ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության՝ գերիների «փոխանակման» մասին հայտարարությանը. «Դեռևս Բաքվի շուկայում չենք գտնվում և առևտրով չենք զբաղվում։ Մենք խստորեն պահպանում ենք մարդասիրական հումանիտար սկզբունքները և նախապայմաններ չենք ներկայացնում ու ընդունում։ Ուղղակի հարգելով Կարմիր խաչի կազմակերպության ջանքերը այդ ուղղությամբ՝ պարբերաբար դիմում ենք վերջինիս աջակցությանը ՀՀ և ԼՂՀ քաղաքացիների վերադարձը կազմակերպելու համար։ Ադրբեջանի տվյալ պաշտոնյայի հայտարարությունը գռեհիկ ապատեղեկատվություն է»։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը Հայաստանի պաշտպանության նախարարությանն առաջարկել է Ադրբեջանում գտնվող, 5 հոգուց բաղկացած հայկական ընտանիքը եւ Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի դիակը փոխանակել Շահբազ Գուլիեւի, Դիլգամ Ասկերովի, նաեւ Հասան Հասանովի դիակի հետ: АПА գործակալություն հաղորդմամբ այս մասին նշել է Ադրբեջանի փոխվարչապետ, Ադրբեջանի փախստականների եւ հարկադրված տեղափոխվածների պետական կոմիտեի նախագահ Ալի Հասանովը: Այս մասին գրում է ադրբեջանական haqqin. az կայքը: