Լրահոս
Օրվա լրահոսը

«Վովա՛, հիշիր փետրվարի 3-ը». Շանթ Հարությունյանը՝ ՀՀ ոստիկանապետին

Օգոստոս 22,2014 15:23

«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը մեղադրանքի ապացույցների մի մասը լսելուց հետո այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նոր հայտարարություն արեց:

Նա նախ ասաց, թե Հայաստանում չկա արդարադատություն, այլ հաշվեհարդարի ստեղծման ինստիտուտ: Հետո պատմեց, որ մարդիկ էլ երկրում կատարվող անարդարությունները տեսնելով՝ «բեսեդկաներում» նստած իրար հարցնում են, թե մեկը չկա՞ գնա պայքարի:

«Հայաստանի իշխանությունները զավթելով, հանցագործությամբ են իշխանության հասել, բայց ես հո չէի կարող գնայի, ասեի՝ դուք կեղծել եք ընտրությունները. ինձ կբռնեին կծեծեին»:

Հետո հասավ իր նախաձեռնած հեղափոխության շարժառիթին ու պնդեց, որ որոշել էին պայքարել, բայց արյուն չթափել Երեւանի փողոցներում. «Բայց դա չի բացառում երբեւէ արյուն չթափելուն, որոշել էինք արյուն չթափել Երեւանում, դա թողել էինք ոստիկանների վարվելակերպի վրա»:

Հետո անդրադառնալով ոստիկանական բաժանմունքում իրեն ուղղված սպառնալիքներին՝ ասաց, որ իրեն սպառնացողների բարոյական նկարագիրը զրոյացած է. «Զարմացած ու վախեցած չեմ, ոչ էն ժամանակ, ոչ էլ հիմա չեմ բողոքում: Ինձ ոստիկանական բաժանմունքում ասում էին հարազատներդ խնդիրներ կունենան, ասացի՝ բացի տղուցս ուրիշ հարազատ չունեմ: Կողքիս կանգնած ոստիկանները փոխանակ սաստեին ինձ սպառնացողին, ասում էին ՝ տղեն կողքի սենյակում է: Ինձ սպառնացողն էլ ասաց՝ հեսա բերեմ աչքիդ առաջ փրթիկ-փրթիկ կանեմ տղուդ»:

Շանթ Հարությունյանը նաեւ փորձեց հայտարարություն անել՝ ուղղված ՀՀ ոստիկանապետին, բայց այն կիսատ մնաց. «Վովա՛, հիշիր փետրվարի 3-ը, այդ օրը իմ ծննդյան օրն է»:

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը սաստեց նրան, ասաց գործի վերաբերյալ հայտարարություններ անի, բայց Շանթ Հարությունյանին չկարողանալով լռեցնել՝ ընդմիջում հայտարարեց:

Դատական նիստի ընթացքում ամբաստանյալ Վարդան Վարդանյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը նաեւ շարունակեց Վարդանյանի ասածները ու պատմեց, որ նախորդ դատական նիստին իր պաշտպանյալի հայտարարությունից հետո սպառնացել են Վարդանյանի՝ ԼՂՀ-ում կադրային սպա որդուն:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031