Լրահոս
Օրվա լրահոսը

«Դիմումն ընդունել են, բայց նպատակային սոցվճարը պահել». «Դեմ եմ»-ի անդամ

Օգոստոս 22,2014 14:30

Օգոստոսի 19-ին եւ 20-ին ֆինանսների նախարարության թեժ գիծը ստացել է 2917 հեռախոսազանգ: Պատճառը հարկային մարմնին էլեկտրոնային եղանակով փոխանցվող հաշվետվությունների, ինչպես նաեւ նպատակային սոցիալական վճարումների ընթացքում ծագած խնդիրներն են:

Այսօր այդ առնչությամբ «Մեդիա կենտրոնում» քննարկում էր կազմակերպվել՝ «Դեմ եմ» նախաձեռնության անդամների մասնակցությամբ: Քննարկմանը հրավիրվել են նաեւ ֆիննախից ներկայացուցիչներ, սակայն նախարարությունից պատասխանել են, որ լիազորված պաշտոնյաներն արձակուրդում են:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նպատակային սոցիալական վճարներից հրաժարվելու այդ էլեկտրոնային դիմումի հետ կապված «Ընդդեմ կենսաթոշակային 5 % պարտադիր վճարին» ֆեյսբուքյան էջում ֆլեշմոբ էր կազմակերպվել: Շարժման անդամներից մեկի՝ հաշվապահ Շողեր Բաբայանի խոսքերով՝ «Հուլիսի մինչեւ 31-ը ոչ մի ընթացակարգ չունեին, ամսի 31-ին կառավարությունը որոշեց, որ պետք է արվի էլեկտրոնային տարբերակով: Մի քանի օր անց ֆինանսների նախարարության այն հայտարարությունն ենք կարդում, որտեղ գրված է, որ օգոստոսի 15-ին ծրագիրը պատրաստ կլինի: Ամսի 16-ի ուշ երեկոյան ծրագիրը նոր եղել է, նոր սկսել են հաշվապահներն աշխատել: Դա եղել է ոչ աշխատանքային օր: Ունեցել ենք ընդամենը 2 օր, որ մեր հարցերին պատասխաններ ստանանք եւ սկսենք ներկայացնել հաշվետվությունները: Նախարարությունից ասել են, որ 18 հազար հաշվետվություն է եղել: Ստացվում է, որ ամբողջ Հայաստանը նստած է եղել այդ ծրագրի վրա, բնականաբար, պիտի ծանրաբեռնվեր»:

Շողեր Բաբայանը նշեց, որ բազմաթիվ խնդիրներ են առաջացել՝ ծրագրից օգտվելու արդյունքում. «Կան դեպքեր, որ նպատակային սոցվճարից հրաժարվելու աշխատողի դիմումն ընդունվել է, սակայն հաշվետվության մեջ սոցվճարն արվել է: Դա գուցե տեխնիկական խնդիր է, այլ կերպ չենք կարողանում բացատրություն գտնել»:
Իրավաբան Սուրեն Պարսյանն ասաց, որ պրակտիկայում բազմաթիվ խնդիրներ են ի հայտ գալիս եւ այս կարճ ժամանակահատվածում նման նոր համակարգ ներդնել չէր կարելի:
Շողեր Բաբայանի խոսքերով՝ 1996-ի հունվարի 1-ից հետո ծնվածների հետ կապված խնդիր կա. «Օրենքում ասվում է, որ ընդամենը իրենց եկամտային հարկից պետք է նվազեցվի 5 տոկոս սոցիալական նպատակային վճարը: Այսինքն, ըստ էության, հաշվետվության ձեւի մեջ պետք է եկամտային հարկը պահվի 19.4 տոկոս եւ 5 տոկոս սոցիալական նպատակային վճարը, սակայն դա չի կատարվել, 24.4 տոկոս է պահվել: Լրացուցիչ բեռ է ավելացել գործատուի վրա: Գործատուները ահազանգել են ՊԵԿ, ՊԵԿ-ից ասել են, որ հիմա ծրագիրը նորմալ չի աշխատում, սպասեք մինչեւ կարգավորվի: Իրենք էլ պատրաստ չեն այս «ռեֆորմին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031