առաջացնել: Ամբողջ աշխարհում ծրագիրն իրականացնում են նախկին թմրամոլներ, ովքեր հավասարը հավասարի խորհրդատվություն ու աջակցություն են ցուցաբերում թմրանյութերից կախվածություն ունեցողներին: Նրանք բժիշկներ չեն և միայն իրենց կյանքի ու փորձի օրինակով են մարդկանց կարողանում ցույց տալ դեպի ազատագրում տանող ճանապարհը:
Կարդացեք նաև
Աշխարհի բազմաթիվ երկրներում ծրագիրը գործում է եկեղեցիներին կամ հոգևոր կենտրոններին կից: Հյուրերի խոսքով՝ իրենց կազմակերպությունը կրոնական չի, սակայն հոգևոր է, քանի որ յուրաքանչյուր մարդու համար հոգևոր արժեքների վերագտնումն է օգնում վերադառնալ բնականոն կյանք: «Անանուն թմրամոլներ» կազմակերպության մասնաճյուղերը գործում են թե քրիստոնյա, թե մուսուլմանական, թե այլ կրոն դավանող երկրներում:
«Անանուն թմրամոլներ» միության ներկայացուցիչները Հայաստանում են ԱՀԹ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ և «Ցերեկային կենտրոնի» տնօրեն Տ. Գրիգոր քահանա Գրիգորյանի հրավերով՝ Հայաստանում հիմնելու «12 քայլ» ծրագիրը:
Որպես ծրագրի մեկնարկ այսօր երեկոյան ԱՀԹ «Ցերեկային կենտրոնում» նրանք կանցկացնեն փակ խումբ-քննարկում, որին կմասնակցեն միայն թմրամոլները: Վաղը նույն կենտրոնում կկազմակերպվի բաց խումբ-քննարկում թմրամոլների, նրանց հարազատների և բոլոր ցանկացողների համար:
Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվան