«Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ-ի աշխատակիցները նախորդ ուրբաթ խոստացված աշխատավարձին եւս մեկ շաբաթ սպասեցին:
Նրանց խոստացվել էր մինչեւ օգոստոսի 15-ը աշխատավարձ վճարել, սակայն՝ ապարդյուն:
Aravot.am-ը «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ-ի ամոնիակի սինթեզի արտադրամասում հերթափոխի պետ Հրաչիկ Մարտիրոսյանից տեղեկացավ, որ, այնուամենայնիվ, խնդրի լուծման ուղղությամբ այսօրվա դրությամբ որոշակի տեղաշարժ կա:
«Մի քանի օր առաջ որոշեցինք գործարանում հավաքվենք, տեսնենք՝ ինչ քայլեր ենք անում: Կարողացանք կապվել Արմեն Մովսիսյանի հետ, նա խոստացավ, որ հաջորդ օրը առավոտյան հեռախոսազանգով մեզ հետ խոսի».-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Հրաչիկ Մարտիրոսյանը:
Կարդացեք նաև
ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախկին նախարար, ՀՀ նախագահի խորհրդական Արմեն Մովսիսյանը, սակայն, զանգահարել է երեկ երեկոյան եւ փոխանցել, որ գումարի հարցը լուծված է:
«Երեկ երեկոյան Արմեն Մովսիսյանը զանգել է մեր աշխատակիցներից մեկին, փոխանցել է, որ գումարի հարցը լուծված է, մնում է փոխանցումներն արվեն: Եթե հավատանք, գումարի հարցը լուծված է»,-տեղեկացրեց գործարանի աշխատակիցը:
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ