Լրահոս
Օրվա լրահոսը

«Վովա Գասպարյանը վախեցել էր, նրա աչքերի մեջ էդ վախը տեսա». Շանթ Հարությունյան

Օգոստոս 22,2014 16:24

«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի եւ ընկերների գործով դատական նիստի ընթացքում դատավոր Մնացական Մարտիրոսյանը հնարավորություն տվեց ամբաստանյալ Վարդան Վարդանյանին շարունակել դատական նիստի սկզբում կիսատ թողած հայտարարությունը:

«Նախորդ դատական նիստին ասացի, որ Վովա Գասպարյանը եկել է քննչական սենյակ, մեծ բազմությամբ ու ամենավերջին խոսքերով հայհոյում ու հարվածում էր: Քննչականի պետ Տոնոյանն էլ էր ներկա ու եւս երկու երիտասարդ քննիչ: Նրանք չեն խառնվել այդ գործողություններին: Իմ հայտարարությունից հետո ոստիկանները գնացել են մեր շենք, հարեւաններից ճշտել են ում հետ եմ մոտիկ, հետո հետաքրքրվել են մեր ընտանիքով՝ մինչեւ զոքանչ, աներ, աներձագ: Մի խոսքով յոթ պորտով հետաքրքրվել են, վախեցրել են, մարդկանց նեղություն են տվել: Տղաս, որը Ղարաբաղի պաշտպանության բանակի ավագ լեյտենանտ է, կանչել են հրամանատարի մոտ, սպառնացել են, բա թե քո կարիերան քեզ չի՞ մտահոգում եւ այլն: Հետո ասել են՝ չե՞ս կարողանում այնպես անել, որ հայրդ անուններ չտա: Տհաճ իրադարձություններ են տեղի ունենում, որոնք շատ լուրջ հետեւանքներ են ունենալու: Ի՞նչ է նշանակում սպային կանչել պատասխանատվության հոր արածի համար: ՊԲ հրամանատարն էլ , ՊՆ նախարարն էլ անելիքներ ունեն այս հարցում»:

Վերջում էլ ասաց՝ հանգիստ թողնեն իր հարազատներին. «Իմ ընտանիքի անդամները գործ չունեն սրա հետ, սա ամենավատ հաշվեհարդարի տեսակն է, եթե բան ունեն ասելու, թող գան ու ինձ ասեն: Սենց բաներ մենակ KGB-ն կարող է անել ու մարսել:
Հիմա տղուս ստիպում են, որ էստեղ Վովայի անունը չտա՞մ, ես մինչեւ վերջ Վովայի անունը տալու եմ»:

Շանթ Հարությունյանն էլ շարունակեց, թե ոստիկանները վախից էին ձեռքները իրենց վրա բարձրացրել.«Ոստիկանությունում ոստիկանապետի աչքերի մեջ էդ վախը տեսել եմ, ինքը վախեցած էր: Մեզ դրդում են գործողությունների: Հիմա հայտարարում եմ՝ հետագա գործողությունների պատասխանատվությունը մենք չենք կրելու, այլ իշխանությունները: Իշխանությունները ուզում են այստեղ Ուկրաինա՞ դառնա: Մեզ փոխհամաձայնության տեղ չեն թողնում: Կնստենք, դուրս կգանք էլի կանենք հեղափոխություն: Իրենք վախից են հիմա էլ երեխեքին կպնում:

Այն ինչ ուզում են տեսնեն Երեւանի փողոցներում կտեսնեն՝ սկսած Սերժից վերջացրած Վովայից»:

Դատավորը սաստեց անկարգությունների կոչեր անելու համար, բայց Շանթ Հարությունյանն ասաց՝ դեռ անկարգությունների կոչեր չի անում. «Բայց կգա ժամանակը ոչ թե անկարգությունների կոչեր կանեմ, այլ ավտոմատներով, գնդացիրներով Երեւանը կլցվի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031