Երբ խորհրդարանական վեց խմբակցությունների ներկայացուցիչները ԱԺ նախագահի գլխավորությամբ այցելեցին Տավուշի մարզի սահմանամերձ գյուղեր, որոշվեց, որ առաջիկայում խմբակցությունների ներկայացուցիչները համատեղ փաթեթ կներկայացնեն կառավարությանը՝ սահմանամերձ գյուղերին արտոնություններ տալու վերաբերյալ:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի օրենսդրական նախաձեռնությունն արդեն պատրաստ է: Նա շրջանառության մեջ է դրել «ՀՀ սահմանապահ համայնքների մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկում է սահմանամերձ գյուղերի բնակիչներին 50 տոկոս զեղչ տրամադրել գազի, էլեկտրաէներգիայի, խմելու եւ ոռոգման ջրի համար, առաջարկում է ազատել հողի հարկից եւ անշարժ գույքի գույքահարկից, նաեւ տրամադրել առողջապահական անվճար ծառայություններ:
Aravot.am-ի հետ զրույցում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը Նիկոլ Փաշինյանի այս նախաձեռնության հետ կապված ասաց, որ դա պահանջված է. «Բայց ես կարծում եմ, որ պետք է համալիր ծրագիր մշակվի, որտեղ կմատնանշվեն բոլոր տնտեսական, բարոյական խթանները, որոնք կնպաստեն գյուղական շրջանների, հատկապես սահմանամերձ գյուղերի զարգացման գործին: Ուստի որպեսզի դա բարի ցանկությունների շարքին չդասվի, այդ հարցը համալիր ուսումնասիրության կարիք է զգում, առավել եւս, որ վերջին տարիներին առանձին արտոնություններ սահմանամերձ գյուղերին տրվել են: Պետք է իրենց փորձն էլ ուսումնասիրվի, թե դրական ինչ ազդեցություն են թողնում, առավել բարենպաստ ո՞ր արտոնություններն են անդրադարձել այդ գյուղերի բնակչության տեղերում մնալու խնդրի լուծմանը, խթանել բնակչության աճը: Դա շատ լուրջ վերլուծական աշխատանք պահանջող ծրագիր է: Գաղափարը ինքնին, իհարկե, ողջունելի է: Բայց այդ գաղափարը որ զուտ գաղափար չմնա, երկարաժամկետ լուծում ունենա, դա պետք է համակողմանի վերլուծեն թե՛ տնտեսագետները, թե՛ գյուղատնտեսները, թե մշակույթի ոլորտի գործիչները: Դա շատ լուրջ ծրագիր է, անգամ առաջիկա տարիների համար բախտորոշ ծրագիր է, ուստի պետք է ավելի լուրջ մոտեցում լինի խնդրի առարկայի վերաբերյալ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Լուսանկարը «Պեռնո Ռիկար Արմենիայի» ֆեյսբուքյան էջից
Կարդացեք նաև