Կինոռեժիսոր Արշակ Զաքարյանն իր յոթնամյա որդու հետ նոր է վերադարձել Քարվաճառից և պատրաստվում է փաստավավերագրական ֆիլմեր նկարահանել սահմանային վերջին իրադարձությունների մասին:
Նա այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ մի առանձին ֆիլմ կնվիրի միայն Քարվաճառի «105» զորամասին, և, ամենայն հավանականությամբ, ֆիլմը հենց զորամասի անունով էլ կկոչվի՝ «105»:
Ա. Զաքարյանն ասում է, որ հենց որդու հետ զորամաս գնալն ինքնանպատակ չի եղել. «Մենք բոլորս էլ գնում ենք մարտի դաշտ՝ երազանքով, որ դա վերջին անգամն է, և մեր որդիներն էլ չեն գնա, բայց պատմությունը մեզ սովորեցրել է, որ դա կարծես թե մեր ճակատագիրն է: Մեր հայրերը Հայրենական պատերազմ գնալիս էին մտածում, որ դա վերջին պատերազմն է, մենք Ղարաբաղյան պատերազմի ժամանակ էինք այդպես մտածում, բայց հիմա մենք չգիտենք՝ մեր որդիներին ինչ է սպասվում: Դրա համար էլ ես ուզում եմ, որ տղաս պատրաստ լինի թեկուզ պատերազմի, իսկ եթե նա այս տարիքում արդեն ինչ-որ չափով ծանոթ է զինվորական կյանքին, վառոդի հոտն զգացել է, զինվորի նման կանգնել է մարտական պահակակետում, քնել ու արթնացել է զինվորի կողքին, նրա հացից է կերել… Մի խոսքով՝ ապրել է զինվորական ռեժիմով, վաղը բանակ գնալիս էլ չի վախենա, չի լացի, չի ասի՝ դժվար է»,- համոզված է Ա. Զաքարյանը:
Հանրությանն իր գեղարվեստական ֆիլմերով հայտնի կինոռեժիսորը որոշել է վավերագրական ֆիլմ նկարահանել՝ ինչ-որ տեղ նաև ապագա զինվորների աչքերը բացելու համար. «Բոլոր երեխաները չէ, որ բախտ ունեն գնալու դիրքեր, տեսնելու այն, ինչ իմ տղան տեսավ (ես դա համարում եմ բախտ, հաջողություն նրա համար): Ես ուզում եմ, որ մեր մյուս երեխաներն էլ գոնե ֆիլմով տեսնեն դա, չվախենան բանակից, տեսնեն՝ ինչպիսին են զինվոր-սպա հարաբերությունները»,- բացատրում է Ա. Զաքարյանը և հավատացնում, որ այդ հարաբերությունները հիմնականում լավ են: Իսկ «վատ» զինվորների առկայությունը, ըստ նրա, ոչ թե բանակի մեղքն է, այլ դաստիարակության և, մասնավորապես, ընտանեկան դաստիարակության. «Ենթադրենք, թե մենք դաստիարակում ենք մի ստահակի, ուղարկում ենք նրան բանակ, որտեղ այդ ստահակը հասցնում է նրան, որ տալիս-գլուխը ջարդում են, հետո մենք սկսում ենք մեղադրել սպային: Սպան ի՞նչ մեղք ունի. եթե դու տասնութ տարի չես կարողացել դաստիարակել քո տղային, չես կարողացել նրան հասկացնել, որ պիտի հարգի դիմացինին, սիրի ընկերոջը… դու ուզում ես, որ մի քանի ամսում ինչ-որ սպա նրան դարձնի ոսկի մա՞րդ: Դա հնարավոր չէ»,- ասում է Ա. Զաքարյանը:
Կարդացեք նաև
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Արշակ Զաքարյան, կարգին մարդ, կարգին հայ: